Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովում՝ խախտումներ. պետբյուջեի մուտքերը թերի են եղել

Ապրիլ 11,2015 22:27

ՎՊ-ն բացահայտել է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոքր ՀԷԿ-երին լիցենզիա է տվել պակաս-պռատ փաստաթղթերով

Վերահսկիչ պալատի (ՎՊ) 2014 թվականի հաշվետվությունում այս անգամ էլ ուշագրավ խախտումներ են ներկայացված: ՎՊ-ի ուսումնասիրությունները 2013-2014 թվականներին են վերաբերում:

Ի թիվս այլ ոլորտների, ՎՊ-ն ուսումնասիրել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործառույթները, պետական բյուջեի հաշվին  կատարված ծախսերը, ինչպես նաեւ բյուջետային մուտքերի ապահովումը եւ որոշ խախտումներ արձանագրել: Ըստ այդմ, էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունները կայանի կառուցման ժամանակահատվածի համար պարտավոր են ներկայացնել երաշխիք, իսկ լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտավոր են  այդ երաշխիքից հաշվարկված գումարը (երաշխիքի 50% կամ 100%) սահմանված կարգով փոխանցել պետական բյուջե:

«Ընտրանքային ստուգման արդյունքում պարզվել է, որ առանձին կազմակերպություններ կառուցման ժամկետները խախտելու համար ֆինանսական երաշխիքից որպես տույժ պետական բյուջե չեն փոխանցել կամ պակաս են փոխանցել 48,149.5 հազ. դրամ»,-նշված է հաշվետվությունում: Այս 48,1 միլիոն դրամից մոտ կեսը ՎՊ-ի ուսումնասիրության ընթացքում երկու ընկերություն պարտքերը պետբյուջե մարել են, իսկ Բուռ Գրուպ» ՍՊԸ-ի փոքր հիդրոէլեկտրակայանի մասով վճարման ենթակա գումարը կազմում է 23,275.0 հազ. դրամ, «Իփրա» ՍՊԸ-ի փոքր հիդրոէլեկտրակայանի մասով վճարման ենթակա գումարը կազմում է 3,187.5 հազ. դրամ: Այսինքն՝ պետական բյուջե դեռեւս ենթակա է վճարման 26,4 միլիոն դրամ:

Վերահսկիչ պալատը բացահայտել է նաեւ, որ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ընթացքում թվով 6 կազմակերպություն տարբեր ժամանակահատվածների համար չեն ներկայացրել պահանջվող ֆինանսական երաշխիք, սակայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դրանց նկատմամբ վարչական վարույթներ չի հարուցել եւ յուրաքանչյուր դեպքի համար չի նշանակել օրենքով սահմանված 250.0 հազ. դրամից մինչեւ 500.0 դրամ տուգանք:

Հանձնաժողովը, ինչպես նշված է ՎՊ հաշվետվությունում, փոքր ՀԷԿ-երի  սեփականատերերին դրանց կառուցման եւ արտադրության համար տրամադրել է լիցենզիա առանց ջրատարների օգտագործման մասին համապատասխան պայմանագրերի առկայության:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողի հեռահաղորդակցության ոլորտում ոչ պատշաճ աշխատանքի պատճառով, ինչպես նշված է հաշվետվությունում, պետական ռեսուրսն արդյունավետ չի կառավարվել, ինչի արդյունքում էլ լրացուցիչ բյուջետային մուտքեր չեն կատարվել:  ՎՊ-ն արձանագրել է, որ հանձնաժողովը պարտավոր է ռադիոկապի առնչությամբ ռադիոհաճախականությունների տիրույթի` իրեն հատկացված մասից տրամադրել ռադիոհաճախականություններ որոշակի նպատակների համար, ընդ որում  հրապարակային ծանուցումից եւ դիտարկումների ստացումից հետո կազմակերպել ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ եւ նպատակային օգտագործում: ՎՊ-ն պարզել է, որ հանձնաժողովը այդ տիրույթների տրամադրման համար ոչ մրցույթ, ոչ էլ աճուրդ չի հայտարարել եւ չի կազմակերպել:

2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ռադիոհաճախականությունների օգտագործման վճարի ապառքը կազմել է 42,2 միլիոն դրամ, որն ընկերությունների կողմից ենթակա է վճարման պետական բյուջե: Վերահսկողության ընթացքում և արդյունքում 56 կազմակերպության նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ եւ  արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն է ներկայացվել 36,8 միլիոն դրամի բռնագանձման պահանջ:

Ըստ ՎՊ հաշվետվության, լիցենզավորվող գործունեություն իրականացնելու համար 24 կազմակերպությունների մասով  առաջացած 52,9 միլիոն  դրամի չափով պետական տուրքի ապառքը ենթակա է վճարման պետական բյուջե: Թե որոնք են այդ ընկերությունները, ՎՊ-ն անուններ չի տալիս:

ՎՊ-ի ստուգմամբ պարզվել է, որ «Սևան-Հրազդանյան ջրառ», «Շիրակ ջրմուղ կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Ախուրյան-Արաքս ջրառ» եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներին ջրային համակարգի օգտագործման թույլտվությունները հանձնաժողովը տրամադրել է սահմանված կարգի պահանջների խախտումով: Որոշ տվյալներ եւ փաստաթղթեր ընդհանրապես չեն ներկայացվել կամ ներկայացվել են թերի և ուշացումով: Հանձնաժողովի թերացումներից ՎՊ-ն նշել է, ոչ դեռ չի սահմանվել «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագները:

ՎՊ-ն անդրադառնալով ՀԾԿՀ-ի, այսպես ասած՝  պետբյուջե ֆինանսներ բերելուն, ապա նշել  է, որ կա դրական տեղաշարժ այդ առումով,եւ թերհավաքված գումարներն, ի տարբերություն նախորդ վերահսկողության, նվազել են, այն հաշվետու ժամանակահատվածում կազմել է 143,3 միլիոն դրամ, որից վերահսկողության ընթացքում վճարվել է 21,6 միլիոնը: ՎՊ-ն արձանագրել է, որ Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցը պետական բյուջեից իրեն հատկացված գումարները ազնվորեն է ծախսել, համենայնդեպս, ՎՊ-ն, ինչպես գրված է հաշվետվությունում, խախտումներ չի արձանագրվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930