Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտասահմանում ստեղծագործող հայազգի արտիստների հետ համագործակցությունը կշարունակվի». Անդրանիկ Արզումանյան

Ապրիլ 11,2015 22:06

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց իր մեկամյա գործունեությունը Թատրոնի տնօրենի պաշտոնում և ներկայացրեց առաջիկա ծրագրերը:

«Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գործունեությունը վերջին մեկ տարվա ընթացքում առանձնացավ կառուցվածքային փոփոխություններով. Թատրոնի աշխատանքը բարելավելու նպատակով ստեղծվեցին նոր բաժիններ, բարձր մակարդակով կազմակերպվեց ստեղծագործական կոլեկտիվների ատեստացիայի գործընթացը, զգալիորեն ավելացվեց արտիստների աշխատավարձը»,- ասաց Ա. Արզումանյանը:

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում թատրոնի արտիստները հյուրախաղերով հանդես են եկել աշխարհի մի շարք հեղինակավոր բեմերում, սակայն տարվա մեծագույն հաջողությունը, ըստ Օպերային թատրոնի տնօրենի, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացումն էր, որն արժանացել է ռուսաստանյան հեղինակավոր բալետային քննադատների և հանդիսատեսի բարձր գնահատականներին:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Թատրոնում պարբերաբար ելույթ են ունենում նաև արտասահմանյան տարբեր երկրներում ստեղծագործող հայազգի նշանավոր օպերային և բալետային արտիստներ, որոնց հետ համագործակցությունը կշարունակվի»,- նշեց Ա. Արզումանյանը:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները վերջին մեկ տարվա ընթացքում ելույթներով հանդես են եկել հանրապետության մարզերում և սահմանամերձ զորամասերում. «Նրանք զգալի ներդրում ունեցան նաև Շուշիում Ա. Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի բեմադրության գործում»,- նկատեց Օպերային թատրոնի տնօրենը:

Ընթացիկ թատերաշրջանը նվիրվել է մեծանուն օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի 90-ամյա հոբելյանին: «Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցան նաև Գոհար Գասպարյանի և Էլվիրա Ուզունյանի հոբելյանական երեկոները: Առաջիկայում Թատրոնում կկազմակերպվեն ՀՀ ժող. արտիստ Բելլա Հովնանյանի և ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանի հոբելյանական երեկոները»,- ասաց Ա. Արզումանյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930