Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այս տարի վարձակալության սկզբունքով Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնից Հայաստան կբերի Վերդիի «Դիմակահանդեսը»:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
«Երկու-երեք տարով վարձակալությամբ վերցնում ենք «Դիմակահանդեսի» դեկորացիաները: Ներկայացման ռեժիսորներն էլ կգան Հայաստան՝ տեղի արտիստների հետ ներկայացումը բեմադրելու: Ուզում ենք, որ մեր երիտասարդ արտիստները տեսնեն, թե ինչպես են աշխատում դրսում»,- ասաց Կ. Դուրգարյանը:
Նրա խոսքով՝ իրենք արդեն ծրագրել են, թե մինչև 2017 թվականը ինչ ներկայացումներով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ավելի մոտ ապագայի ծրագրերին, արդեն տեղեկացրել ենք, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլը հայտարարվել է ոգեկոչման ու հիշատակի ամիս, և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում թատրոնում մի շարք միջոցառումներ են նախատեսված, որոնց այսօր անդրադարձավ Օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ապրիլի 18-ին հայազգի նշանավոր դիրիժոր Գևորգ Փեհլիվանյանի ղեկավարությամբ տեղի կունենա «Մեծ համերգ»:
Ապրիլի 21-ին Օպերային թատրոնում բացառիկ հնարավորություն կստեղծվի ուղիղ կապի միջոցով հետևելու Փարիզում տեղի ունենալիք «Գալա համերգին», որը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ապրիլի 24-ին՝ ուղիղ կեսգիշերին, թատերական հրապարակում Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը կներկայացնեն Է. Հովհաննիսյանի «Անտունի» օրատորիան:
Ապրիլի 26-ին տեղի կունենա «Հայը աշխարհի կոմպոզիտորների օպերաներում» թատերականացված համերգը:
Օպերային թատրոնի տնօրենի խոսքով՝ առաջիկայում կվերականգնվեն նաև Ա. Ադանի «Ժիզել» բալետային ներկայացումը և Գ. Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան:
«Այս տարվա ընթացքում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ընթացիկ խաղացանկը կհամալրվի պրեմիերաներով:
Մինչև տարեվերջ հանդիսատեսին կներկայացվեն Ժ. Բիզեի «Կարմեն», Պ. Մասկանիի «Գեղջկական ասպետություն» և Ռ. Լեոնկովալոյի «Պայացներ» օպերաները, ինչպես նաև հավաքական երաժշտությամբ «Երկու արեգակ» բալետային ներկայացումը»,- ասաց Ա. Արզումանյանը՝ տեղեկացնելով նաև, որ 2015 թվականին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում նախատեսում են անցկացնել օպերային և բալետային արվեստի «Բարեկամների փառատոն»՝ արտասահմանից հրավիրված դիրիժորների, մեներգիչների և Թատրոնի կատարողական ուժերի մասնակցությամբ:
Օպերայի և բալետի թատրոնի 50 հոգուց կազմված արտիստական խումբը նախատեսում է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան առաջիկայում ներկայացնել Հայաստանի մարզերում, սահմանամերձ զորամասերում և արտասահմանյան մի շարք երկրներում:
Ընթացիկ տարում կբացվի նաև Օպերային թատրոնի թանգարանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Սիրանուշ ջան, ԼԵՈՆԿԱՎԱԼՈ: