Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզային թվային ցանցին միանալու դեպքում հեռուստաընկերությունները պետք է ամսական 500-900 հազար դրամ վճարեն

Ապրիլ 11,2015 21:41

Համապատասխան տեխնիկա ձեռք բերելու համար մարզային հեռուստաընկերություններին ՀՌԱՀ-ն առաջարկում է 20 հազար դոլար վճարել

Մարզային հեռուստաալիքները, որոնց արտոնագրերը լրանում են 2015 թվականի հուլիսի 1-ին, ապրիլի 11-ին հրավիրել էին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով:

«Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն Մնացական Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի օր առաջ հանդիպման ընթացքում ՀՌԱՀ նախկին նախագահ, «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը իրենց առաջարկել է միանալ մարզային թվային ցանցին, սակայն միանալու համար հեռուստաընկերությունները պետք է համապատասխան տեխնիկա ձեռք բերեն, որն արժե մոտավորապես 20 հազար դոլար, մինչեւ ի հայտ կգա մասնավոր մուլտիպլեքսոր:

«Գումարած դրան ամսական պետք է 500-900 հազար դրամ վճարեն: Հսկայական գումարներ է կազմում, կարծում եմ՝ ոչ մեկը ի վիճակի չէ վճարել»,- հայտնեց պարոն Հարությունյանը:

Նա նշեց, որ հանդիպման ընթացքում հեռուստաընկերությունները առաջարկի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել: Պարոն Հարությունյանը համարում է, որ առաջարկն անորոշ է. «Անորոշությունն այնքան շատ է, Ամալյանն էլ հստակ հարցերին չպատասխանեց: Այս ամենի մեջ եթե-ները շատ էին: Արմավիրի «Ալտ» հեռուստաընկերությունը գտավ, որ շատ ավելի էժան տարբերակով կարելի է այդ ամենը կատարել»:

«Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը մեզ հայտնեց, որ «Լոռի» հեռուստաընկերության համար այդ առաջարկը շատ լավ տարբերակ է. «Մենք միանշանակ այս ուղղությամբ ենք գնում: Ամբողջ հարցը նրանում է, որ արտոնագիրը պատրաստվում են վեց ամսով երկարացնել, որովհետեւ սա պետք է կառավարություն գնա, որից հետո նաեւ Ազգային ժողով: Այսինքն` մինչև հունիսի 1-ը չեն հասցնի, հետեւաբար՝ կարծում եմ՝ արտոնագրերի ժամկետը կերկարացնեն մինչեւ դեկտեմբերի 31-ը»:

Նարինե Ավետիսյանի խոսքերով՝ 20 հազար դոլարը կամայական գին չէ, իսկ ամսական 900 հազար դրամ վճարումը նա թանկ է համարում. «Ես չգիտեմ, թե ինչ հաշվարկ են արել, ասում են՝ մինչեւ հիմա այդ գումարը թվային հեռարձակողները վճարում են: Բայց կարծում եմ, որ այդ գինը հիմնավորել են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930