Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես Օպերայի գլխավոր դիրիժորն եմ, դրա համար դիպլոմ ունեմ և ինչ-ինչ բաներ շտկելու իրավունք». Կարեն Դուրգարյան

Ապրիլ 11,2015 19:19

«Օպերայի և բալետի թատրոնում 80-90 հազար դրամ աշխատավարձ ստացող արտիստից չես կարող պահանջել, որ ինչ-որ որակ տա: Հետևաբար՝ իմ՝ որպես Օպերային թատրոնի տնօրենի, և, իհարկե, Մշակույթի նախարարության առաջնահերթ խնդիրն այդ ֆինանսական հարցն ինչ-որ չափով լուծելն էր. եթե նախկինում միջին աշխատավարձը 80-90 հազար դրամ էր, ապա վերջին մեկ տարվա ընթացքում այն հասել է 250-300 հազար դրամի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը՝ վստահեցնելով, որ իրենց արտիստներն այսօր ավելի ապահովված են, իսկ մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Օպերային թատրոնի արտիստները մեծ հոսքով դուրս են գալիս աշխատանքից, Ա. Արզումանյանը ժխտում է. «Դա սուտ է. ես կարող եմ մատներիս վրա հաշվել, թե տարվա ընթացքում քանի հոգի են թատրոնից գնացել: Եվ դեռ հարց է՝ նրանք թատրոնի՞ց են նեղացած գնացել, թե՞ ուղղակի Հայաստանից են հեռացել»,- ասաց նա:

Հարցին՝ ինչ մթնոլորտ է այժմ տիրում Օպերայի և բալետի թատրոնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ ժամանակ առաջ սահուն չէին աշխատակազմ-ղեկավար հարաբերությունները, Ա. Արզումանյանը պատասխանեց. «Ղեկավարի առաջնահերթ խնդիրն է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ հաճույքով գան աշխատանքի: Դա մի ուրիշ երջանկություն է, երբ մարդը հաճույք է ստանում իր աշխատանքից: Կարծում եմ՝ հիմա այնպիսի մթնոլորտ է Օպերային թատրոնում, որ թույլ է տալիս արտիստին միայն իր գործով զբաղվել, ուղեղը չծանրաբեռնել այլ խնդիրներով: Մեր թատրոնում շուրջ 620 մարդ է աշխատում, և նրանց մեջ, բնականաբար, կարող են լինել միմյանց սիրող ու չսիրող մարդիկ: Ես միշտ ասել եմ, որ այդ սերը պետք է լինի աշխատանքից հետո՝ Թատրոնից դուրս: Իսկ ներսում մենք բոլորս պետք է լինենք քույրեր ու եղբայրներ»,- նշեց նա:

«Թատրոնում մենք այնպիսի հարազատական վերաբերմունք ունենք միմյանց նկատմամբ, որ շատ հեշտությամբ ենք կարողանում միասին աշխատել,- վստահեցրեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը:- Նրանք (նկատի ունի Անդրանիկ Արզումանյանին և Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին – Ս. Հ.) ինձնից երիտասարդ են և ինձ որպես ավագի են հարգում, ես էլ՝ որպես ավագ, ասում եմ՝ իմ զավակներն են: Մեր հարաբերությունները հիանալի են»:

Դիտարկմանը, թե Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի որոշ աշխատակիցներ դժգոհ են գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի աշխատանքից, ինչպես նաև իրենց հանդեպ ունեցած վերաբերմունքից և դա պայմանավորում են նրա «մենաշնորհային» գործունեությամբ, Կ. Դուրգարյանը պատասխանեց, որ թատրոնն ընդհանրապես թիմային աշխատանք է պահանջում, և այդ թիմն այսօր ձևավորման փուլում է. «Այդ առումով մենք խնդիրներ չունենք, և ամենակարևորը՝ մտածում ենք մեկ ուղղությամբ»,- հավելեց նա՝ նկատելով, որ յուրաքանչյուր ներկայացում ունի իր պատասխանատու դիրիժորը, և ներկայացման՝ կյանքի կոչվելուց առաջ ունկնդրումն ու շտկումներ անելը մենաշնորհ չէ. «Երբ ձեր խմբագիրը ստուգում է ձեր նյութը և ինչ-ինչ ուղղումներ անում կամ էլ ասում, որ այն չպետք է հրապարակվի, դա համարո՞ւմ եք մենաշնորհ: Ես Օպերայի գլխավոր դիրիժորն եմ, դրա համար դիպլոմ ունեմ և կարծում եմ՝ գոնե ինչ-ինչ բաներ շտկելու իրավունք ունեմ»,- ասաց Կ. Դուրգարյանը:

«Երբ Օպերային թատրոնը Մարինյան թատրոնում «Գայանե» բալետ պիտի ներկայացներ, ես ներկա էի նվագախմբի փորձերին: Զարմանքս ու հիացմունքս շատ մեծ եղան, երբ տեսա՝ ինչպես ընդամենը երկու փորձով նրանք կարողացան երեք ակտանոց այդ բալետը նվագել: Ապշելու բան էր տեսնելը՝ ինչպես են նրանք աշխատում, ինչպես է Դուրգարյանը ղեկավարում նրանց աշխատանքը: Երևի, Երևանում այնքան չենք գնահատում նրանց աշխատանքը, բայց երբ դրսում ենք լինում, այլ աչքով ենք նայում, տպավորությունն ուրիշ է լինում: Իսկ այստեղ մտածում ենք՝ մեր Դուրգարյանն է, էլի, կուզենք՝ կքննադատենք, կուզենք՝ այս կգրենք, կուզենք՝ այն կգրենք»,- հավելեց Վիլեն Գալստյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930