«Ո՞վ է ասում, որ միայն պարով են հայ մեծացնում: Եթե սյունեցիները «Շուրջպար» չունեն, «Յարխուշտա» չեն պարում, հա՞յ չեն: Թումանյանի հեքիաթներով հա՞յ չեն մեծացնում, մենք մեր համալսարանում հա՞յ չենք մեծացնում: Ուրեմն Ազնավուրը պիտի Գինոսյանի մոտ «Կարնո շորոր» սովորի՞, որ հայ դառնա»,- ասում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Բերդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը՝ արձագանքելով ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանի այն մտքին, որ իրենք ոչ թե պարի մասնագետներ են կրթում, այլ հայ են մեծացնում:
Հիշեցնենք, որ հանրակրթական 13 դպրոցներում այժմ փորձնական (պիլոտային) կարգով դասավանդվում է «Ազգային երգ ու պար» առարկան: Ծրագիրը, որի հեղինակը Գագիկ Գինոսյանն է, վերջին շրջանում դարձել է քննարկումների և բանավեճերի առարկա:
«Մի առիթով ծնողներից մեկն ինձ ասաց, որ իր երեխան ոչ միայն պարի առարկայից է զզվում, այլև ատում է իրենց դասարանի լավ պարողին: Հասկանո՞ւմ եք՝ երեխային սխալ հոգեբանությամբ են մեծացնում: Երեխային սկզբնական ուսուցում տալու փոխարեն միանգամից ասում են՝ «Կարնո քոչարի» պարիր, երեխան էլ չի կարողանում ու դրանից հուսահատվում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Գևորգյանը:
«Սա ոգու դաս չէ, պարի դաս է: Եկեք նախ այդ հարցը լուծենք, հետո նոր ոգու հարցը»,- իր հերթին նշեց պարարվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը և հավելեց, որ ծրագիրը ներդնողներն ասում են, թե պրոֆեսիոնալ կերպով պարարվեստով զբաղվողների թաթերը ձգված են, կեցվածքը ցից-ցից է, և առաջարկում են պարել այնպես, ինչպես մեր պապերն են պարել: «Ա´յ մարդ, մեր պապերը՝ ռանչպար մարդիկ, աշխատանքից հոգնած եկել են և ով ինչպես կարողացել է, այնպես էլ պարել է: Բայց այսօր մենք խոսում ենք մի բանի մասին, որը փոխանցելու ենք մեր երեխաներին. դա էլ է գրագիտության մի տեսակ»,- նշեց Գագիկ Կարապետյանը՝ ընդգծելով, որ ամեն մեկն էլ մշակում է այդ պարերը, ուրիշ հարց է, որ ամեն մեկն իր հնարավորությունների, տաղանդի չափով է անում դա. «Օրինակ` այն, ինչ դուք եք անում, ինձ դուր չի գալիս, բայց ես չեմ ասում դրա մասին: Ձեր խումբն է, ոնց ուզում եք, արեք, բայց մեզ ասում եք՝ թաթերը, կեցվածքը ձգում եք»:
Կարդացեք նաև
Գ. Կարապետյանը գտնում է, որ այս առարկայի ներդրման հետ կապված սխալն ամենասկզբից է եկել. «Հանձնաժողովում, որը հաստատել է այս ծրագիրը, հավաքվել են մարդիկ, բայց պարի ոչ մի պրոֆեսիոնալ մասնագետ: Եղել են միայն Գինոսյանը, որը պրոֆեսիոնալ պարող չէ, և Գագիկ Մխիթարյանը, էլ ոչ ոք: Այնինչ, ծրագիրը գիտական հիմնարկում պիտի կազմվեր: Հայաստանում պարարվեստի ամբիոնն է միայն, որ զբաղվում է պրոֆեսիոնալ պարի դասավանդմամբ: Ուրիշ համալսարաններում էլ կան նման բաժիններ, պետք է նրանց կարծիքն էլ հարցնեին, պարի մասնագետների առաջարկները հավաքեին»,- ասաց նա՝ հավելելով, որ իր համար ինչ-որ չափով հասկանալի է, որ Գագիկ Գինոսյանն է պար դասավանդում, քանի որ նա ուսումնասիրել է պարը, «ինչ-որ բան գիտի», բայց երբ նրա աշակերտներն են դասավանդում, որոնցից մեկն իրավաբան է, մյուսը՝ բժիշկ, երրորդը՝ հացթուխ, նրա համար ընդունելի չէ. «Շաբաթը երկու անգամ պարապմունքի են գնում, հետո արդեն դպրոցի ուսուցիչներին են վերապատրաստում, որոնք պետք է դասավանդեն երեխաներին: Ու շղթան այսպես աղավաղվում է: Սա արհամարհանք է պարի նկատմամբ»,- կարծում է Գ. Կարապետյանը:
Նա հավատացնում է, որ ոչինչ չունի Գ. Գինոսյանի դեմ: Ողջունում է նրա գործունեությունը, բայց գտնում է, որ խումբ ունենալը, համերգին պարելը մի բան է, ծրագիր գրելն ու դպրոց տանելը՝ լրիվ այլ բան. «Խնդիրը նրանում է, որ երգն ու պարը միացնելով՝ պարի մասնագետները, որոնք սովորում են պարարվեստի ամբիոնում, դուրս են մնում»,- ասաց նա:
«Հարցը միայն դրանում չէ,- հավելեց Կարեն Գևորգյանը.- բանն այն է, որ երգն ու պարն առանձին մշակույթ են: Ցանկացել են մի բան անել, բայց ձեռի հետ են արել՝ մտածելով, որ կանցնի, բայց չի անցնի, որովհետև մեծ սխալներ կան: Մենք լրատվամիջոցներից ենք իմացել, որ ծրագիրն արդեն ներմուծվել է դպրոց, և որ դրա համար կազմվել է համապատասխան «մասնագիտական» հանձնաժողով: Մենք զարմացանք, երբ իմացանք, որ մեր պրոֆեսորադասխոսական կազմն ընդգրկված չէ համապատասխան հանձնաժողովում»:
Կ. Գևորգյանն ասում է, որ ինքը 90-ականներից սկսած հանդիպումներ է ունեցել ՀՀ կրթության և գիտության բոլոր նախարարների հետ. «Երբ Աշոտ Բլեյանն առաջարկեց ինձ իր դպրոցում այս նույն ծրագիրը ներմուծել, ես գնացի այդ դպրոց, ուսուցիչների հետ վերապատրաստման դասեր անցկացրի, բայց մեկ շաբաթ հետո ասացի, որ բան դուրս չի գա, քանի որ պարուսույցը պետք է այդ գործով զբաղվի: Ես Արմեն Աշոտյանի հետ էլ եմ հանդիպել, բանավոր արտահայտել եմ հարցի հետ կապված իմ մտահոգությունները, գրավոր երկու նամակ եմ հղել, բայց արձագանք չկա»,- ասաց Կ. Գևորգյանը՝ վստահեցնելով, որ Կրթության և գիտության նախարարությունում ստում են, երբ ասում են, որ իրենց էլ են հրավիրել այդ հանձնաժողով. «Հենց վարչապետը հայտարարեց ծրագրի մասին, ես մոտեցա նրան ու Արմեն Աշոտյանին և ասացի, որ պարարվեստի ամբիոնը պատրաստ է ներգրավվել այդ ամենի մեջ, Աշոտյանն էլ ասաց՝ ժամանակը կգա, մենք քեզ կհրավիրենք: Բայց մենք լրատվամիջոցներից ենք իմացել, որ «մասնագիտական» հանձնաժողով է ստեղծվել, որից բացակայում ենք, և ծրագիրն արդեն ներմուծվել է դպրոց»:
Իսկ ներմուծված ծրագիրը, Կ. Գևորգյանի ձևակերպմամբ, խայտառակություն է. «Ո´չ պարերն են ճիշտ ընտրված, ո´չ դրանց ուսուցման սկզբնական կանոններն են պահպանված: Եվ այստեղ ոչ միայն Կրթության և գիտության նախարարության մեղքը կա, այլև ծրագիրն իր վրա վերցնողի: Եթե ինձ այսօր առաջարկեն տիեզերագնացության ամբիոն ղեկավարել (դե, ծանոթ ունեմ, իսկ այսօր գիտեք էլի՝ ոնց է ամեն ինչ արվում. ոչ թե «ով կարող է դա անել», այլ «ով է ուզում անել» սկզբունքն է գործում), ես ի՞նչ բարոյականություն պիտի ունենամ, որ այդ ծանրությունը վերցնեմ իմ ուսերին: Ես դրա մասնագետը չեմ, ես ինչպե՞ս կարող եմ նման ծրագիր գրել: Սա վիրավորանք է ՀՀ պարարվեստի բոլոր մանկավարժների համար»,- ասաց Կ. Գևորգյանը՝ վստահեցնելով, որ ինքը դեմ չէ մարդկանց պարելուն, հայկական պարի տարածմանը, անհրաժեշտության դեպքում օգնում էլ է նրանց, բայց դեմ է պարի «գռեհիկ ձևով» ներկայացմանը. «Դուք տեսե՞լ եք՝ այդ խմբերում աղջիկներն ինչ սարսափելի բղավոցներ են արձակում… Մեր պարը խոհեմ է եղել, դրա համար է ասվում՝ նաիրյան աղջիկների հեզաճկուն պար: Դրանք չպետք է այդպիսի ագրեսիվությամբ ներկայացվեն. ոգին ներսում պետք է լինի»,- ասաց Կ. Գևորգյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Այո հայ մեծանում են նաև այլ առումներով, բայց դուք հո չե՞ք հերքում, որ պարով ևս հայ են մեծանում, պարով ևս ոգի են փոխանցում:
Իմ կարծիքն եմ ասում, պարող ազատամարտիկների հոլովակներն նայելով ես ավելի եմ ոգևորվում քան դասական պրոֆեսիոնալ պարային հոլովակներով,,, պարի միջի համպատրաստի իմպրովիզներն ինձ շատ ավելի են դուր գալիս, քան ճշգրիտ ուղղված շարժումներն, սա իմ կարծիքն է:
Դուք խոսում էք երգ ու պար իրար հետ լինելուց,,,,, լավ եկեք առանձնացնենք, հետևաբար ստացվեց 3 տարբեր առարկա: Հիմա կբացատրեմ թե ինչպես,: Մեկ հատ երգ, մեկ հատ էլ պար: Բա մի հատ էլ առարկա այն երգերի համար որոնք պարով են ուղեկցվում:Եղավ երեք: Հա մոռացա ֆիզիկայիցեկեք հանենք ամեն ինչ ինչ կապ ունի մաթեմատիկայի հետ, երկրաչափությունն բաժանեն հարթաչափության և տարածաչափության………. Հոյակապ է:
Դուք խոսում եք աշակերտներից և այնքան տարբեր օրինակներ բերում, որ քիչ է մնում ուրախանամ որ պիլոտային ծրագրից անցել ենք հիմնական ծրագրի, որ բոլոր դպրոցներում արդեն դասավանդում են, դե ոմանք էլ բողոքում են…. Իհարկ է շատ ավելի շատ են դրական արձագանքներն, որոնց մասին չեմ խոսա:
Խոսում էք ոչ պրոֆեսիոնալ ծրագրի մասին,,,, միայն խոսում էք, ընդամենըմի անգամ մի ծրագրում փաստարկ բերեցիք թե գյովնդը թաղման պար է և վե՞րջ: Դա՞ է ձեր փաստերն որ ծրագիրն ոչ պրոֆեսիոնալ է:
Այժմ դասավանդողներին անցնենք: Դուք պրոֆեսիոնալներդ միացեք, միայն փնովում եք: Ինչքան գիտեմ Գ.Գինոսյանն ասեց պատրաստ է, գնացեք դուք ևս դասավանդեք և կստացվի դիպլոմավորված դասատուներ:
Վերջում կուզենամ ավարտել հետևյալով
Բոլորս մեկս մեկին ուժ ու եռանդ տանք, մեկս մեկիս կողքը կանգնենք,,,,,
Լավ, եթե անդրադառնանք իրենց՝ պրոֆեսիոնալների արված գործին. քանի՞ տարի է աշխատում եք, կրթում եք պրոֆեսիոնալ պարուսույցներ, կարո՞ղ եք ասել, թե քանի՞ սովորական շարքային հայ է ձեզնից որևէ պարային շարժում սովորել կամ ավելին, քանի՞ հոգի կարող է բեմին վայել կատարել այդ ամենը՝ ՛՛ձգված թաթերով ու ուղիղ մեջքով՛՛: Ե՞րբ եք վերջին անգամ ներկա եղել այնպիսի միջոցառման, որտեղ գոնե 5 շարքային հյուր (այլ ոչ նախկին կամ ներկայիս պրոֆեսիոնալ պարող ) կարողան նույն շարժումը անել, գոնե մի պար միասին պարեն: Չկա նման բան, որովհետեև պրոֆեսիոնալ, դասական էլեմենտներով հագեցած պարը չի կարող կատարվել և՛ երիտասարդի ու տարեցի, և՛ կանանց ու տղամարդկանց կողմից միանման, որովհետև զուտ ֆիզիկապես դա անհնար է !!!!! Բոլորը (առավել ևս միջին ու բարձր տարիքի քաղաքացիները) չունեն նույն ֆիզիկական պատրաստվածությունն ու ճկունությունը: Մարդ ամաչում է, անգամ քրդերն են (ազգ որ նախրապան է եղել ողջ կյանքում) իրենց հարսանիքներին միասնական շուրջպար բռնում, իսկ մենք էլ եկել պատմական հայրենիքի կռիվ ենք անում:
Ցանկացած սկսնակ հոգեբան գիտի, որ երբ որևէ խմբում ինչ-որ միասնական աշխատանք է արվում, այն էլ ժամանցային բնույթի, խումբն ավելի միահամուռ ու ամուր է դառնում: Պարը շատ ուժեղ զենք է, և, ինչպես տեսնում եք, աշխարհում լայն տարածում ունի պարային թեապիան:
Այսպիսով, մեր միակ ելքը ազգագրական պարն ու երգը ուսուցանելու մեջ է, ու, եթե ոմանք փորձեն մի կողմ դնել մանկապարտեզի երեխաներին հատուկ նեղացած աղաղակումներին և օգնության ձեռք մեկնեն, մենք կունենանք նաև պրոֆեսիոնալ ուսուցանողներ դպրոցներում:
Հիշելով Չարենցին՝ ՛՛Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է՛՛, մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ հատուկ աշխատանք է տարվում այն ուղղությամբ, որ երբեք չհասնենք միասնականության, որ երբեք հաղթական չլինենք:
Պարոնայք „գիտությունով“ պարողներ, շատ սահմանափակ եք մտածում, բացվեք, թե չէ ձեր մտքերը բան չեն ասում, կռնատ են
Գինոսըանը շեշտում է որ այս ծրագիրը ազգային երգ և պարը պահպանելու համար է։ Աչքիս մտածում է որ դեռ 18 դարում ենք ապրում և պահպանման միակ միջոցը մատաղ սերնդին սովորեցնելն է և նրանց միջոցով սերնդեսերունդ փոխանցելը։ Նա բազմիցս ապացուցել է որ տրամաբանությամբ և մտածելակերպով դեռ 18-րդ դարը չի հաղթահարել, բայց հիմա գոյություն ունեն այնպիսի տեխնոլոգիաներ որոնցով կարելի է ձայնագրել և հավերժ պահ տալ սերունդներին և ինչպես որ գյուղացուց են ձայնագրում պարը նման ձևով այն բեմ հանել պետք չէ։ Այն պետք է զարգացնել, մշակել և գեղեցկացնել թե չէ աշխարհից հետ կմնանք ու մի օր էլ կհայտնաբերենք որ աֆրիկյան ինչ-որ տեղաբնիկ ցեղերի մակարդակի մշակույթ ունենք (բնավ չեմ ցանկանում նվաստացնել այդ ցեղերին, ուղղակի նրանց ավելին պետք չէ, որ պետք լիներ հաստատ կստեղծեին)։ Ազգային արվեստի փառատոններ կանցկացվեն եվ մենք այդ ցեղերի հետ կլինենք նույն Ճ կարգի ենթախմբում։ Որպես ասածիս ապացույց կբերեմ Գինոսյանի հետևյալ կատարումը Karin – Chalme Dange ( Netherlands concert ) Կարին – Չալմը Դանգը ( Հոլանդիա ) (youtube): Սենց աֆրիկյան ցեղերի մակարդակի պար առաջին անգամ եմ տեսնում։ Մի պահ ինձ հիշեցրեց Հյուսիսային պողոտայում մեկ-մեկ ելույթ ունեցող ամերիկյան հնդկացիների կատարմամբ պարը, հլը այնտեղ ավելի սիրունա, իրանց գոնե պետուրներով են զարդարել ու մեկ էլ գոնե տակտից չեն ընկնում։
Չեմ կարծում, որ հայկական ոգին վայրենիությունը և նախնադարյանությունն են, միուս բոլոր ազգերին ստորադասելը, ուսյալին և կրթությունը արհամարելը, համաշխարհային պարային և ոկալային դարավոր արժեքներին ձեռք առնելը, սահմանափակ մտածելակերպ ունենալ, զարգացման ցանկության բացակայությունը։ Հայերը միշտ էլ ձգտել են քաղաքակիրթ լինել, շփվել են և հարգել մյուս ազգերին, ձգտել են կրթության, երբեք չեն առհամարհել համաշխարհային քաղաքակրթության ձեռքբերումները, չեն ունեցել սահմանափակ մտածելակերպ, ձգտել են զարգացման։ Իսկ Գինոսյանի մեջ այս ոչ հայեցի մտածելակերպը ամենավառն է արտահայտված։ Պարերում՝ վայրիություն և նախնադարյանություն, խոսքերում՝ մյուս ազգերին ստորադասում, մտքերում՝ ուսյալներին և կրթություն ստացածներին առհամարում, մտածելակերպում՝ համաշխարհային մշակույթային ժառանգությանը անհաղորդություն, սահմանափակ մտածելակերպ, ցանկություններում՝ զարգացման բացակայություն։
Տպավորություն է ստեղծվում, որ վերջին մեկնաբանությունները գրողները հատուկ մի քանի կրթություն են ստացել նման բարդ ու բարդագույն ստորադասական նախադասություններ կազմելու համար: Նախ ,,արհամարհել,, ու ,,փետուրներ,, բառերի ճիշտ գրությունը սովորեք, ապա մարդկանց արած գործերից խոսեք ու փնովեք: Համաշխարհային ու ազգային մշակույթի թեմայով Ձեր դեսերտացիաներից էլ մինչև կոկորդներս կուշտ ենք:
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ երբ նազո՜ւմ են աղջիկներն ու կռանում՝
Սասնա ձորից ջո՜ւր են բերում, ա՛րտ քաղհանում.
Երբ ոտքի տակ տղաների հո՛ղն է թնդում՝
Հոտաղները Սասնա սարում գա՜յլ են խեղդում.
Երբ խռնվում՝ ասես ամպրո՜պ պայթի սարում՝
Այդ ոսո՛խն է նրանց գյուղերը պաշարում.
Երբ միանում՝ բե՛րդ են դառնում շինված քարից՝
Այդ ոսոխին ե՜տ են քշում Անդոկ սարից.
Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում, ծա՛փ են տալիս՝
Մահվան վիհից դեպի կյանքի ա՜փ են գալիս…
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի երկրի հի՜ն պատմություն,
Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտությո՛ւն,
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ
Ու այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի…
Հասկացա՛ն ու ասին ի լուր ողջ աշխարհի,
-Հալա՜լ է քեզ,
Սասո՛ւն, պարի՜…
Երևի Գևորգ Էմինը այս հրաշք ստեղծագործությունը Ձեր ասած բեմական պահվածքին ու ձիգ ոտնաթաթերին է նվիրել, բայց մոռացել է դրա մասին գրել: Չեք ուզում պարել, նստեք տանը: Եթե երեխան ,,զզվում,, է իր դասընկերոջից միայն նրա համար, որ իրենից լավ է պարում, ապա շնորհավորում եմ նրա ծնողներին, ,,հիանալի,, երեխա են դաստիարակել: Հարգելի Կարեն Գևորգյան, իմ համեստ կարծիքով դա գովելի արարք չէ, պետք չէ դրա մասին ամենուր ոգևորված պատմել: