Ճարպակալումը եւ անորեքսիան շարունակում է մնալ հիվանդությունների առաջին շարքերում: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում կլինիկական հոգեբան Արմինե Փաշայանը նշեց, որ փաստ է մնում այն, որ ճարպակալումը եւ անորեքսիան հոգեբանական խնդիրներ են, որոնք արտոցոլվում են մարդու մարմնի վրա. «Սա է պատճառը, որ ավելորդ քաշը բուժվում է միայն այն դեպքում, երբ այդ հոգեբանական խնդիրները լուծվում են»:
Արմինե Փաշայանը վստահեցնում է, որ մարդիկ, ունենալով հոգեբանական խնդիրներ, փորձում են լուծել ավելի հաճախ մեծ ծավալով սնունդ օգտագործելով, որն էլ հանգեցնում է ճարպակալման:
Դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանն էլ վստահեցնում է, որ անորեքսիան եւ ճարպակալումը 20-րդ դարի համաճարակներ են. «Անորեքսիան չհաստատված, իրենց կյանքից դժգոհ, ոչ ինքնավստահ մարդկանց մոտ է ավելի հաճախ հանդիպում»:
Ինչ վերաբերում է ավել քաշ ունեցող անձանց՝ ապա դա գալիս է էնդոկրին համակարգի խանգարումներից եւ ավել քաշ ունեցող մարդիկ առաջին հերթին պետք է դիմեն էնդոկրինոլոգներին. «Եթե միջին դարերում ժանտախտն էր վերացնում մարդկանց, ապա հիմա ճարպակալումն է այդ դերը ստանձնել: Այդ խնդիրը հիմա շատ տարածված է երեխաների մոտ, իսկ նախկինում երբեք չի եղել»:
Կարդացեք նաև
Ճարպակալումը շատացել է ուրբանիզացիայի պատճառով, վստահեցնում է մասնագետը. «Դա մեծ քաղաքներում կուտակումների հետեւանք է, դա տեխնիկական առաջընթացի հետեւանք է եւ որքան կյանքը զարգանա, այնքան խնդիրը կշատանա: Դա կբերի կյանքի որակի անկման եւ կյանքի տեւողության կարճացման: Ճարպակալում ունեցող մարդկանց կյանքը 15-20 տարով կրճատվում է»:
Երիտասարդ տղամարդկանց մոտ էլ ավելի հաճախ են նկատվում ճարպակալումներ, որը սխալ ապրելակերպի հետեւանք է: Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ դրա պատճառով սիրտ-անոթային հիվանդությունները ավելի են երիտասարդացել. «30 տարեկան տղամարդիկ ինֆարկտների եւ ինսուլտների հետեւանքով կարող են զրկվել աշխատելու, նորմալ ապրելու իրավունքից, միայն ճարպակալության պատճառով»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ