Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Իրանը նորից ինտեգրվի միջազգային հանրությանը, ապա Ղարաբաղի հարցի հետ  կապված Իրանի ձայնը ավելի լսելի կլինի»

Ապրիլ 11,2015 15:15

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության արդյունքում Իրանը կդադարեցնի ուրանի հարստացումը։ Ըստ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ վերջնական համաձայնությունը կկայանա, քանի որ համագործակցության երկու կողմերն էլ շահագրգիռ են:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ այն տեսակետն ունի, որ շատ հավանական է, որ պայմանագիրը կյանքի կոչվի, սակայն խոչընդոտներ շատ կլինեն՝ այդ թվում Իսրայելի կողմից. «Այնուամենայնիվ աշխարհի զարգացումներն ասում են, որ պայմանագիրը կյանքի կկոչվի: Այստեղ ոչ միայն Իրան-Ամերիկա, Իրան-Եվրոպա շահերն են, այլ մյուս խաղացողների դիրքորոշումն այնպիսին է, որ մեղմացնում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի դիրքորոշումը Իրանի նկատմամբ»:

Պրն Գրիգորյանն առանձնացնում է Իրանի նախագահի կատարած այն հայտարարությունը, որ սանկցիաներն ամբողջովին պետք է հանվեն մինչ պայմանագրի ստորագրումը եւ կարծում է,որ այդ պահանջն արդարացի է:

Իրանագետ Գոհար Իսկանդարյանն էլ պնդում է, որ պայմանավորվածություն է եղել փուլային տարբերակով հանել սանկցիաները եւ ըստ նրա, նախագահի հայտարարությունից հետո՝ իրանական կողմը հռետորաբանություն է գործածում եւ փորձում է իր դիրքերն ավելի ամրապնդել:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կշահի Հայաստանի տնտեսությունը Իրանի նկատմամբ պատժամիջոցների  վերացումից հետո բանախոսները տարբեր կարծիքներ ունեն:

Վարդան Ոսկանյանը չի շտապում, ըստ նրա պետք է սպասել համաձայնագրի վերջնական արդյունքին, քանի որ դրանից հետո որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի Իրանական տնտեսությունը ուշքի գա եւ հետեւաբար ժամանակ է պետք Իրանին Հայաստանի հետ տնտեսական կապերը վերանայելու համար:

Ստեփան Գրիգորյանն էլ ակնհայտ է համարում այն, որ պատժամիջոցների վերացումը դրական կազդեն Հայաստանի համար: Նա առանձնացնում է հետեւյալ պատճառները. «Մեկն այն է, որ Ղարաբաղի հարցի դեպքում Իրանի դիրքորոշումը բավականին օբյեկտիվ է եւ եթե Իրանը նորից ինտեգրվի միջազգային հանրություն, պարզ է, որ Իրանի ձայնը կապված Ղարաբաղի հարցի հետ ավելի լսելի կլինի աշխարհի կողմից:

Ակնհայտ է նաեւ, որ Իրանը շատ հարցերում կշարժվի քաղաքական որոշումներից ելնելով, այլ ոչ տնտեսական շահից ելնելով: Տարածաշրջանային տեսանկյունից Իրանի ուժեղացումը միայն մեր օգտին է: Հայաստանի համար կարեւոր է, որ լինի այլընտրանք ցանկացած հարցում՝ նույն Իրանից եկող գազամուղի հարցում: Կամ երկաթգիծը, որի կառուցումը շատ ռեալիստական ծրագիր է…Երբ մեզ մոտ ձեւավորվել է ավանդույթ միայն «Գազպրոմի» հետ աշխատել, շատ դժվար է մեր չինովնիկներին համոզել նաեւ Իրանի հետ աշխատել»: Ըստ պրն Գրիգորյանի՝ Իրանը երկաթգիծ կառուցելու համար գումարներ ունի, սակայն Հայաստանը համապատասխան կամք չի դրսեւորում:

Գոհար Իսկանդարյանի համոզմամբ էլ՝ առաջին ծրագիրը, որը կյանքի կկոչվի պատժամիջոցների վերացումից հետո, Մեղրու ՀԷԿ-ի կառուցումն է, որը տաս տարուց ավելի է՝ կառուցվում է: Ըստ իրանագետի՝ երկաթգծի կառուցումը մշուշոտ վիճակում է դեռեւս գտնվում:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930