Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլինդան»  գումարները փոխանցելու  ուշացման մեղքը գցում է բանկերի վրա

Ապրիլ 11,2015 12:45

Ինչե՞ր են  կատարվում սոցթափաթեթների  փողերի հետ

«Այլինդա»  տուրիստական գործակալությունը 2014թ.-ին  պայմանագիր  է կնքել   Իջեւանի դպրոցների ուսուցիչների հետ, որպեսզի  ուսուցիչները սոցիալական փաթեթով  իրենց հաշվեհամարին առկա գումարներով  հանգիստն անցկացնեն  այդ տուրիստական գործակալության միջոցով: Ապրիլի 9-ին  հիշյալ գործակալության աշխատողները  եղել են Իջեւանի ավագ դպրոցում, ցանկացել  այս տարվա համար պայմանագիր կնքել,  սակայն ուսուցիչներն ընդդիմացել են: Նրանք մերժել են  տուրիստական  գործակալության հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկը:

Մանկավարժներից  մեկը  «Այլինդայի» գործակալներին ասել է, որ ավագ դպրոցի 6 ուսուցիչներ  2014թ. դեկտեմբերին հանգստացել են Իջեւանի տարածաշրջանի հյուրանոցներից  մեկում,սակայն  տուրիստական գործակալությունը դրա դիմաց  գումարը դեռ  չի փոխանցել հյուրանոցին:

«Այլինդայի» գործակալները փորձել են  համոզել ավագ դպրոցի ուսուցիչներին, ասելով՝  դա հաշվապահների թերացումն է, շուտափույթ  կերպով այդ գումարները կփոխանցվեն: Նրանք նշված հյուրանոցի  տնօրենին փորձել են  համոզել, որ այս տարվա համար  ծառայությունների մատուցման  պայմանագիր կնքվի: Սակայն վերջինս հրաժարվել է:

Զանգահարեցինք  «Այլինդայի» գործակալ  Էդգարին: Վերջինս չցանկացավ լրագրողիս  հայտնել իր ազգանունը: Նրան հարցրինք, թե ինչու 2014թ. դեկտեմբերից  մինչեւ հիմա, անցած 4 ամսում,  հյուրանոցին  չեն փոխանցվել  գումարները: Նա  ասաց, որ պատճառը հայաստանյան բանկերն են, որոնք ուշացրել են  գումարների փոխանցումը, իրենք  այդ կապակցությամբ  նամակներ են գրել բանկերին: Քիչ անց լրագրողիս զանգահարեց  «Այլինդայի» գործակալական  եւ շուկայական զարգացման տնօրեն  Հայկ Դայանը: Վերջինիս  ասաց, որ սոցփաթեթների օգտագործման ոլորտում շատ խնդիրներ կան, ինչո՞ւ չենք անդրադառնում  դրանց, մասնավորապես՝ գումարների կանխիկացմանը: Դա այն է, երբ մարդիկ  չեն օգտվում սոցփաթեթով  մատուցվող  ծառայություններից, այլ՝ որեւէ հյուրանոցի տնօրենի հետ ծառայությունների մատուցման կեղծ պայմանագիր կնքելով, երկուստեք ձեռնտու  ձեւով   սոցփաթեթի գումարը կանխիկացնում են:

Հ.  Դարյանն ասաց, որ բանկերն են ուշացրել իրենց  դրամական փոխանցումները, այդ պատճառով տուրիստական  գործակալությունները որոշ բանկերի հետ դադարեցրել են համագործակցությունը: Սակայն  նա չնշեց  որեւէ բանկի անուն:  Դայանը հայտնեց, որ ապրիլի 8-ին  որոշ ընկերություների  իրենք  պարտքի   գումարներ են փոխանցել, այդ գործընթացը կկատարվի նաեւ  հետագա 2 օրերին:

«Այլինդան»  Իջեւանի տարածաշրջանի վերոհիշյալ հյուրանոցի հետ կնքած պայմանագրով  դրամական փոխանցումը պետք է  կատարեր 5 օրվա ընթացքում, սակայն դեկտեմբերից մինչեւ հիմա չի արել: Տեղեկացանք, որ ապրիլի  10-ին «Այլինդան» Իջեւանի տարածաշրջանի վերոհիշյալ հյուրանոցին  դեկտեմբերից պարտք մնացած 217 հազար դրամից 50 հազարը փոխանցել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930