«Ե՛վ Հայաստանը, և՛ Ռուսաստանը հայտնվել են տարբեր բովանդակության թակարդներում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան, ԱՄՆ Բրուքինգսի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Լիլյա Շևցովան, անդրադառնալով հետսովետական տարածքում տեղի ունեցող զարգացումներին:
Նրա խոսքով՝ դժվար է դիմադրել և չարտահայտել այն տխուր եզրակացությունը, որ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը դարձան այն թակարդների զոհերը, որոնք իրենց բովանդակությամբ տարբեր են: Ըստ նրա` Ռուսաստանը պատմական թակարդի զոհն է, էլիտայի և հասարակության անկարողության դուրս գալ ինքնակալության թելադրանքի ավանդույթից, իսկ Հայաստանը հայտնվել է աշխարհագրական թակարդում, որը որոշակիորեն հստակեցնում է Մոսկվայից կախվածության իր բնույթը: «Թեև հարց է, թե որքանով է արդարացված պատմական և աշխարհագրական ճակատագրապաշտությունը: Հնարավոր է, որ մեր երկու երկրները պարզապես բաց են թողել այդ թակարդներից դուրս գալու հնարավորությունը, իսկ այն միգուցե գոյություն է ունեցել, իսկ մենք միգուցե փորձում ենք արդարացնել մեր իսկ անգործությո՞ւնը»,- ասաց նա:
Շևցովան նշեց, որ ամեն դեպքում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն իրենցից ներկայացնում են իմպերիալիստական երկրի հետ հարաբերությունների միևնույն ժամանակ վառ և դրամատիկ օրինակ, իմպերիա, որը փորձում է երկարաձգել սեփական կյանքը ազդեցության ոլորտների, արբանյակ երկրների հաշվին, որում սեփական ինքնիշխանության հիմնական գործիքը կախվածությունն է մեծ երկրից:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: