«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ապրիլի 5-ին Սեւան քաղաքում տեղի ունեցած սպանությունից: Հիշեցնենք, որ նշված օրը Սեւան-Երեւան ավտոճանապարհին գործող ցեմենտի առաքման պահակակետից հիվանդանոց էր տեղափոխվել Սեւան քաղաքի բնակիչ, 44-ամյա Կառլեն Մնեյանի դին: Իրավապահները պարզել էին, որ դեպքից մի քանի ժամ առաջ նա մասնակցել էր Սեւան քաղաքի ռեստորաններից մեկում կազմակերպված մատաղի արարողությանը:
Միջոցառման ավարտից հետո Մնեյանը նստել է Հմայակ Թադեւոսյանի ավտոմեքենան, որը վարել է Արթուր Ալեքսանյանը: Ավտոմեքենայում ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, եւ Ալեքսանյանը փոխելով ուղղությունը՝ գնացել է ռեստորանային համալիրին կից գտնվող ցեմենտի առաքման կետի տարածք ու այնտեղ Մնեյանին ավտոմեքենայից իջեցնելով՝ երկու հոգով ծեծել են: Մնեյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Հմայակ Թադեւոսյանը եւ Արթուր Ալեքսանյանը ներկայումս հետախուզվում են: Հետագայում պարզվեց, որ Արթուր Ալեքսանյանը Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի, որը առավել հայտնի է Մողես մականունով, որդին է: Մեր տեղեկություններով՝ Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը մտերիմ հարաբերությունների մեջ է ոստիկանության Գեղարքունիքի վարչության պետ Արսեն Ադամյանի հետ, եւ այս հանգամանքն էլ նպաստել է, որ նրա որդին կարողացել է դեպքից անմիջապես հետո փախուստի դիմել: Ըստ լուրերի՝ սպանությունից հետո Սեւանի ոստիկանությունում իմացել են, որ կասկածյալները Չարենցավանում են թաքնվում, բայց նրանց հետքերով գնացել են հաջորդ օրը, ինչի արդյունքում նրանք հասցրել են փախչել :
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: