Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 24-ին Պուտինի այցելությունը Երեւան ոչինչ չի փոխի

Ապրիլ 11,2015 16:30

Ասում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը

Դեռ մարտի կեսերից ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծես թե հաստատել էր, որ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին այցելելու է Երեւան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Երեկ ռուսական լրատվամիջոցներում նույն մամուլի խոսնակը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի՝ Երեւան այցելությունը դեռ «քննարկման փուլում է», որոշման մասին հետո կհայտարարվի: Փոխարենը որոշված է՝ ապրիլի 24-ին ՌԴ պատվիրակությունը բարձր մակարդակով ներկայանալու է Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին: Ռուսաստանի նման «պահվածքը» դարձել է հայ հասարակության քննարկման թեման, շատերը մեր ռազմավարական գործընկերոջ այս որոշումները կապում են Հայաստանի սխալ դիվանագիտության հետ, համարում են, որ հերթական անգամ Ռուսաստանը կնախընտրի Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալը եւ չի կարեւորի Հայաստանը:

«Առավոտի» հետ զրույցում Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ապրիլի 24-ին ՌԴ նախագահի՝ հնարավոր այցելությունը Երեւան սիմվոլիկ է համարում, կարծում է, որ այն մեծ նշանակություն կունենա միայն Հայաստանի հասարակական կամ քաղաքական դաշտի այն հատվածի համար, որոնք հետաքրքրվում են Ռուսաստանի կամ Արեւմուտքի քաղաքականությամբ: «Կայցելի, թե չի այցելի՝ դրանից Ցեղասպանության 100-ամյակի խորհուրդը չի փոխվի»,- ասում է պարոն Մինասյանը:
Նա կարծում է, որ ցանկացած պարագայում դժգոհողները կդժգոհեն, կհամարեն, որ այցելությունները բարձր մակարդակով չեն անցել: «Եթե մեզ համար կարեւոր է այս կամ այն արտաքին ուժի կամ քաղաքական ուժի մեկնաբանությունը՝ այլ բան է, բայց սովորական հայի համար կարծում եմ՝ որեւէ խնդիր չկա՝ Պուտինը Հայոց ցեղասպանության 100-ամյակին կլինի՞ Հայաստանում, թե՞ ոչ,- ասում է պարոն Մինասյանը եւ հիշեցնում, որ Ռուսաստանը եւ Թուրքիան միմյանց հետ ունեն տնտեսական հարաբերություններ:- Նրանք համարվում են առեւտրային գործընկերներ»:

Սերգեյ Մինասյանը համարում է, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արեւմուտքը՝ ներառյալ ԱՄՆ-ը, այս ընթացքում կփորձեն հավասարակշռություն պահպանել. «Օրինակ՝ ինչպես Ֆրանսիան, նախագահը ընդունել է Սերժ Սարգսյանի հրավերը Ցեղասպանության միջոցառումներին մասնակցելու եւ գալու է Հայաստան, այդ պահին շատ հնարավոր է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը այցելի Բաքու եւ քննարկի ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ: Հիմա ո՞րն է մեզ ավելի ձեռնտու՝ արդյոք պե՞տք է, որ Օլանդը գա Երեւան կամ չգա, եթե դրա արդյունքում ռազմական համագործակցության բանակցություն է լինելու Ադրբեջանի հետ»,- ասում է քաղաքագետը:

Մեր դիտարկմանը, որ հայկական միջավայրում քննարկումներն ունենում են տարբեր շեշտադրումներ, ընդհուպ մինչեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը, պարոն Մինասյանը պատասխանում է. «Քաղաքականության մեջ կարեւոր է շահը, ոչ թե էմոցիոնալ դիրքորոշումը այս կամ այն հարցի շուրջ: Կարծում եմ, որ Պուտինը կգա, դրա գլխավոր նպատակը, ուղղվածությունը լինելու է Հայաստանում հասարակական ինչ-որ ընկալումներ փոխելը, պրակտիկ առումով դրանից մեր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվի: Ապրիլի 25-ից հետո այլեւս նման բաները կարեւոր չեն լինելու, այն ֆորմատը, որ կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ լինեն անվտանգության երաշխիքները, ռազմական, քաղաքական համագործակցությունները, նույն ձեւով կմնան, որեւէ բան ապրիլի 25-ից հետո չի փոխվելու, եւ ոչ միայն Հայաստան-Ռուսաստան, այլ նաեւ Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Արեւմուտք հարաբերություններում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930