Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի, փորձագետի եւ փաստաբանի համահեղինակային գիրքը

Ապրիլ 11,2015 14:30

Լույս է տեսել ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանի, փորձագետ, Արդարադատության ակադեմիայի դասախոս Արա Ղազարյանի, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Համազասպուհի Գրիգորյանի «Արդարադատության խորհրդի հիմնախնդիրները Հայաստանում» հետազոտություն-գիրքը:

Հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի կարգավիճակը, լիազորությունները, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավակարգավորումները:

Հետազոտությունը երեք գլխից է բաղկացած՝ 2012-2016թթ. իրավական բարեփոխումների համատեքստում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ԱԽ որոշումների եւ օտարերկրյա պետությունների փորձի ուսումնասիրության, ԱԽ որոշումների բողոքարկման վերաբերող հարցերի մասին:

Ըստ գրքի հեղինակների, արդարադատության խորհուրդները համեմատաբար երիտասարդ ինստիտուտներ են եվրոպական երկրներում:

Մինչեւ վերջերս՝ 90-ականներին, դատական համակարգի կառավարումը իրականացվում էր արդարադատության նախարարությունների կողմից:

Ըստ հեղինակների, դատական իշխանության ներսում ստեղծվեցին մարմիններ, որոնց նպատակն էր իրենց ձեռքը վերցնել դատական համակարգի «վարչարարության» կառավարչական խնդիրները.

«Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական միության անդամ պետություններում Արդարադատության խորհուրդները դասվում են Հարավային եվրոպական մոդելի, որտեղ խորհուրդներն օժտված են նեղ, սահմանափակ լիազորություններով կամ Հյուսիսային եվրոպական մոդելի, խորհուրդները օժտված են լայն լիազորություններով, ինչպես նաեւ՝ «չտրոհված մոդելի», ըստ որի՝ բացակայում է ինքնուրույն կարգավորող մարմինը՝ արդարադատության խորհուրդը, ողջ գործառույթներն ամբողջությամբ կրում է արդարադատության նախարարությունը, այսինքն՝ դատական իշխանության կառավարումն ինկորպորացված է գործադիր իշխանության մարմնում»:

Համեմատելով, մասնավորապես, Հայաստանի արդարադատության խորհուրդը Իտալիայի եւ Ֆրանսիայի հետ, տեղեկանում ենք, որ Հայաստանն ունի միայն դատավորների թեկնածուների նշանակման, դատավորների պաշտոնական առաջխաղացման, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ոլորտներ:
«Ի հավելում՝ արդարադատության խորհուրդը կարող է նաեւ հանրապետության նախագահի հարցմամբ կարծիք հայտնել ներման հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ առաջարկ ներկայացնել դատավորին, կալանավորելու, նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին»,- ասվում է գրքում:

Գրքում անդրադարձ կա ԱԽ դերն ու նշանակությունը բարձրացնելու համար սպասվող առաջարկներին: Մասնավորապես, առաջարկվում է ընդլայնել ԱԽ լիազորությունները, ԱԽ-ին վերապահել դատարանների նախագահների խորհրդի այն լիազորությունները, որոնց միջոցով վերջինս իրականացնում է տարբեր ոլորտներում «քաղաքականություն մշակողի գործառույթներր»:

Ավելին, առաջարկվում է վերջինիս հեռացնել «թատերաբեմից, որպես իր առաքելությունը կատարած մարմնի»:

Խոսքը բյուջեի ձեւավորման, ֆոնդերի վերաբաշխմանն է վերաբերում:

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930