Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշողությունդ ջնջեցիր՝ քեզ ես ջնջում»

Ապրիլ 11,2015 14:00

Գեղանկարիչ Շոթա Ոսկանյանը
կներկայանա «Կյանքի կրկեսը» խորագրով ցուցահանդեսով

Ապրիլի 18-ից մայիսի 7-ը «Արամե» պատկերասրահի «Մաշտոց» մասնաճյուղում կկայանա գեղանկարիչ Շոթա Ոսկանյանի անհատական ցուցահանդեսը՝ «Կյանքի կրկեսը» խորագրով: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց արվեստագետը, կներկայացվի իր ստեղծագործական վերջին շրջանին պատկանող շուրջ 45 աշխատանք. «Տարբեր ժանրի ստեղծագործություններ կան, այս անգամ նաեւ բնապատկերներ կցուցադրվեն՝ իմ վրձնած փարիզյան շարքը, նատյուրմորտներ, կրկեսային թեմաներով նկարներ ու ֆիգուրատիվ աշխատանքներ»: Անցյալ տարվա դեկտեմբերին էլ Շոթա Ոսկանյանը Թբիլիսիում է ցուցահանդես ունեցել՝ «Սեր, Փարիզ, կրկես», եւ այդ ցուցահանդեսից մի քանի գործ երեւանյան ցուցահանդեսում կլինի:

Shota_Voskanyan_2

Ինչպիսի՞ն է Շոթա Ոսկանյանի վրձնած Փարիզը: «Այն իմ զգացած, իմ սիրելի Փարիզն է, ես բնապատկերներ շատ չեմ նկարում, բայց ընկերներիս դուր է եկել փարիզյան բնապատկերների շարքը, նկարել եմ Մոնմարտրը, Մուլեն Ռուժը, Սենը, անձրեւոտ քաղաքը, արեւոտ մի օր… Երկու մեծ կտավ կլինի՝ դիմակներով աղջիկը, դերասանուհին, նաեւ երկու նատյուրմորտ»,- նշեց արվեստագետը: Հավելեց, որ ֆիգուրատիվ աշխատանքները կանանց են վերաբերում, ցուցահանդեսին լինելու է նաեւ 3-4 էրոտիկ սիրո թեմայով գործ, 10 ստեղծագործություններում էլ՝ հիմնականում մերկ կանայք:
Իսկ ինչի՞ց է, որ կանայք եւ կրկեսը շեշտադրված են Շոթա Ոսկանյանի գեղանկարներում:

Shota_Voskanyan_3«Ես կին շատ եմ սիրում, կնոջ թեման մտած է մեջս, իսկ կրկեսը գալիս է մանկությունից: Իմիջիայլոց, ոչ թե բեմական ներկայացումներ եմ պատկերում, այլ կուլիսների հետեւի կրկեսը՝ ինչպես են ապրում, ինչպես են կրկեսում գեղեցիկ աղջիկները իրենց մարմնի գեղեցկությունը ցույց տալիս, շփվում ժանգլյորների, ակրոբատների հետ, ինչպես են գաճաճները, թզուկները հետեւում են նրանց»,- ասում է նկարիչը, որի աշխատանքները մշտապես ցուցադրվում են «Արամե» պատկերասրահում, Կանադայում, ԱՄՆ-ում։ Նրա կտավներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում եւ Արցախի Հանրապետության թանգարանում։ Գեղանկարիչը ցուցադրություններ է ունեցել Ռուսաստանում, Շվեդիայում, Իսրայելում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում:

Իսկ ինչպիսին է «կուլիսների հետեւում» Շոթա Ոսկանյանը: «Կուլիսների հետեւում ես եմ, իմ ընտանիքները…ապրում եմ բոլորի նման»,- ասում է մեր զրուցակիցը: Արվեստագետը հայտնեց, որ այս տարվա աշնանը դարձյալ ցուցահանդեսով հանդես կգա Թբիլիսիում. «Հրավիրել են մեկ ամիս նկարել Թիֆլիսը եւ այնտեղ ցուցադրվելու են իմ թիֆլիսյան բնանկարները: Որոշ գործեր այստեղից կտանեմ: Ֆենոմենալ սիրուն քաղաք է… Սոլոլակի հին թաղամասում ինձ մի առանձնատուն են տրամադրելու, որ հանգիստ աշխատեմ: Այն ուշադրությունը, որ վրացիներն ունեն Թիֆլիսի հանդեպ, շատ զիլ է»:

Shota_Voskanyan_4
Խնդրեցինք, որ Շոթա Ոսկանյանն ասի, թե Երեւանին նկարչի աչքով նայելու դեպքում՝ ինչ է պակասում: «Մի տեսակ ոչ կազմակերպված վիճակ է, շատ բաներ հաշվի չեն առնվում: Օրինակ, ինքս հավանում եմ հսկա շենքերը, բայց դրանք կարող էին այլ տեղ լինել ու կենտրոնի հինը կարելի էր պահպանել, ասենք, Աֆրիկյանների շենքն ի՞նչ էր, ֆանտաստիկ գեղեցիկ տուն, ու տեսեք, թե ինչ ճակատագրի արժանացավ: Թիֆլիսում հաստատ այդպիսի բան չէին անի, կպահեին, դա հին քաղաքի պատմությունն է, հիշողությունը…Թե չէ, որ հիշողությունդ ջնջեցիր, ուրեմն քեզ ես ջնջում»,- համոզված է գեղանկարիչը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930