Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար պատիվ է այս օրերին լինել Հայաստանում»

Ապրիլ 11,2015 13:30

Ասում է իտալացի ջութակահար Ֆրանչեսկա Դեգոն

Այս տարվա մարտի 20-21-ին Իտալիայում Verdi Trieste թատրոնի նվագախումբը ղեկավարեց Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Իտալական մամուլում հիացական տողեր գրվեցին Ռախմանինովի երկրորդ սիմֆոնիայի եւ Վ. Ֆեռարիի ջութակի կոնցերտի հայ դիրիժորի մեկնաբանության առիթով: Որպես մենակատար էլ հանդես էր եկել իտալացի երիտասարդ ջութակահար Ֆրանչեսկա Դեգոն: Հայաստան վերադառնալիս Կարեն Դուրգարյանն «Առավոտին» ընդամենն ասել էր, որ հիացած է իտալացի ջութակահարի արվեստով, հատկապես նշելով, թե 26-ամյա երաժիշտը ջութակ սկսել է նվագել 4 տարեկանից, կարիերան սկսել է 15-ից՝ Բրամսի կոնցերտով, իսկ այսօր արդեն ցանկալի հյուր է ճանաչված նվագախմբերի, դիրիժորների համար: Ասել էր նաեւ, որ Ֆրանչեսկան Իտալիայում անցկացվող Պագանինիի անվան հեղինակավոր մրցույթի պատմության ընթացքում ամենաերիտասարդ մասնակիցն է եղել (16 տարեկան), որ արժանացել է ժյուրիի հիացմունքին: Դիրիժորը խոստացել էր, որ ջութակահարին հայ հանդիսատեսը կարող է ունկնդրել ապրիլին:

Եվ այժմ Ֆրանչեսկա Դեգոն Հայաստանում է: Ազգային օպերային թատրոնի նվագախմբի հետ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ նա ապրիլի 11-ին հանդես կգա նույն կոնցերտի կատարմամբ, որը հնչեցրել է մարտին, Verdi Trieste թատրոնի նվագախմբի եւ հայ դիրիժորի հետ:

Մեզ հետ զրույցի ընթացքում ջութակահարը նախ նշեց, որ իր համար պատիվ է հատկապես այս օրերին լինել Հայաստանում: «Իտալիայի դպրոցական ծրագրում վաղուց տեղ է գտել անցյալ դարասկզբին հայերի հետ կատարված ողբերգությունը՝ ցեղասպանությունը: Գիտեմ, որ ավելի քան 20 պետություն ընդունել է այդ փաստը: Զարմանում եմ՝ ի՞նչ են մտածում մյուսները… Չէ՞ որ ընդունելով ու դատապարտելով կատարվածը՝ կարելի է կանխել նորերը, էլ չեմ խոսում հույների, ասորիների ցեղասպանության մասին: Իհարկե, հասկանում եմ՝ այն երկրները, որ դեռեւս չեն ընդունել, շահեր ունեն Թուրքիայի հետ… Մինչդեռ պետք է գլոբալ մտածել… Օրերս նորին սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարում կմատուցի պատարագ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով»,- հայտնեց արվեստագետը: Հավելեց նաեւ, որ հայկական հին մշակույթին մեծ հաշվով ծանոթ չէ, բայց սովորելով Իտալիայի կոնսերվատորիայում, ապա Լոնդոնի «Ռոյալ քոլեջում» դասեր առնելով մեծանուն ջութակահար եւ մանկավարժ Սալվատորե Ակարդոյից, ծանոթ է Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին եւ հավաստիացրեց, որ առաջիկայում անպայման կանդրադառնա հայ կոմպոզիտորի ջութակի կոնցերտին: 15 տարեկանից կարիերան սկսած ջութակահարը կանխելով հարցը, թե ինչո՞ւ մինչ օրս Խաչատրյան չի նվագել, ասաց, որ դրա «մեղավորը» բազմազբաղ գրաֆիկն է:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Իտալիայում Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ ջութակահարի հնչեցրած կոնցերտին: Արվեստագետը հավաստիացրեց, որ Verdi Trieste թատրոնի նվագախմբի երաժիշտները հիացմունքով են խոսել Դուրգարյանի մասին, նրան որակելով չափազանց զգայուն արվեստագետ: «Ես առաջին անգամ հայ դիրիժորի արվեստին ծանոթացա՝ տարիներ առաջ ներկա գտնվելով Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան թատրոնում, որտեղ նա ղեկավարում էր Ա. Խաչատրյանի «Սպարտակը»: Խոսքեր չունեմ ասելու՝ պարզապես հիանալի էր… Ընդ որում, դեռեւս չեմ հասցրել Դուրգարյանին ասել, որ Verdi Trieste թատրոնի նվագախումբը անհամբեր սպասում է նրա հերթական այցին»,- ասաց մեր զրուցակիցը: Հետաքրքրությանը, թե Իտալիայում պետությունն ի՞նչ աջակցություն է ցուցաբերում երիտասարդ արվեստագետներին, ջութակահարը ժպտալով պատասխանեց. «Մինչ արտերկրում կարիերա անելը եւ բոլոր մայրցամաքներում մենեջերներ ունենալը՝ առանձնակի վերաբերմունք չեմ զգացել, հիմա պատկերն այլ է…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Ֆրանչեսկա Դեգոն եւ Կարեն Դուրգարյանը:

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930