Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանի «ստատուսն» այնքան չի ձգում, որ նախագահը պաշտոնապես ընդունի նրան

Ապրիլ 11,2015 12:30

Այս կարծիքին է քաղտեխնոլոգը

Ապրիլի 8-ին հայկական արմատներ ունեցող ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի երեւանյան այցը ցնցեց հայկական մամուլը: Քարդաշյանի թեմայով հրապարակումները դեռ մի քանի օր շարունակ կգլխավորեն ԶԼՄ-ների լրահոսները: Քաղաքական առավել կարեւոր ու Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին դրան վերաբերող հարցերը մղվեցին երկրորդ պլան, նույնիսկ Ժիրայր Սեֆիլյանի ու Հիմնադիր խորհրդարանի այլ անդամների հետ տեղի ունեցածը, որից առավել արդիական թեմա դարձավ Քարդաշյանի հետ ընթրած ու դրա դիմաց $300 000 վճարած պատգամավորը ու այն քաղաքական գործիչ-օլիգարխների ցուցակը, որոնք դեռ հերթի մեջ են:

Ինչու են քննադատվում Քարդաշյանին լուսաբանած ու թեման թոփում պահած ԶԼՄ-ները, որն էր ճիշտը, հատուկ Քարդաշյանին լուսանկարելու համար Հայաստան ժամանած արտասահմանցի լրագրողների հետ մեծ շուքով լուսաբանել այցը, թե անտեսել՝ զբաղվելով կարեւոր ազգային խնդիրներով:

«Առավոտի» հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ PR-ի տեսակետից մեր լրատվամիջոցները, ինչպես նաեւ աշխարհի ամենաառաջատար լրատվամիջոցներ անդրադարձան այդ այցին, իսկ մեր ԶԼՄ-ների անդրադարձը շատ բնական է, ինչն էլ ապացուցում է, որ մեր մամուլն ադեկվատ է վերաբերվել այդ իրադարձության նշանակությանը. «Իրողություն ու փաստ է, որ Քիմ Քարդաշյանը բավականին մեծ լսարան ունի աշխարհում եւ ազդեցություն ոչ միայն շոու-բիզնեսի ոլորտում, այլեւ քաղաքական դաշտում, եւ պատահական չէ, որ նրա հետ բոլորն ուզում են նկարվել, ազգակցական կապեր են փնտրում շատ հայտնի մարդիկ, գործիչներ, օրինակ՝ Օբաման, Քեմերոնը: Անկախ նրանից՝ Քարդաշյանն ինչ-որ մեկին դուր է գալիս Հայաստանում, թե ոչ՝ իրողություն է, որ նա մեծ լսարան ունի: Պրագմատիկ ազգերը փորձում են նման երեւույթներին, շոու-բիզնեսի աստղերին, մարզիկներին եւ այլոց օգտագործել իրենց պետական PR-ում: Քարդաշյանի այցը Հայաստան, կես օրվա ընթացքում Հայաստանի՝ որպես բրենդի հնչեղություն ավելի հաճախակի դարձրեց ու այդ բրենդն ավելի բարձրացավ, քան մենք կկարողանայինք տասնամյակներ շարունակ հնչեցնել»:

Հարցին՝ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչելիության առումով կնպաստի,՞ արդյոք, հայազգի գեղեցկուհու այցը, Վիգեն Հակոբյանը պատասխանեց. «Փաստ է, որ Հայաստանը որպես բրենդ եւ Հայոց ցեղասպանության խնդիրը համաշխարհային տրենդի մեջ չեն մտնում եւ ճանաչելիության առումով հեռու է հոլոքոստից: Քիմ Քարդաշյանի այցի ընթացքում նրա յուրաքանչյուր քայլ, մանավանդ, եթե շարունակի հնչեցնել ցեղասպանության հարցը, բազմապատիկ անգամ ավելի մեծ հնչեղություն է ստանալու, Հայոց ցեղասպանության հարցը, այդ իրադարձությունը դրսում ավելի ճանաչելի է լինելու, քան եթե մենք ինքներս փորձեինք մեր տրադիցիոն ճանապարհներով գնալ: Այս առումով մենք լուրջ օգուտ կքաղենք այս այցից առավել եւս, ես կարծում եմ, որ լինելու են ելույթներ, այցեր Ցեղասպանության զոհերի թանգարան, հուշահամալիր: Պետք է փորձենք պետական մակարդակով առավելագույնս կորզել այդ այցից: Այն ներվային անդրադարձները, որ կան որոշ շրջանակների մոտ, դրանցում պրագմատիկ մտածելակերպ չկա, իսկ աշխարհում նման պոպուլյար երեւույթների միջոցով փորձում են կարեւորագույն հարցեր ճանաչելի դարձնել: Բարեբախտաբար, Քիմ Քարդաշյանի դեպքում սեփական PR-ը համընկնում է պետական PR-ի շահերի հետ: Իսկ սեւ PR-ը նույնպես PR է»:

Արդյոք ճի՞շտ կլինի, որ նախագահն ընդունի Քիմ Քարդաշյանին, այս հարցի մասին էլ քաղտեխնոլոգը պատասխանեց. «Եթե ես լինեի նախագահի խորհրդական, խորհուրդ չէի տա, որ դա լիներ ընդունելության մակարդակով, որովհետեւ գոյություն ունեն ստատուսներ, իսկ պաշտոնական մակարդակով Քիմ Քարդաշյանը չի ձգում դրան: Կարող է լինել մի ֆորմատ, որտեղ կազմակերպվի նրանց հանդիպումը, օրինակ, ասենք, պատահական հանդիպեցին ջազ ակումբում, կամ այլ տեղ, այսինքն՝ կարելի է այդ տրյուկն անել ու հանդիպումը չլինի փողկապով: Մի բան է Սպիվակովի, կամ ռոքի լեգենդի հետ պաշտոնական հանդիպումը, մեկ այլ բան է ժամանակավոր մեծությունը… Կարդացել եմ, որ վարչապետը պատրաստվում է նրան ընդունել, դա էլ ճիշտ չէ, սակայն վարչապետի դեպքում կարելի է հասկանալ, որովհետեւ այդ այցը նպաստելու է Հայաստանի ճանաչելիությանը, որպես տուրիստական երկրի եւ մի քանի միլիոն մարդու համար Հայաստանը ճանաչելի է լինելու ոչ թե որպես Հայաստան, այլ՝ հենց Քարդաշյանի երկիր: Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ինչ-որ օրակարգ կարելի է պատկերացնել, իսկ նախագահի դեպքում՝ ոչ»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930