Սպորտի միջազգային օրվա շրջանակներում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմն այսօր «Հայաստան» ՄՄ «Սպարտակ» մարզադահլիճում նշեց սեղանի թենիսի մրցումով:
Շուրջ երեք տասնյակ աշխատակիցներ, այդ թվում նաեւ ղեկավար կազմից, պայքարեցին խորհրդանշական մրցանակների համար՝ անձնական օրինակով քարոզելով առողջ ապրելակերպը:
Տղամարդկանց եզրափակչում նախարարության աշխատակազմի ղեկավար Անանյանի եւ մասսայական սպորտի եւ ֆիզդաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանի պայքարում հաջողությունն ուղեկցեց երկրորդին, իսկ կանանց մրցապայքարում հավասարը չունեցավ նույն վարչության գլխավոր մասնագետ Սվետլանա Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Մրցմանը ուշացումով միացավ նաեւ Գաբրիել Ղազարյանը, որը լրատվամիջոցներին ափսոսանքով հայտնեց, որ նախապես որոշել էր անձամբ մասնակցել, սակայն աշխատանքի բերումով մեկնարկից ուշացավ: այդուհանդերձ, նախարարը մրցակցությունից դուրս «փորձեց» նաեւ իր մարզավիճակը: «Նախարարության աշխատակիցների միջեւ նմանատիպ մրցումները շարունակական են լինելու: Մարզաձեւերի ընտրությունը դեռ պետք է կատարենք: Բայց նպատակ ունենք ընդլայնել ինչպես մարզաձեւերի, այնպես էլ՝ մասնակցության շրջանակները: Նկատի ունեմ նաեւ մյուս նախարարությունները այս մրցումներում ներառելը», – ասաց նախարարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ