Այսօր Aravot.am-ը ահազանգ է ստացել Ամասիայի ու Աշոցքի մի քանի գյուղացիներից առ այն, որ կաթ մթերող ընկերություններից մեկը՝ «Մարիաննայի» ներկայացուցիչը, գալով իրենց գյուղեր, գյուղացիներին ասել է, որ իրենք պատրաստ են մեկ լիտր կաթը գնել 150 դրամով, ոչ թե 170 -ով: Ինչպես պատմեցին գյուղացիները, իրենք հրաժարվել են առաջարկված գնով վաճառել կաթը, հիշեցրել են, որ նախորդ շաբաթ գյուղնախարարությունը այս հարցը կարգավորել է՝ ընդառաջելով բողոքի դուրս եկած գյուղացիներին:
Սակայն «Մարիաննայի» ներկայացուցիչը հրաժարվել է գյուղացիներից կաթը տանել հին գնով: «Մեծ թվով գյուղացիներ, որոնք իրենց կաթը տալիս էին այս ընկերությանը, տուժեցին: Պատկերացրեք միայն այս ընկերությունը այստեղից օրական մի մեքենա կաթ է տանում, եթե ոչ ավելի: Մենք ուղղակի զարմացած ենք մի բանից, մի՞թե էս երկրում ոչ մեկի խոսքը չի անցնում, գյուղնախարարությունից իբրև թե փորձեցին հարցը կարգավորել, բայց մտածում ենք, էդ ինչ հզոր են, էդ ինչ թիկունք ունեն, որ ոչ մեկին բանի տեղ չեն դնում, ինչ ուզում, անում են: Ասենք, որ համը միշտ «Մարիաննայից» է դուրս գալիս, միշտ իրենք են փորձում էժանացնել, մյուսներն էլ՝ «Իգիթ»-ն է, «Աշտարակն» է իրենց ջրերն են ընկնում: Հարյուր տոկոսով համոզված ենք, որ վաղը մյուսներն էլ նույնը կանեն: Մենք դարձյալ բողոքի դուրս կգանք, էս անգամ կորցնելու ոչ մի բան չունենք, եթե չեն կարողանում մի ընկերության վրա, միջպետական ճանապարհը կփակենք, հերիք եղավ… Պատկերացրեք, էսօր մտել են մարդկանց տուն, ասել են՝ կտաք, տվեք կաթը մեր ուզած գնով, չեք տա, դուք գիտեք, գնացեք տուժեք: Բնականաբար, մարդիկ հրաժարվել են՝ տուժելով, էս ամեն դեմն առնողը պիտի լինի՞ վերջը, թե չէ՞», -ասում էին մեզ դիմած գյուղացիները:
Հիշեցնենք, որ այս երկու տարածաշրջանների գյուղացիները նախորդ շաբաթ բողոքի էին դուրս ելել ՝ սպառնալով փակել Վրաստան տանող միջպետական ճանապարհը, քանի որ կաթը մթերող ընկերությունները փորձել էին էժան գներով գյուղացիներից տանել կաթը, մեկ լիտրի դիմաց վճարելով ոչ թե 170 դրամ, այլ 150:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ