Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ն վերջնական նպատակ ունի Արցախում բացառել սոցիալապես անապահով խավերի գոյության փաստը»

Ապրիլ 10,2015 21:45

«Հարգելի՛ ընտրող, ՀՅԴ նախընտրական ծրագիրն անդրադառնում է քո կյանքում առկա հիմնախնդիրներին եւ տալիս է լուծման ուղիները»,- իր նախընտրական ծրագիրը այսպես է սկսում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Արցախի կառույցը:

Կուսակցությունը իր նախընտրական ծրագրում առանձնացրել է մի շարք առանցքային խնդիրներ, որոնցից առաջինը կրթությունն ու գիտությունն է: ՀՅԴ-ն կրթության եւ գիտության դերը տեսնում է երկրի անվտանգությանը, տնտեսական եւ ռազմական հզորացմանը ծառայելու մեջ: Կուսակցությունը անհրաժեշտ է համարում ընդլայնել կրթական համակարգում հայրենասիրական եւ ազգային դաստիարակություն պարունակող ծրագրերն ու նախաձեռնությունները, նախադպրոցական կրթության համակարգը՝ բացելով պետական մանկապարտեզներ: Դաշնակցությունը խոստանում է ամեն տարի բարձրացնել ուսուցիչների եւ կրթական հաստատությունում աշխատողների աշխատավարձը:

Նախընտրական ծրագրում հաջորդ առանցքային կետը պետաիրավական եւ պետական կառավարման համակարգն է: ՀՅԴ-ն համարում է, որ Արցախի պետաիրավական եւ պետական կառավարման համակարգը արտաքին ինտեգրման առումով պետք է ընկալելի եւ ընդունելի լինի աշխարհի համար, իսկ ներքին առումով՝ սեփական ժողովրդի: Կուսակցությունը խոստանում է ընդդիմությանը վերապահել իրավական ազդեցության մի շարք մարմինների, քայլեր ձեռնարկել անցնելու հարյուր տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին:

Հայ հեղափոխական դաշնակցությունը իր գլխավոր խնդիրն է համարում երկրի տնտեսական զարգացման եւ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի արմատական բարելավման ապահովումը:

«Սոցիալապես խոցելի եւ անպաշտպան շերտերը կենսական նվազագույն բոլոր կարիքները բավարարելու հնարավորություն պետք է ունենան, իսկ նրանց տրամադրված պետական աջակցությունը պետք է լինի խիստ հասցեագրված ու նպատակային: ՀՅԴ-ն վերջնական նպատակ ունի երկրում բացառել սոցիալապես անապահով խավերի գոյության փաստը: ՀՅԴ Արցախի կառույցը, ունենալով համապատասխան ներուժ, իր շուրջ համախմբելով ՀՀ-ում եւ արտերկրում ապրող հայությանը, ի զորու է լուծել այդ խնդիրը»,- ասվում է նախընտրական ծրագրում:

Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 3-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930