«Պատճառն այն է, որ ինտերնետը զարգացում է ապրում, և կիբերհանցագործությունների թիվը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում աճում է»,-Aravaot.am-ի հարցին՝ ՀՀ-ում կիբերհանցագործությունների թվի աճի պատճառը թերի օրենսդրությո՞ւնն է, թե՞ իրավապահների ոչ արդյունավետ աշխատանքը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված կիբերհանցավորության թեմայով հանրային քննարկմանն այսպես պատասխանեց իրավաբան Դավիթ Սանդուխչյանը: Նա հիշեցրեց, թե 2001-ին ինտերնետը հասանելի էր միայն խոշոր կազմակերպություններին, նույնիսկ կառավարությունում խնդիր էր ինտերնետը:
Ըստ նրա՝ այսօր Հայաստանում ինտերնետը ոչ միայն մեծ տարածում ունի, այլև շատ էժան է:
Aravot.am-ի հստակեցմանը մի՞թե արդարացում է կիբերհանցագործությունների թվի աճը կապել զուտ ինտերնետի տարածման հետ ու չձեռնարկել կանխարգելիչ միջոցներ, պարոն Սանդուխչյանը պատասխանեց. «Կանխարգելիչ միջոցներից մեկն էլ ինտերնետ օգտվողներին իրազեկելն է: Շատ հաճախ կիբերհանցագործությունների պատճառ է դառնում մարդկանց անփութությունը: Մանավանդ Եվրոպայում, որտեղ ավելի սոցիալական պետություններ են, շատ մեծ ուշադրություն են դարձնում դպրոցներում համակարգչային անվտանգության տարրական կանոններ սովորեցնելուն»:
Դավիթ Սանդուխչյանը տեղեկացրեց, որ կիբերհանցագործության կոնվենցիան այն հիմնական իրավական միջազգային փաստաթուղթն է, որը Հայաստանը ստորագրել է: Նա մանրամասնեց. «Հայաստանում կիբերհանցագործությունների մասին կոնվենցիան ուժի մեջ է մտել 2007-ից, իսկ մինչև 2008-ը Ռուսաստանը չէր վավերացնում այդ կոնվենցիան»:
Կարդացեք նաև
Դավիթ Սանդուխչյանը տեղեկացրեց, թե կոնվենցիան ստեղծվել էր սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո:
Անդրադառնալով ՀՀ-ում հաճախ հանդիպող կիբերհանցագործություններին՝ Դավիթ Սանդուխչյանը նշեց. «Այդպիսի գործողություններից է այն, որ ինտերնետի միջոցով ներթափանցում են լոկալ սվիչ և թանկարժեք համարներով կեղծ թրաֆիք են ուղարկում, շատ հաճախ Կուբա: Այս դեպքում արդեն վնասը կարող է կազմվել մինչև 10 միլիոն: Նաև երկու լրատվամիջոց է դարձել նման հանցագործության զոհ: Պատճառն այն է, որ մարդիկ տեղադրում են սարքեր ոչ լավ մասնագետների կողմից, որոնք պատշաճ կերպով չեն ապահովում այդ սարքերի անվտանգությունը: Ինտերնետ սպասարկող կազմակերպություններն էլ տվյալ բաժանորդին մեծաթիվ պարտքեր են տրամադրում, ինչից զարմանում են: Կամ սադրիչ զանգեր են մարդիկ ստանում, ասում են հետ զանգեք, հետո մարդիկ հետ են զանգում և ստացվում է, որ վճարովի համար է դա: Ի վերջո` տուժում են օպերատորները, որոնք հաճախորդներին չկորցնելու համար իրենք են վճարում այդ գումարները և չեն էլ դիմում իրավապահներին»:
Հայաստանյան օրենսդրության հետ կապված Դավիթ Սանդուխչյանը նկատեց, թե թարմացումներ են պետք ու մանրամասնեց. «Քրեական օրենսգրքի 24-րդ գլուխը տեսական է այն առումով, որ դրա ընդունման ժամանակ այս կիբերհանցագործությունները չկային: Կոպիտ ասած՝ արտագրել էինք այլ երկրներից ու հիմա ժամանակն է թարմացման ու տեղայնացման»:
«Ռազմինֆո» մասնագիտացված լրատվական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը որոշ խորհուրդներ տվեց կիբերհանցագործություններից խուսափելու համար. «Պետք է խուսափել rambler և mail համակարգերում էլեկտրոնային հասցեներից: Դրանք ամենաանպաշտպան համակարգերն են: Նաև պետք չէ նույն գաղտնաբառը օգտագործել տարբեր տեղերում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ