Աբովյան-Երեւան թիվ 259 ավտոբուսները անհետացել են երթուղուց. այս երթուղագիծը շահագործում է «Կինգ Դելյուքս» ընկերությունը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանի հետ տարաձայնություններ
ունեցած Արթուր Հարությունյանին (Պալաչ մականունով): Ծառուկյան-Հարությունյան հարաբերություններն էլ ավելի էին սրվել նշված երթուղագծի պատճառով: Երբ Արթուր Հարությունյանը նոր ավտոբուսներ էր ներկրել թիվ 253 երթուղագծի համար, պարոն Ծառուկյանը նույն երթուղագծով բարեգործական «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսներով ուղեւորներին անվճար տեղափոխում էր, այսինքն «Կինգ Դելյուքսի» ուղեւորներին էր «փախցնում»:
Աբովյանի բնակիչներն Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին, որ, ավտոբուսներն այլեւս գիծ դուրս չեն, քանի որ պարոն Հարությունյանն այդ ավտոբուսները գծից հանել է եւ տեղափոխել Ռուսաստան, այնտեղ է երթուղագիծ աշխատեցնում: «Երեւի չդիմացավ Ծառուկյանի ճնշմանը, մրցակցությանը: Կանգառներում երկար սպասում ենք, էդ սիրուն ավտոբուսները չկան ու չկան»,-Aravot.am-ին այսպիսի կարծիք էին հայտնում Աբովյան քաղաքի բնակիչները:
Կապի եւ տրանսպորտի նախարարությունից Aravot.am-ին վստահեցրին, որ թիվ 259 երթուղագծից ընդամենը մի քանի ավտոբուսներ են ժամանակավոր դուրս եկել` անսարքության պատճառով, իսկ երթուղագիծը շարունակում է շահագործել «Կինգ Դելյուքսը»:
Կարդացեք նաև
Արթուր Հարությունյանին պատկանող «Կինգ Դելյուքսից» էլ մեզ հետ զրույցում վստահեցրին, որ չդիմանալու խնդիր չկա, մի քանի ավտոբուսները տեխնիկական խնդիր ունեն. «Ավտոպահեստամասերի խնդիր կա, մի քանիսը չեն աշխատում, բայց գծում կան ավտոբուսներ»:
Ինչ վերաբերում է ավտոբուսները Ռուսաստանում աշխատեցնելուն եւ Ծառուկյանի հետ մրցակցության չդիմանալուն, ապա ընկերությունից հավաստիացրեցին, որ լավ էլ դիմանում են մրցակցությանը, եւ որեւէ ավտոբուս Ռուսաստանի երթուղագծերի համար չի տեղափոխվել. «Նման բան չկա, լավ էլ աշխատում ենք, էն ժամանակ, որ 10 հատ բարեգործական ավտոբուսներ կային, դիմանում էինք, հիմա մի հատ է, ոնց կարող ենք 10-ի դեպքում դիմանալ, մի հատի դեպքում չդիմանալ: Նորմալ աշխատում ենք»:
Aravot.am-ը փորձեց ճշտել, թե գծում ներկայումս քանի՞ ավտոբուս է աշխատում, քանի՞սն են «կանգնած» անսարքության պատճառով, տնօրինությունից մեր այս հարցը լսելուց հետո անջատեցին հեռախոսն ու անմիջապես դարձան «անհասանելի»:
Նշենք, որ գիծը շահագործելու մրցույթը հաղթում են որոշակի պահանջներ բավարարելուց հետո, օրինակ` քանի ավտոբուս պետք է օրական աշխատի, չվերթների պարբերականություն եւ այն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ