Տաքսու վարորդները դժգոհում են, որ եթե կառավարությունն իրենց տալիս է լիցենզիա, ապա լիցենզիայի հետ պետք է նաեւ տրամադրի բոլոր այն պայմանները, որոնք անհրաժեշտ են դաշտում ազատ աշխատելու համար։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարորդները դիմում են տրանսպորտի եւ կապի նախարարությանը լիցենզիա ստանալու համար, սակայն ստիպված են լինում մեկ ամսից ավելի սպասել այն ստանալու համար։ Իսկ լիցենզիա չունենալու դեպքում, վարորդները մտավախություն ունեն, որ կտուգանվեն հիսուն հազար դրամի չափով։ h
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ խնդիրներին լուծում տալու նպատակով՝ նամակով դիմել են ՀՀ նախագահին, սակայն դեռեւս ոչ մի պատասխան չեն ստացել։
Ներկայացնենք տաքսու վարորդների մի քանի պահանջները։
«Հաշվիչի պահանջը պետք է ներկայացվի տրանսպորտի եւ կապի նախարարության լիցենզավորման գործակալության կողմից, համաձայն վարորդի հետ կնքվող պայմանագրի, վարձակալությամբ կամ ապառիկ ձեռք բերելու հնարավորությամբ»,- նշվում է նամակում։
Կարդացեք նաև
Վարորդները նաեւ պահանջում են Երեւան քաղաքի բոլոր ավտոբուսային կանգառներին կից հատկացնել տաքսիների կայանատեղիներ. «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպության տնօրենը խոստացել էր մինչեւ տաս միլիոն դրամ հատկացնել դեղին գույնի ներկ ձեռք բերելու, ինչպես նաեւ տաքսու կայանատեղիների համար նշաններ տեղադրելու համար։ Խաբեցին»,- ասում են վարորդները։
Պահանջում են կարմիր գծանշանները բացառել, մինչեւ կայանատեղիների հատկացումը։
Ըստ վարորդների՝ ԱՊՊԱ-ի խնդիրը նույնպես մնում է չլուծված. «Գործակալությունները շարունակում են ապահովագրել եռամսյակային տարբերակով, որը շատ թանկ է եւ տատանվում է 80-100 հազար դրամ տարեկան կտրվածքով, այնինչ տաքսու վարորդների համար ըստ մեքենայի շարժիչի ծավալի սահմանված է տարեկան 32 հազար դրամից մինչեւ 42 հազար դրամ»։
Նամակում վարորդները նաեւ բողոքում են, որ լիցենզավորման կարգի հարկը թանկացել է՝ նախկին 9000 դրամից դարձել է 12 հազար դրամ։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ