«Վատիկանում կայանալիք իրադարձությունը մեծ նշանակություն ու հնչեղություն կունենա. այն ևս մեկ ապտակ կլինի Թուրքիայի համար»,- համոզված է Կալիֆորնիայի «Նորթրիջ» նահանգային համալսարանի հայագիտական ծրագրերի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Շեմմասյանը:
Խոսքը ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագի մասին է, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Իհարկե, Հռոմի պապը հոգևոր առաջնորդ է, սակայն նրա այս քայլը քաղաքական մեծ նշանակություն ունի: Պապի հզորությունը գիտակցելով՝ ողջ աշխարհի հայերը պետք է հպարտություն զգան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վ. Շեմմասյանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Կալիֆորնիայում կայանալիք միջոցառումներին՝ նա նշեց, որ դրանք այնտեղ դեռևս նախորդ տարվանից են սկսվել և շարունակվում են մինչև օրս. «Ապրիլի 24-ին Հոլիվուդում հազարավոր հայերի մասնակցությամբ քայլերթ տեղի կունենա: Տասը կիլոմետր կքայլենք դեպի Թուրքիայի հյուպատոսարան՝ այդպիսով բոլորին հիշեցնելով, թե ինչ է եղել 100 տարի առաջ: Կարծում եմ՝ սա ևս մեկ ճնշում կլինի Թուրքիայի նկատմամբ»,- ասաց Վ. Շեմմասյանը ՝ տեղեկացնելով, որ ապրիլի 25-ին ևս մի շարք միջոցառումներ են նախատեսված ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, բանախոսը կարևորեց այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի 50 նահանգներից 43-ն արդեն ճանաչել են Ցեղասպանությունը, և հավելեց. «Անկախ նրանից՝ Օբաման կարտասանի «Ցեղասպանություն» բառը, թե ոչ, մենք մշտապես պետք է Ցեղասպանության մասին հիշեցնող միջոցառումներ կազմակերպենք»:
Դառնալով Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցին՝ Վ. Շեմմասյանն այն շատ դրական քայլ համարեց. «Եթե մենք միլիոնավոր դոլարներ էլ ծախսեինք, աշխարհում չէինք կարող հասնել այնպիսի հնչեղության, ինչպիսին Քիմ Քարդաշյանի այցն առաջացրեց»,- նշեց բանախոսը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ