Civil Voice –ի հայացքն այս անգամ ուղղված է Ալավերդուն, քանի որ այստեղ իրականացված բժշկական վերջին հետազոտությունները խիստ տագնապային ցուցանիշներ են արձանագրել:
Համայնքի բնապահպանական սուբվենցիաներից հատկացված 6,6 մլն. դրամով Ալավերդու բժշկական կենտրոնում զննության է ենթարկվել 1050 քաղաքացի: Կրծքագեղձի սոնոգրաֆիկ և մամոգրաֆիկ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ զննության ենթարկված 30-60 տարեկան 550 կանանցից ընդամենը 7 կնոջ կրծքագեղձն է առողջ եղել: 404 կնոջ մոտ ախտորոշվել է կրծքագեղձի մաստոպատիա, 20-ի մոտ հայտնաբերվել է ֆիբրոադենոմա, կիստոզ փոփոխություն է հայտնաբերվել 29-ի, ֆիբրոկիստոզ փոփոխություն ախտորոշվել է 85-ի մոտ: հետազոտվածներից 8 կնոջ մոտ հայտնաբերվել է չարորակ նորագոյացություն:
Ըստ անհրաժեշտության՝ հիվանդներն Ալավերդիից ուղեգրվել են նաև Երևան՝ Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնում նորից հետազոտվելու և բժշկվելու, իսկ սուր դեպքերն արդեն վիրահատության են ենթարկվել:
Իսկ 40-60 տարեկան 500 տղամարդկանց շրջանում անցկացրած շագանակագեղձի հետազոտությունները ցույց են տվել բավականին անհանգստացնող պատկեր:
Կարդացեք նաև
Փաստորեն Ալավերդիում տղամարդիկ հիմնականում կրում են միևնույն առողջական խնդիրները:
Պրոֆիլակտիկ զննությունների արդյունքում նրանց ուղիղ կեսի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի ադենոմա, 86 տղամարդու մոտ ախտորոշվել է խրոնիկ պրոստատիտ, 44-ի մոտ` շագանակագեղձի պիպերպլազա, ընդհանուր առմամբ՝ 500 հետազոտվածներից խնդիրներ չունեցող տղամարդկանց թիվը եղել է 120-ը:
Տեղի բժիշկները պնդում են , որ բնապահպանական խնդիրներն այս հիվանդությունների առաջացման պատճառների ցանկում ամենավերջին տեղում են : Մինչդեռ բնապահպաններն այս սարսափեցնող վիճակագրության ետևում տեսնում են բնություն-առողջություն խեղված կապը, որը պղնձաձուլական գործարանի արտանետումների հետևանք է:
Ի դեպ, Ալավերդիում իրականացրած բուժհետազոտությունների արդյունքների հրապարակումից հետո էլ ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս «լուռ է»…
Նշենք՝ Ալավերդիում է գործում «Վալեքս» խմբին պատկանող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության պղնձաձուլական գործարանը:
Civil Voice հասարակական կազմակերպությունն անհանգստացած է Ալավերդիում արձանագրված նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդությունների աճող թվերից: Մենք կոչ ենք անում Առողջապահության նախարարությանը, Կառավարությանը և Վալեքս գրուպին անհապաղ քայլեր ձեռնարկել ծանրագույն վիճակում հայտնված քաղաքացիների բուժծախսերը հոգալու համար:
Այսպիսի թվերը խոսում են նաև մարզում ահազանգող դեմոգրաֆիական խնդրի մասին , ուստի հրատապ է միջոցներ ձեռնարկել վրահաս վտանգը կանխելու ուղղությամբ:
Մանրամասները ներկայացված են Civil Voice –ի պատրաստած տեսանյութում …
Civil Voice ՀԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժնի պետ՝
Բաբկեն Հարությունյան