«Քաղաքական լուսանցքում հայտնված անմեղսունակ երեւույթների տափակ հայտարարությունները մեկնաբանելու կարիք չկա»,- ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես կարճ պատասխան տվեց Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Լեւոն Զուրաբյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ Էդուարդ Շարմազանովի եւ իր միջեւ ծավալված բանավեճի մասին՝ ասել էր. «Իրենք անգամ մտածելը կարող են համարել հանցագործություն: Եթե իսկապես մտածում ես, կարող ես գալ այլ եզրակացությունների: Այս հարցում Շարմազանովն անմեղ է, ինքը երբեք նման հանցագործություն չի գործել: Նա բացարձակ անմեղ է, կասեի անգամ՝ հարթ տախտակ է: Չկարծեք, որ վիրավորանք է: Հարթ տախտակ արտահայտությունը լատինական tabula raza արտահայտությունն է, որը բնորոշ է այն մարդկանց, որոնք երբեք չեն մտածել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ