Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը՝ Հիմնադիր խորհրդարանին. «Դա քաղաքական մոտեցում չի»

Ապրիլ 10,2015 15:19

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հիմնադիր խորհրդարանի անդամների կալանավորմանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց. «Իշխանությունների կատարած քայլն ամբողջացրեց այն թեման, որ ապրիլի 24-ին մենք ցեղասպանության հետ զուգահեռ ունենք այլ թեմա՝ իշխանափոխության հարցը: Չեմ կարծում, որ այդ ձեւակերպումով Հիմնադիր խորհրդարանի անդամները պատրաստվում էին հակաօրինական ճանապարհով իշխանափոխություն իրականացնել, դա բավարար հիմք էր այդ ձեւակերպումով ձերբակալության համար: Առայժմ չկա որեւէ փաստ, ես ուշադիր ուսումնասիրել եմ բոլոր արտահայտությունները Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից, չեմ տեսել ուղղակի վտանգ, որ պատրաստվում էին իշխանափոխություն իրականացնել»:

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ի վերջո Հայաստան գալու են պետությունների ղեկավարներ, եւ արարողակարգը ենթադրում է, որ 1-2 շաբաթ առաջ այդ պետության ղեկավարներն իրենց ներկայացուցիչներին ուղարկելու են Հայաստան, որ ուսումնասիրեն անվտանգության հարցերը. «Այդ առումով իշխանությունները, որոնք կատարեցին այդ քայլը եւ կփորձեն դա ներկայացնել որպես համարժեք քայլ՝ համարժեք չէր: Կլինեն պետություններ, որ կնշեն, որ Հայաստանը ոչ միայն Ցեղասպանության 100-րդ տարելիցն է նշում, այլ նաեւ  այդ օրը հեղափոխություն է պատրաստվում իրականացնել: Բայց կարծում եմ, այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, այն, ինչ ասել է Հիմնադիր խորհրդարանը, այդ մասին չի ասվում: Ընդհակառակը, այս քայլով իշխանությունն ասում է, որ իսկապես, գուցե անվտանգության խնդիրներ ունենա Հայաստանը: Ես չեմ գտնում, որ իշխանության քայլերը ճիշտ են»:

Բայց մյուս կողմից Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իր համար դեռ անհասկանալի է մնացել՝ ինչո՞ւ Հիմնադիր խորհրդարանը հենց ապրիլի 24-ին է որոշել իրականացնել գործողություններ. «Հասկանալի է, որ բացարձակ խորհրդանիշն այդ օրվա Ցեղասպանության հարցն էր: Եթե Հիմնադիր խորհրդարանն ունի համախոհներ, կարող էր այդ նույն խնդիրը՝ իշխանափոխությունը իրականացնել, ասենք, մայիսի 1-ին, 10-ին: Չեմ տեսնում համոզիչ փաստեր, թե ինչու ապրիլի 24-ին անպայման, մենք հազարավոր հյուրեր ենք ունենալու: Ես չեմ հասկանում դա: Միայն ասել, որ ժողովուրդն այդ օրը դուրս է գալիս փողոց եւ օգտվել այդ հնարավորությունից՝ դա քաղաքական մոտեցում չի: Այս առումով, կարծում եմ, կամա թե ակամա, Հիմնադիր խորհրդարանն ու իշխանությունը, իրենց կամքով, իրենց կեցվածքով 24-ին մեկ այլ թեմա բերեցին քաղաքական հարթություն, նաեւ միջազգային հարթություն, որը կվնասի 100-ամյա տարելիցի արարողություններին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930