Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդները տրանսպորտի եւ կապի նախարարությունից երաշխիք են պահանջում

Ապրիլ 10,2015 15:08

Մոտ երկու հազար տաքսու վարորդ նոր օրենքով սահմանված լիցենզավորման կարգը ստանալու համար դիմել են տրանսպորտի եւ կապի նախարարությանը, սակայն արդեն մեկ ու կես ամսից ավելի է` լիցենզիա չեն ստացել։ Ավելին, վարորդներից մի քանիսը պնդում են, որ թեեւ իրենք դիմել են լիցենզիա ստանալու համար, մուծել են 12 հազար դրամը, միեւնույն է տուգանվելու հավանականությունը մեծ է, քանի որ դեռ չեն ստացել այն։

Իսկ լիցենզիա չունենալու դեպքում վարորդները տուգանվելու են հիսուն հազար դրամի չափով, եթե մեքենան չի պատկանում վարորդին, ապա 100 հազար դրամի չափով։

Տաքսու վարորդ Սարգիս Մաճկալյանի խոսքով՝ իրենք հարցի շուրջ դիմել են տրանսպորտի եւ կապի նախարարությանը, սակայն այնտեղից վստահեցրել են, որ այն  մարդիկ, որոնք դիմել են լիցենզիա ստանալու համար, սակայն դեռեւս այն չեն ստացել, չեն տուգանվի. «ժողովուրդը ուզում է համոզվել, որ չեն տուգանվի»,- ասում է վարորդը։ Սակայն հավատալու համար իրենք ոչ մի հիմք չունեն։ Մեր զրուցակիցը երկու ամիս է դիմել է նախարարությանը, սակայն լիցենզիան դեռ չի ստացել։

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» իրավաբան Մկրտիչ Մուրադյանն էլ մեզ պատմեց, որ այս ամենի հետեւանքով տուժում են վարորդները եւ կան վարորդներ, որոնք արդեն հիսուն հազար դրամով տուգանվել են. «Սա խնդրի լուծում չէ, բայց մտավախություն կա, որ շատերը վարչական տուգանքի կենթարկվեն»։

Անհատ վարորդ Ստանիսլավ Սիմոնյանն էլ հիշում է, որ նախարարության կողմից առաջին խաբեությունը սկսվեց այն ժամանակ, երբ վարորդները դեղին համարանիշները գնեցին, սակայն հետո իրենց ասացին՝ բերել եւ անվճար ետ հանձնել. «Կառավարությունը գիշեր-ցերեկ մտածում է՝ էլ ինչ անել, որ մարդկանց ձեռքից վերջին տաս դրամն էլ խլեն, իրենք չեն ստեղծում պայմաններ, որպեսզի մարդիկ կամավոր բերեն եւ վճարեն»։

Վարորդը վստահեցնում է, որ տաքսին էլ են ուզում մենաշնորհ դարձնել եւ մի կմ-ի դիմաց վերցնել մի եվրո։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930