Կալիֆոռնիայի պետական համալսարանի Նորդռիջի (CSUN) քիմիայի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանն օրերս ստացել է 2015 թ. Քենեդի կենտրոնի Սթեֆան Սոնդհեյմի ոգեշնչող ուսուցչի մրցանակը: Ամենամյա մրցանակը շնորհվում է ականավոր մանկավարժներին՝ կարևորելով նրանց շրջադարձային դերը ուսանողների կյանքում եւ ներդրումերը ուսուցման ոլորտում:
Դոկտոր Մելիքյանն առաջին հայ գիտնականն է, որն արժանանում է այդ պետական պարգեւին: Խիստ խորհրդանշական է, որ Հայոց ցեղասպանություն վերապրածների որդին է ստանում այս հեղինակավոր մրցանակը՝ Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցից ընդամենը մի քանի շաբաթ առաջ: «Սա իմ անձնական պատասխանն է այն մարդկանց, ովքեր փորձել են ջնջել մեզ երկրի երեսից, ինչը սակայն նրանց չի հաջողվել», – համալսարանի կայքում զետեղված հարցազրույցում ասել է Մելիքյանը:
«Ուսուցիչ լինելն ամենահուզիչ, ամենաաշխատատար եւ ամենից առավել հատուցվող մասնագիտությունն է», – ասել է Մելիքյանը: «Ես սիրում եմ մարտահրավերներ նետել իմ ուսանողներին՝ ստիպելով նրանց հավատալ իրենց, ստեղծելով կյանքի վերափոխման հնարավորություններ և նրանց դնելով բարեկեցիկ ապագայի ճանապարհի վրա: Ամեն նոր օրը նույնքան հետաքրքիր է, որքան որպես մանկավարժի իմ աշխատանքային առաջին օրն էր»:
«Որպես քոլեջի դեկան Գագիկին ճանաչում եմ շուրջ 10 տարի», – ասել է գիտության և մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Ջերի Սթիները:-Մեծ հարգանք եմ տածում Գագիկի հանդեպ և նրան համարում եմ քոլեջի լավագույն գիտնականներից ու ուսուցիչներից մեկը: Նա առաջնակարգ գիտնական է, որն ունի ուշագրավ հրապարակումներ և աներևակայելիորեն նվիրված է իր լաբորատորիայում ուսանողներին կրթելուն»:
Կարդացեք նաև
«Դոկտոր Մելիքյանն ինձ համար օրինակ է ծառայել եւ հանդիսացել է իմ ակադեմիական և մասնագիտական զարգացման խթանող անձը CSUN-ում», – ասել է մրցանակի առաջադրած նախկին ուսանող Քրիստոֆեր Ուայլդը,- նա առ այսօր շարունակում է կարեւոր դեր խաղալ»: Ուայլդի բնորոշմամբ. «Մելիքյանի գիտելիքների բարձր մակարդակն աչքի էր ընկնում հենց առաջին դասախոսությունից: Նա, լինելով բծախնդիր մասնագետ՝ պահանջում է կատարելություն»:
Մելիքյանի մեկ այլ գործընկեր CSUN-ում` կենսաբանության պրոֆեսոր Սթիվ Օթենհեյմերը, խոսելով Մելիքյանի մասնագիտական եւ մարդկային որակների մասին, նշել է. «Գագիկը հրաշալի ուսուցիչ, հետազոտող եւ հեղինակ է: Նրա խանդավառությունը եւ պարզությունը լսարանում տպավորիչ են: Հարյուր հազարավոր քիմիական նյութերի հետ կապված խնդիրների մասին պատմող նրա մրցանակակիր գիրքը («Մեղավոր` մինչև անմեղության ապացուցումը՝ հակաօքսիդիչներ, սննդամթերքներ, հավելումներ և դիմահարդարման միջոցներ»), իսկապես կարեւոր ներդրում է հանրային առողջությանը և բարեկեցությանը: Այդ գիրքը դասական է, և այն պետք է բոլորը կարդան: Ըստ համալսարանի մամուլի հաղորդագրության՝ Մելիքյանը նշել է, որ CSUN-ը հանդիսացել է նրա հաջողության հիմնական գրավականներից մեկը: «Վերջին երկու տասնամյակների ընթացքում CSUN-ը իմ հանդեպ այնքան աջակցություն, քաջալերում, փոխըմբռնում և գնահատանք է ցուցաբերել, որ ես դժվար թե ստանայի մեկ այլ վայրում», – ասել է հայազգի գիտնականը,-իսկ ներկայիս ձեռքբերումները, ինչպես դասարանում, այնպես էլ գիտահետազոտական լաբորատորիայում, անհնար կլինեին առանց համալսարանական, քոլեջային և ֆակուլտետային մակարդակներում տրամադրվող շարունակական աջակցության և օժանդակության»:
Պրոֆեսոր Մելիքյանն արժանացել է նաև Ժերոմ Ռիչֆիլդ հեղինակավոր ակադեմիական մրցանակի եւ ֆակուլտետի գերազանցության մրցանակի, որը համալսարանի կողմից տրված ամենաբարձր մրցանակն է՝ ի նշան ֆակուլտետի հետազոտությունների մեջ գերազանցության ճանաչման: Polished Apple մրցանակի արժանացած Մելիքյանը կրթել եւ ուսուցանել է քիմիայի, կենսաբանության եւ բժշկության ոլորտներում աշխատող մասնագետների մի ամբողջ սերնդի: Մելիքյանի աշխատանքը լայնորեն լուսաբանվել է նաեւ միջազգային լրատվամիջոցների կողմից: Որպես փորձագետ գիտնականը երկար տարիներ զբաղվել է ամերիկյան հասարակությանը վնասակար քիմիական եւ բնապահպանական աղտոտիչներից պաշտպանությամբ: