Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Ասատրյան. քաղաքացիների միջոցները «փոշեկուլում» են (Տեսանյութ)

Ապրիլ 10,2015 14:50

Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այս տարվա համար կանխատեսում է 10 % տնտեսական անկում: Պարոն Ասատրյանը տնտեսության վատ վիճակը պայմանավորում է ոչ միայն Ռուսաստանում ստեղծված իրավիճակով, այլեւ, նրա խոսքերով, «կոռուպցիայի խայտառակ մակարդակով, մենաշնորհներով ու հիվանդ տնտեսությամբ»:

Տնտեսագետի կարծիքով, Հայաստանի տնտեսությունը նման է մի փոշեկուլի, որը ժողովրդի գրպանից եկամուտներ, այդ թվում տրանսֆերտները, հավաքում է, մի մասը, իբրեւ լավություն, ապրանքների, ծառայությունների տեսքով վերադարձնում է բնակչությանը, իսկ հավաքագրած փողի մյուս մասը տնօրինում են այնպես` ինչպես իրենք են ուզում:

«Հայաստանը վտանգված երկիր է նաեւ ներդրումների իմաստով: Մեր երկրից միջոցները հոսում են դեպի Վրաստան: Մեր քաղաքական, վարչական էլիտան Վրաստանում է ներդրումներ անում: Այս պահին էական ներդրումներ, որոնք կարող են նպաստել Հայաստանի զարգացմանը ես չեմ տեսնում: Ջերմոցային տնտեսությունների զարգացումն է, որը սակայն, փոքր թվեր են եւ չեն կարող մեղմել գործազրկության, աղքատության մակարդակը »,-կարծում է պարոն Ասատրյանը:

Տնտեսագետի համոզմամբ, գնաճն էլ կկազմի 8 %-ի շրջանակներում:

«Եթե շարունակվի այնպես, ինչպես եղել է 2014 թվականին, եթե շարունակեն իրենց նման գործելակերպը, ոչ մի լավ բան չպետք է սպասենք: Կառավարությունը ոչինչ չի անում, բոլորն էլ տեսնում են, ապրիլի 10-ն է եւ արդեն ակնհայտ է, որ որակապես փոխված է իրավիճակը եւ արդեն կառավարությունը պետք է վերանայեր մոտեցումները, սկզբունքները, բայց որեւէ բան չի արվում: ԿԲ-ի եւ կառավարության հիմնական խնդիրը հետեւանքները կարգավորելն է»:

Ըստ, տնտեսագետի անցյալ տարվա ընթացքում մեր երկրի արտաքին պահուստների մակարդակը անկում ապրեց 760 միլիոն դոլարով, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին` 200 միլիոնով անկում ապրեց:

Aravot.am-ի հարցին, թե միջազգային տնտեսական կառույցները կարծես թե դրական են գնահատում այս ընթացքում, ստեղծված իրավիճակում, Կենտրոնական բանկի գործելաոճը, պարոն Ասատրյանը համոզմունք հայտնեց, որ ի տարբերություն կառավարության, ԿԲ-ն ավելի պրոֆեսիոնալ է:

Մեր այն հարցին էլ, թե ինչ է սպասվում բանկային համակարգին, քանի որ բանկերի մեծ մասը վարկավորումը, մասնավորապես դրամով դադարեցրել է, ավանդներ էլ կարծես թե նախկին ծավալներով չեն ներգրավում, Բագրատ Ասատրյանն ասաց, որ բանկերի վիճակն այդքան էլ «սարսափելի» չէ, որքան պատկերացնում ենք, եւ որ նախորդ երկու ամիսների տվյալները խոսում են այն մասին, որ վիճակը սկսել է կայունանալ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930