Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խեղված չափանիշներ. հե՜յ գիդի ժամանակներ…

Ապրիլ 10,2015 13:07

Այսպես էլ ապրում ենք` անցածին երանի տալով. «Հե՜յ, գիդի ժամանակներ, բա առաջ էսպիսի բան կտեսնեի՞ր»: Մեր օրերում ավելի ու ավելի հաճախ հանդիպող մտայնություն է: Եվ հարկ է խոստովանել, որ խնդիրը լոկ պարզ կարոտաբաղձությունը չէ: Խորհրդային կայուն բարքեր եւ որոշակի չափով կանոնավորված հասարակական կացութաձեւ տեսած սերունդը, կարծես թե, հիմքեր ունի այդկերպ դատելու եւ ներկայի հետ համեմատությունը հանգեցնելու անցյալի օգտին:

Իհարկե, նախորդ հասարակարգը կատարյալ չէր, բայց այնտեղ գոնե, ի տարբերություն նորի, սահմանված էին հստակ ստանդարտներ, որոնք ընդգրկում էին ժողովրդական տնտեսության բոլոր բնագավառները: Մասնավորապես անխափան էին գործում վերջնական արտադրանքի չափանիշավորման, ինչպեսեւ կադրերին ներկայացվող պահանջների տիպօրինականացման համակարգերը, որոնք պահպանվում էին, այն ժամանակվա ընտել եզրութաբանությամբ ասած, աչքի լույսի պես:

Այսինքն` «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքի որոշ բացառությունները հանած, կադրերի մասնագիտական պատրաստության համար գծված միասնական չափանիշները պարտադիր էին: Կառավարման ոլորտում եւ գաղափարական ճակատում պատասխանատու պաշտոն, խոշոր հաշվով, կարող էր զբաղեցնել բացառապես լենինյան «կադրային քուրայում» թրծված, համապատասխան «շկոլա» անցած անձը: Կադրերի հետ տարվող աշխատանքը, նրանց ընտրության ու տեղաբաշխման շարժընթացը մշտապես կոմունիստական կուսակցության «հայրական հոգատարության» եւ ուշադրության կենտրոնում էին:

Նույն կարգով գծված էր նաեւ արտադրանքի որակի ստանդարտների շրջանակը: Այլ հարց է, թե որակական ու տեխնոլոգիական հատկանիշներով որքանով էր տվյալ արտադրատեսակը համապատասխանում արդիականության պահանջներին եւ միջազգային չափանիշներին: Խորհրդային պրոպագանդան այդ մասին «համեստորեն» լռում էր, բայց ժողովրդի մի ստվար զանգված, չնայած դրան, լավ գիտեր, թե ինչն ինչոց է: Մախաթը պարկում չես թաքցնի:

Ամեն դեպքում նույնիսկ միակուսակցական-բռնատիրական վարչակարգի պայմաններում պետական պաշտոնյան, ցանկացած ճյուղի մասնագետը կամ ղեկավարը, եւ սրան դժվար է հակաճառել, թե´ մասնագիտական կարողություններով, թե´ կազմակերպչական որակներով մի գլուխ բարձր էր այսօրվա իր գործընկեր-պաշտոնակցի համեմատ… Բայց անցյալին եկեք հանգիստ թողնենք: Անցյալն անցավ-գնաց` դառնալով պատմություն եւ իր հետ տանելով կոմունիստական դարաշրջանի լավնուվատը:

Ուրեմն` խորհրդային անցյալից գանք ժողովրդավարական ներկա` դիտարկելու համար, թե «Կադրերն են վճռում ամեն ինչ» ստալինյան հանրահայտ կարգախոսին գործնականում ինչ են հակադրում հայրենի ժողովրդավար կառավարիչները` սկսած երկրի առաջին դեմքից, որը կադրային հարցում անձամբ է «վճռում ամեն ինչ»: Անձամբ է որոշում, թե ով կարող է զբաղվել քաղաքականությամբ եւ ով` չմուծել հարկերը, ով կարող է ներկրել բենզինն ու ալյուրը եւ ով` տնօրինել ազգիս կրթությունն ու մշակույթը, ով է լինելու հաջորդ ընդդիմությունը եւ ով` ընդդիմության ընդդիմությունը: Եվ այդպես՝ ոլորտ առ ոլորտ:

Դե, հիմա չափանիշները փոխվել են, հիմա ինքնիշխան պետություն ենք, ասել է թե` Ինքն է իշխողը: Ինքը պիտի իշխի, մյուսներս լռելյայն համաձայնենք իր կայացրած որոշմանը եւ, որ նույնն է, իշխելու մեր թշվառ վիճակին: Թրծվածությունը, «շկոլան», աշխատանքային փորձը, կազմակերպչական ջիղը, պարկեշտությունը եւ մինչեւ անգամ բուհական կրթությունը հիմա կապիտալ չեն, այսինքն` ոչ մի արժեք չեն ներկայացնում: Միակ կապիտալը կամ այժմյան չափանիշը անձնական հավատարմությունն է թիվ մեկ «իշխողին»: Իսկ հավատարմություն կոչվածը աքսիոմ չէ. այն դեռ պետք է տքնաջան կերպով ապացուցել ու ապացուցել:

Բայց ինչպե՞ս ապացուցել,- կհարցնի ամենահետաքրքրասեր ընթերցողը: Շատ հասարակ,- կպատասխանենք. «իշխողի» ընտրության եւ վերընտրության օգտին առատ քվեներ բերելով, վերջինիս «թասիբը», բերանից թռած (կամ թռցրած) ամեն բառը կրծքով պաշտպանելով: Միով բանիվ` գլուխն անվարան դնելով նրա պատվի ու արժանապատվության զոհասեղանին: Նույնիսկ` չեղած արժանապատվության:

Եթե անձը գնում է նմանօրինակ զոհողության` նշանակում է պատրաստ է ղեկավարելու: Ավելին` նշանակում է արդեն պատրաստի կադր է, իսկը տաշած քար, որը երբեք գետնին չի մնա: Իսկ եթե, ի հավելումն այդ ամենի, ունի նաեւ քրեական անցյալ, հաստատ կունենա պայծառ ապագա: Թե չէ` «շկո~լա», չափանիշնե~ր, ստանդարտնե~ր…

Երեկ հեռուստաէկրանից հերթական մի «խոսող գլուխ» (անունը կարեւոր չէ, այդ նմուշից, փառք Աստծո, շատ կա մեր կառավարությունում, Ազգային ժողովում եւ պատասխանատու այլեւայլ գործերի գլուխ կարգված), դեմքին քրիստոսավայել լրջություն տալով, կաշվից դուրս էր գալիս միամիտ հարկատուներիս հավատացնելու, որ շնորհիվ հայոց երկիրը համակած բարեփոխումների, մարդկանց կյանքի որակը օրեցօր փոխվում է դեպի լավը, եւ նրանք սկսում են ապրել չաղ ու բախտավոր:

«Խոսող գլուխը» բերում էր թվեր ու տվյալներ` ակնհայտորեն մտացածին, թե արտագաղթի տեմպերը նվազում են, գործազրկությունը կրճատվում է, միջին աշխատավարձը` աճում, ֆլան-ֆստան: Տպավորություն էր, թե խոսողը պետական պաշտոնյա չէ, այլ հրավիրված հեքիաթասաց, քանզի միայն հեքիաթում կարող է լինել այդպիսի հրաշք` ուղղակի լող տալ երջանկության ծովում, բայց այդ մասին տեղեկանալ ուրիշից: Մեկը լիներ, հարցներ` այ խելքի տոպրակ, եթե մեզանում ամեն ինչ այդքան լավ է, հապա ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ: Պատասխան դժվար թե ունենար, քանի որ նրա «լավն» ու մեր «վատը», ինչպես երեւում է, դասակարգման նույն աղյուսակում են:

Արագ փոխում ես ալիքը, որտեղից մեկ այլ «խոսող գլուխ» հեգելով` ինչպես դասը վատ սերտած դպրոցական, տիրաժավորում է օրվա իրադարձությունները: «Իշխողին» առընթեր կադրերից այս մեկը պետական գործիչ չէ, հաղորդավար է: Հետեւելով նրա անհոդաբաշխ հայերենին, հասկանում ես, որ հեռուստաոլորտում նույնպես չափանիշները խեղված են: Արտասանական մի փոքր բարդության դեմ առնելիս՝ հաղորդավարը կմկմում է, խառնվում իրար: Տնաշե՛ն, տեքստդ գոնե մի անգամ աչքի անցկացնեիր` նախքան միլիոնանոց լսարանի առջեւ դուրս գալը: Այս ի՞նչ է քո հալը:

Ընդամենը երկու դրվագի հպանցիկ նկարագրություն, եւ ոմանց կարոտաբաղձության պատճառը, կարծես թե, հասկանալի է դառնում: Հե՜յ, գիդի ժամանակներ…

 

Գեւորգ ԼԱԼԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930