Նախորդ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, որ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներ, ԲՀԿ-ականներ հայտ են ներկայացրել՝ անդամագրվելու ՕԵԿ-ին: Հետո հերքվեց այդ տեղեկությունը, նույնիսկ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Մհեր Շահգելդյանը զանգահարել է իրեն եւ ասել, որ դա ապատեղեկատվություն է:
Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ Aravot.am-ը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին խնդրեց վերջապես հստակություն մտցնել այս հարցում եւ պարզաբանել՝ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներ,ԲՀԿ-ականներ դիմե՞լ են անդամագրվելու ՕԵԿ-ին, թե՞ չեն դիմել:
Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Այն փոթորիկը, որ տեղի ունեցավ քաղաքական դաշտում, եւ քաղաքական այն ուժերը, որոնց ընտրազանգվածը մի քանի 100 հազարի հասնող էր, բնականաբար մարդիկ կան, որոնք կողմնորոշման խնդիր ունեն ապագայի հետ կապված: Մեր գրասենյակներում ընդունելության գործընթաց գնացել է այս ժամանակահատվածում ավելի ակտիվ, քան նախկինում է եղել: Թե ով է ում զանգահարել, ով է ում ինչ ասել, երկրորդական է, ես տեղեկություններ չունեմ: Բայց այն, որ ակտիվություն կա մեր գրասենյակներում եւ կա ընդունելություն ավելի շատ քաղաքացիներ, սա միանշանակ է, եւ ես դա հաստատում եմ»:
Լրագրողները եւս մեկ անգամ ճշտեցին՝ հիմա ԲՀԿ անդամներ դիմե՞լ են, ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներ դիմե՞լ են: Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «ԲՀԿ անդամներ դիմել են, ինչ վերաբերում է ԲՀԿ պատգամավորներին, ամեն խոսակցություն չի, որ հրապարակման ենթակա է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ