Լոս-Անջելեսում բնակվող ատամնաբույժ Հարություն Կարմիրյանը դարձել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի բարերարը: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնեց, որ Կարմիրյանի բարեգործությամբ Բաղանիսում ժամանակակից 5 ավտոկանգառ է կառուցվել, տեղադրվել 15 հատ աղբարկղ, կահավորվել Բաղանիսի միջնակարգ դպրոցի պատմության կաբինետը:
Բաղանիսը վարի տրակտոր չուներ, հարեւան բնակավայրից այն բերելը գյուղի համար հավելյալ ծախս էր: Բաղանիսի բնակիչներն ամիսներ առաջ խնդրանքով դիմել էին Հ. Կարմիրյանին,որպեսզի նա այդ հարցում օգնի : Օգնությունը չուշացավ, Բաղանիսն ունեցավ «ԴՏ-75» տրակտոր: Այդ նպատակով ծախսվեց 7500 ԱՄՆ դոլար: Բաղանիսի բնակիչները երախտապարտ են Հ. Կարմիրյանին:
«Գիտե՞ք, Հարություն Կարմիրյանի հետ ծանոթացել եմ համացանցով: Հայրենասեր հայի Բաղանիս այցը նախատեսված է մայիսին, անհամբեր սպասում ենք»,- ասաց Ն. Սահակյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ