Եվրասիական տնտեսական միության երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը չի խոչընդոտի ինտեգրացիոն միությունում Հայաստանի ձեռներեցների գործունեությանը: Այս մասին ռուսական «Мир» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր ձեռներեցները պետք է լրացնեն տարանցիկ հայտարարագրեր, որպեսզի կարողանան ապրանքները փոխադրեն հարեւան երկրներով: Բայց ես կարծում եմ, որ դրանք այն ծախսերը չեն, որ կարող են ազդել ապրանքների ինքնարժեքի կամ բիզնեսի շահութաբերության վրա»,- մասնավորապես ասել է Հայաստանի նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ԵՏՄ-ն միայն առեւտուր չէ. «Կրկնում եմ, միությունը հիմնված է չորս սկզբունքների վրա. ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ուժի ազատ տեղաշարժ: Իսկ 21-րդ դարի տեխնիկական միջոցները թույլ են տալիս առանց դժվարության օգտվել այդ ազատություններից»:
Ս. Սարգսյանը նաեւ խոսել է ԱՊՀ շրջանակներում համագործակցության ամրապնդման մասին. «Կարծում եմ, որ հումանիտար համագործակցությունը այսօր ոչնչով դեռ հնարավոր չէ փոխարինել: Մենք շատ երկար ենք միասին ապրել մի երկրում: Մենք շատ ամուր կապեր ենք ունեցել եւ այսօր, անկախության պայմաններում, անհրաժեշտ է ամրապնդել, գոնե անել այնպես, որ այդ կապերը չկտրվեն»:
Կարդացեք նաև
Այդ պատճառով, ըստ ՀՀ նախագահի, այս կազմակերպությունը շատ օգտակար է եւ պետք է ամեն կերպ ամրապնդել այն:
https://www.youtube.com/watch?v=_WGdR9mtCps
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ