Քիմ Քարդաշյանը լավ բիզնեսմեն է, նա միլիոններ է դուրս բերում ոչնչից` մարմնի ցուցադրությունից, իր իրապատում-շոուի ժամանակ դատարկաբանելուց, իր անուն-ազգանունից, եւ այդպես շարունակ: Դատելով ունեցվածքից` լավ գործարար է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որը, սակայն, օրինակ, լավ չէր հաշվարկել իր հարցազրույցի թողարկման ճիշտ պահը, քանի որ այն լրատվամիջոցներում երեւաց Քիմի Հայաստան ժամանելուն զուգահեռ, ու չնայած հատուկ մտածված ուղերձներին` ստվերվեց ԶԼՄ-ներում Քիմ Քարդաշյանի վերաբերյալ լրատվահեղեղի մեջ:
Քիմի այցին միֆական երանգներ վերագրած մեր ԶԼՄ-ներն ու հասարակության բավական ստվար քիմամոտ հատվածն, իհարկե, օգնում են Քիմի այն մտադրությանը, որ իր այցից առավելագույն տեսաշար ունենա ամերիկացիների համար էկզոտիկ Հայաստանից իր շոուի համար, սա` գործարար կողմը: Միաժամանակ էմոցիոնալ կողմը եւս չի անտեսված` էմոցիոնալ գրառումներ սեփական էջերում, արժանիի հատուցում հոր` ԱՄՆ-ում ժամանակին բավական հայտնի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի հիշատակին, ով չնայած օտարերկրացի կնոջ պարագային, հայկականությունը չէր զլացել ընտանիք ներմուծել: Արժանին հատուցելու տարբերակներից է լինելու Ցեղասպանության տարելիցի եւ միլիոնուկես հայ նահատակների հիշատակի հարգումը Ցեղասպանության հուշարձանի մոտ: Խոստովանենք, Քիմը երբեք անտես չի արել Ցեղասպանության խնդիրը` երբեմն մի երկու բառ գրելով սոցիալական ցանցերի իր էջերում, եւ այդպիսով Հայոց ցեղասպանության դատապարտումը մեկ վայրկյանում հասանելի դարձնելով իր միլիոնավոր երկրպագուներին, ինչը հայ լոբբիինգի տարիների շատ ջանքերին կարող է հավասարվել:
Հայաստանում եւս փորձել են երկու-երեք նապաստակ որսալ մի կրակոցով` Քիմին Հայաստան հրավիրելով (Հայաստանի զարգացման հիմնադրամն ու SIMA Tours USA ընկերության համատեղ ջանք)` Քիմի գալը ահռելի գովազդ է Հայաստանի համար տուրիզմի առումով, նրա ընտանեկան ուխտագնացությունն իր արմատների երկիր Հայոց ցեղասպանության տարելիցի շեմին, որի առթիվ անշուշտ, Քարդաշյանը դեռ կարտահայտվի, նույնպես դատապարտման առումով միանգամից շատ մեծ էֆեկտ կունենա ողջ աշխարհում: Պատահական չէ թուրքերի ջղաձիգ արձագանքը Քիմի այցին: Առհասարակ, պարզվում է` հայ հայտնիներին հերթով Հայաստան հրավիրելու ծրագիր կա` մի քանի նապաստակների որսի համատեղումը շարունակելով:
… Ի դեպ` աշխարհում շատ հայտնի թերթեր արդեն անդրադարձել են Քիմ Քարդաշյանի այցին Հայաստան` պատմելով Ցեղասպանության եւ Հայաստանի մասին: Այսինքն` այս այցը հիանալի է աշխատում հանուն Հայաստանի ու հայկական հարցի:
Կարդացեք նաև
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում