Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «ՊՆ-ն պարտավորություն չունի երկրից դուրս զինվորի բուժսպասարկման համար վճարելու»

Ապրիլ 10,2015 12:43

«Երկրի տարածքից դուրս, ըստ օրենսդրության, և միջոցների սղության պատճառով ՀՀ ՊՆ-ն պարտավորություն չունի բուժսպասարկման համար վճարելու»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Զինված ուժերում վիրավորված զինծառայողների բուժսպասարկման հասանելիության խնդիրները» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով սահմանին վիրավորված զինվոր Գևորգ Եղիազարյանի` արտերկրում բուժման ծախսելը հոգալ չկարողանալուն:

Նշենք, որ 4 տարի առաջ հակառակորդի գնդակից ծանր վիրավորված Գևորգ Եղիազարյանը մինչև այսօր չի կարողանում շարժվել: Վերականգնողական բուժման համար անհրաժեշտ է 56 հազար դոլար, որը Գևորգի ընտանիքը չունի:

Այս առիթով Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնեց. «Եղել են նաև դեպքեր, երբ ՊՆ-ն մասնակի օգնություն տրամադրում է զինծառայողներին արտասահմանում բուժսպասարկման համար: Նախորդ երեք տարիների ընթացքում եղել են վառ դեպքեր, որոնք արտասահմանում բուժման են մեկնել: Օրինակ՝ 2013-ին ցավոք մի հիվանդի չկարողացանք այստեղ փրկել, հուզական ֆոնի վրա ծնողներին խաբեցին, թե իբր Մոսկվայում կարող են փրկել, մենք էլ աջակցեցինք, տարան Մոսկվա, բայց չկարողացան Մոսկվայում փրկել: Լրացուցիչ գումարն էլ վճարեցինք, ապարդյուն: Օրինակ` անցյալ տարվա վիրավորվածների մեջ իմ հարազատն էր, Ֆրանսիայում բուժում պիտի իրականացնեին, բայց նորից չկարողացանք ամբողջությամբ օգնել»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը, անդրադառնալով Գևորգ Եղիազարյանի բուժման խնդրին, նշեց. «Ձեր թվարկած դեպքը առաջինը չէ և նման քաղաքականության շարունակության դեպքում չի էլ լինելու վերջինը: Համենայն դեպս 2011-2014-ը մեզ դիմած անձանց մեծ մասի խնդիրները վերաբերում էր հենց նրան, որ ունեն բուժման կարիք: Իհարկե, շատ դեպքերում ՊՆ-ն տրամադրել է այդ գումարները: Սակայն ասել, որ ֆինանսական միջոցներ չունենք, տվյալ բուժումը թանկարժեք է, դա չի վերցնում ՊՆ-ի վրայից պատասխանատվությունը, որ ունի զինվորի առաջ»:

Արծրուն Հովհաննիսյանը հակադարձեց, թե դա ամենևին չի նշանակում, որ իրենք իրենց վրայից պարտականություն են գցում, պարզապես՝ «Մենք տալիս ենք այնքան, ինչքան ի վիճակի ենք»: :

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի համակարգողի օգնական Արտաշես Սերգոյանը մտահոգություն հայտնեց. «Ցավոք, բավարար աշխատանք չի տարվում, որ պատերազմական իրավիճակը կանխվի: Ընդհանրապես պետության վերաբերմունքի մասին է խոսքը առողջական խնդիրներ ունեցող զինվորների ուղղությամբ: Միայն 2014 -ին 64 զինծառայող զորացրվել է առողջական խնդիրների պատճառով: Նախկինում ավելի շատ է եղել առողջական խնդիրներով զորացրվողների թիվը»:

Դառնալով դիտարկմանը` Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «Մենք քայլեր ձեռնարկում ենք, մենք այս հարցը տեղափոխել ենք բանակցային մակարդակի: Բայց այլ բան է, որ իրենք նորից դիմում են հրադադարի խախտման, մենք էլ ստիպված պատասխանում ենք ու դա վերածվում է ոչ ակտիվ պատերազմի: Մենք չենք ուզում այդպես լինի, բայց պատերազմը, ինչ էլ լինի, զոհեր է տալիս»:

Այս առիթով Արմինե Սադիկյանն ասաց. « Խնդրում ենք ամեն ինչ մի վերագրեք պատերազմական վիճակին: 2010-ից ի վեր մեր փաստերը ցույց են տվել, որ զինուժում մահացության դեպքերի ընդամենը 25 տոկոսն է եղել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Մնացածը եղել են ներքին կանոնադրային, առողջական խնդիրների հետ կապված: Միայն 2014-ի վերջից սկսած, երբ իրավիճակը լարվեց, այդ ժամանակ է այդ 25 տոկոսը կրկնապատկվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930