Լրահոս
Օրվա լրահոսը

8-ամյա Նարեկը թեւերը չի շարժում, բայց շախմատ է խաղում, համակարգչով տեքստեր է հավաքում

Ապրիլ 10,2015 17:00

8-ամյա Նարեկի ձեռքերը եղբայրն ու մայրն են. դասերը սովորելուց հետո նրա փոխարեն դասագրքերն ու տետրերը դպրոցական պայուսակում մայրն ու եղբայրն են դասավորում, դպրոցում էլ՝ դասընկերները, եղբայրն է ուղեկցում դպրոց՝ Նարեկի պայուսակն էլ ինքն է բռնում: Նարեկը չի կարողանում ինքնուրույն ուտել, հագնվել, բայց մտավոր ունակություններով չի զիջում հասակակիցներին, դեռ մի բան էլ ընդգծված ընդունակություններ ունի:

Նարեկի ծնվելուց հետո նրա մոտ ախտորոշել են արթրոգրիպոզ հիվանդությունը. սա հազվադեպ հանդիպող հիվանդություն է՝ հոդաձեւախախտում, ինչի պատճառով Նարեկը չի կարողանում թեւերը շարժել: Թեւերը չշարժելն ամենեւին էլ խոչընդոտ չէ Նարեկի՝ դպրոց հաճախելու ու լավ սովորելու համար: Ու չնայած, ի տարբերություն այլ աշակերտների, դպրոցական հանձնարարությունները Նարեկը չի կարողանում տետրում գրել, սակայն այդ բոլոր աշխատանքները բանավոր է կատարում:

«Առավոտի» հետ զրույցում Նարեկի դասվար Անահիտ Սերգեյանը պատմում է՝ երբ մյուս աշակերտները ուղղագրական բառերը տետրում են գրում, հետո ինքը ստուգում է, ապա Նարեկի հետ աշխատելիս բառն արտասանում է, իսկ Նարեկը տառ առ տառ այն կրկնում է, եթե որեւէ տառ սխալ է ասում, ինչը հազվադեպ է լինում, ուսուցչուհին ուղղում է:
«Սկզբում դժվար էր, ես պատրաստ չէի Նարեկի հետ աշխատելու, վախենում էի՝ մի բան այն չանեմ, վնասեմ, բայց հետո հենց Նարեկի օգնությամբ այս ամենը հաղթահարվեց»,- պատմում է տիկին Սերգեյանը: Բանն այն է, որ Նարեկը թիվ 121 հանրակրթական դպրոցն է հաճախում, այն ներառական չէ:

Դպրոցի տնօրեն Օֆելյա Աղաբեկյանը մեզ հետ զրույցում ասում է՝ որքան էլ փորձել են Նարեկի մորը խնդրել, համոզել՝ երեխային ներառական դպրոց տանել, քանի որ այնտեղ հատուկ վերապատրաստված մասնագետներ կան, համապատասխան պայմաններ, մայրը հրաժարվել է: «Այստեղ սովորելու տարիներն արդյունք են տվել»,- ասում է տնօրենը:
Նարեկի մայրը՝ տիկին Անահիտը, մեզ հետ զրույցում պատմում է, որ մինչ դպրոց հաճախելը՝ երբ Նարեկը 3 տարեկան էր, 2 մանկապարտեզների տնօրինություն մերժել է ընդունել, համապատասխան պայմաններ ու մասնագետներ չեն եղել: Մոր պատմելով՝ երկար փորձերից ու փնտրտուքից հետո գտել է մի մանկապարտեզ, որտեղ սիրով են ընդունել Նարեկին՝ չնայած այս նախակրթարանն էլ ներառական չէր, այսինքն՝ հարմարեցված չէր հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Տիկին Անահիտն ասում է, որ այս մանկապարտեզում շատ հոգատար էին Նարեկի հանդեպ, մանկապարտեզ հաճախելը հետագայում դպրոց հաճախելու համար Նարեկին շատ օգնեց, որոշ բարդույթներ հաղթահարած գնաց 1-ին դասարան ու հիմա արդեն 3-րդ դասարանում է սովորում՝ առանց կաշկանդվելու շփվում, խաղում ընկերների հետ: «Առաջին իսկ օրվանից Նարեկը բացարձակ չառանձնացավ մյուս երեխաներից, չգիտեմ՝ երեւի երեխաներն էլ մեծ դեր ունեցան՝ որեւէ տարբերություն չդնելով: Դասընկերներն օգնում են դասագրքերը հավաքել, տետրերը տանել-բերել, Նարեկի կողքին նստող աշակերտը միշտ նրա տետրն էլ է բացում: Տնային հանձնարարությունները օրագրում ընկերներն են գրում: Նարեկի շորերը ես եմ հագցնում, առաջին օրերին մի քիչ վախենում էի՝ հանկարծ չվնասեմ, մեկ, երկու, հասկացա, որ չէ, ամեն ինչ կարգին է: Ֆիզկուլտուրայի դասերին էլ է մասնակցում, նախավարժանքներ է կատարում, թեթեւ վարժություններ է անում, շատ չենք ծանրաբեռնում: Նարեկը հիմա դռան բռնակը կարողանում է թեւով հրել, դուռը բացել»,- ուրախությամբ նշում է տիկին Սերգեյանը:

Մեր այցելության ժամանակ Նարեկն իր համադասարանցիների հետ շախմատի դասին էր, շախմատ էլ է լավ խաղում. քայլը բանավոր թելադրում է, օրինակ՝ փիղ C3 կամ արքա F4, իսկ շախմատային «հակառակորդ» դասընկերն էլ ֆիգուրը տեղափոխում է համապատասխան դաշտ:

«Ուզում եմ ֆուտբոլիստ դառնամ, ֆուտբոլ սիրում եմ»,- մեզ հետ զրույցում ասում է Նարեկը, հետո մի քիչ մտածում է ու ավելացնում. «Չէ, դեռ չգիտեմ՝ ինչ կդառնամ»: Դասվարն ասում է, որ Նարեկի մոտ բանավոր խոսքն ու միտքը շատ զարգացած է, սահուն ու գեղեցիկ, հաճախ հուզիչ մտքեր է արտահայտում՝ շարադրություն գրելու փոխարեն. «Նաեւ շատ վարպետորեն արտասանում է, նույնիսկ համադասարանցիներն են ասում, որ ամենալավը նա է արտասանում»:

Նարեկը երազում էր համակարգիչ ունենալ. երազանքը կատարվել է՝ նեթբուք ունի, դասերի ժամանակ այս համակարգչով տեքստեր է հավաքում, կարողանում է մկնիկն էլ տեղաշարժել: Դասասենյակի ցածր սեղանի վրա դրված համակարգչով Նարեկը կանգնած՝ աջ ձեռքի միջնամատով ու ցուցամատով մեր ներկայությամբ արագ հավաքեց՝ Նարեկ Հակոբյան: Նարեկի ուսուցչուհին ասաց, որ նրան հանձնարարել է բազմապատկման աղյուսակը գրել համակարգչում, այդպես աղյուսակը հավաքելով՝ ավելի հեշտ կսովորի:
Մայրն էլ պատմում է, որ երբ հյուր էին գնում, ով համակարգիչ ուներ՝ խնդրում էր տային իրեն՝ մի քիչ խաղար. «Ու այդպես ինքնուրույն սկսեց տեքստեր հավաքել, խաղեր խաղալ: Եթե կանգնած հոգնում է, նստում է ու սկսում քիթիկով տեքստ հավաքել, շատ ճարպիկն է, ամեն ելք գտնում է, բոլոր խոչընդոտները հաղթահարում է»:

Նարեկի մայրը պատմում է, որ Նարեկի հայրը լքել է ընտանիքը երեխայի ծնվելուց հետո. «Ես վստահ եմ, որ պատճառը երեխան էր, չկարողացավ դիմանալ դժվարություններին: Հիմա ընդամենը ալիմենտով է օգնում, այն էլ օգնություն չէ, 12 հազարական դրամ երկու տղաներիս համար: Ես էլ աշխատում եմ մինչեւ կեսօր ու 25 հազար դրամ աշխատավարձ ստանում: Գումար չլինելու պատճառով երեխային չեմ կարողանում ֆիզիոթերապեւտիկ կուրսերի տանել: Առաջ տանում էի, թաղապետարանն էր միանվագ գումար հատկացրել ֆիզիոթերապեւտիկ կուրսերի համար, հետո ասացին՝ էլ գումար չունեն: Այդ կուրսերից հետո ահագին լավացել է Նարեկը, երկու մատը դրանից հետո սկսեց շարժել: Իհարկե, շատ եմ ուզում վերականգնվեն բուժումները, բայց առայժմ հնարավորություն չունեմ: Գիտեք, ես Նարեկիս այնպես եմ դաստիարակել, որ երբեք չկաշկանդվի, եթե մեկը կոնֆետ է հյուրասիրում ու զարմանում է, որ չի վերցնում, Նարեկն անմիջապես հյուրասիրողին ասում է՝ տվեք մամայիս, հետո ինձ է ասում՝ մամա, վերցրու, բացի, տուր ուտեմ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930