Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մովսիսյան. «Այսպես էլ ապրում ենք՝ երկիրը՝ աղքատ, իշխանավորը՝ ապիկար». «Իրատես de facto»

Ապրիլ 10,2015 11:56

Երգահան Արմեն Մովսիսյանը մայիսի 17-ին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում կներկայանա  մենահամերգով։ Նույն օրը տեղի կունենա նաև «Իմ կախման կետեր» սկավառակի եւ «Անվերնագիր» երգարանի շնորհանդեսը։ Յոթ  տարվա «լռությունից» հետո Արմեն Մովսիսյանը ներկայանում է նոր երգերով: «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ սկավառակում տեղ գտած 12 երգերից 10-ը երբեւէ չեն հնչել:

 – Ինքնության գիտակցումը օտար ափերում, կարծես, երկրորդ պլան է մղվում: Գուցե բնականո՞ն է:

– Կարծում եմ, որ լավ ուսուցիչներ պետք է ունենանք։ Աշակերտիս հարցնում եմ՝ ինչո՞ւ հայերեն չգիտես, ասում է՝ կիրակնօրյա դպրոցի հայերենի ուսուցչին չսիրեցի։ Այսինքն, սարսափելի բան է տեղի ունեցել, չգիտեմ ինչու, երեխայի վրա վատ ազդեցություն են թողել, ու ամբողջ կյանքում այդ երեխան կարող էր կտրված մնալ իր գենոֆոնդից։ Տղամարդ է դառնում ու հիմա է հասկանում, որ ինքը հայ է։ Բայց կիթառի ուսուցչի պարտականությունը չէ դա, այլ հայերենի, հայոց պատմության ուսուցչի։ Այստեղից պետք է սկսել։

Այս խնդիրը կա նաև Հայաստանում։ Ուսուցիչը նախ պետք է լավ վարձատրվի։ Բացի այդ, ուսուցիչը պետք է ոչ թե մասնագիտություն լինի, այլ կոչում, ավելին՝ պետական բարձրաստիճան պաշտոն։ Բայց եթե այդպես լիներ, կբաժանեինք մեր ծանոթ- բարեկամներին, ու հարցն էլի բաց կմնար։ Այսպես էլ ապրում ենք՝ երկիրը՝ աղքատ, իշխանավորը՝ ապիկար, ինչը սկզբունքորեն ազդում է բոլոր ոլորտների վրա՝ մշակույթ, կրթություն, գիտություն, տնտեսություն։ Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք։

Վաղուց մեր երկրում ոչ մի բան չի փոխվում։ Երբեմն մտածում եմ՝ լավ, ինչքա՞ն կարելի է թալանել։ Ամեն տեղ էլ կա թալան, բայց չափ պիտի լինի ոտքը նեղ կոշիկի մեջ սեղմելու, որ մարդը գոնե կարողանա քայլել։ Երբ չափն անցնում են, կացությանն են կպչում, մարդը նվաստացած է զգում իրեն և՛ նյութապես, և՛ բարոյապես։ Պիտի սթափվեն իշխանավորները, հասկանան, որ այս երկիրն իրենցից առաջ է եղել ու իրենցից հետո էլ պիտի լինի։ Գուցե մտածում են՝ մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ։ Այս ամենը տանում է ոչ ցանկալի տարբերակի՝ հեղափոխության, որի ժամանակ թացը չորի հետ խառնվելով այրվում է։

– Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ի՞նչ զարգացումներ են նկատվում, և ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ։

– Ամբողջը քաղաքական խաղեր են։ Միայն ուժեղ ձեռքով, միայն սրով է հնարավոր իրավունքներ հաստատել: Աշխարհին պետք է ճանաչելի դարձնենք ցեղասպանության խնդիրը, բայց չմտածենք, թե դա կլինի սպեղանի, երկնային մանանա ու կբուժի մեր մեկդարյա ցավը։ Աշխարհի պատմությունը ձեզ փայլուն օրինակ՝ արդարության կարող ես հասնել, եթե ունես ուժեղ պետություն, ուժեղ երկիր։

– Բայց դատարկվում է մեր երկիրը֊

– Մեր թե՛ երեկվա, թե՛ այսօրվա իշխանավորները պետք է ժողովրդական դատի առաջ կանգնեն։ Իշխանությունը ժառանգաբար, պայմանավորվածություններով փոխանցելու սովորությունը լավ բան չի գուժում։ Մտահոգ եմ, որ արտահոսքը չի դադարում, նոր սերնդի լավ մասնագետների եմ տեսնում այստեղ, որ լքել են երկիրը, պարզ է, որ մնալու են։ Անընդհատ կրկնվում է պատմությունը:

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930