Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. Մետաքսի ճանապարհը կանցնի Հայաստանով (Տեսանյութ)

Ապրիլ 10,2015 11:28

«Չինաստանի կողմից Մետաքսի ճանապարհի գործարկումը շատ առավելություններ է տալիս Հայաստանին»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն`անդրադառնալով հայ-չինական եւ հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը:

Մետաքսի ճանապարհի մայրուղիներից մեկը պետք է Իրանով անցնի դեպի Սեւ ծով: Այն պետք է կամ Ադրբեջանով անցնի, կամ Հայաստանով: Բանախոսի համար ակնհայտ է, որ Իրանն առավելությունը պետք է տա Հայաստանին, քանզի Ադրբեջանի հետ «ոչ պայծառ» հարաբերություններ ունի, որոնք դեռ կարող են բարդանալ: Կարեւոր է նաեւ Չինաստանի ընտրության խնդիրը: Այստեղ էլ, Գագիկ Մինասյանի համոզմամբ, Չինաստանի շահերը համընկնում են Իրանի հետ:

Հայաստանի նախագահի Չինաստան կատարած այցի, ձեռք բերված պայմանավորվածությունների, հայ-չինական եւ հայ-իրանական հարաբերությունների մասին ՀՀԿ-ական պատգամավորի վերլուծությունները` տեսանյութում:

Իշխանական պատգամավորը չափազանց կարեւոր է համարում, որ մեր պետությունն անի քայլեր, որ ապացուցի մեր բոլոր հարեւաններին` որեւէ պետության հետ չունի առանձնահատուկ դիրքորոշում, որը թույլ չի տալիս այլ պետությունների հետ հարաբերությունները զարգացնել: Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունն, ըստ նրա՝ պետք է ի շահ Հայաստանի օգտագործվի: «Պետությունն իր արտաքին քաղաքականությամբ պետք է ցույց տա, որ այն հավասարակշռված հարաբերությունները, որոնք վարել ենք տարիներ շարունակ՝ պահպանվում են»,- ասաց նա:

Aravot.am-ի դիտարկմանը, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի անակնկալ որոշումը էականորեն ազդեց Հայաստանի`հուսալի գործընկեր լինելու վարկի վրա, Գագիկ Մինասյանն արձագանքեց. «Գտնվելով բավականին բարդ իրավիճակում, մենք գնացինք Արեւելյան գործընկերության առումով համագործակցության եւ տեւական ժամանակ վեց պետությունների մեջ առաջինն էինք: Սակայն, այդ ծրագրի շարժիչ ուժ հանդիսացող պետությունները չափազանց կոպիտ, սխալ եւ վնասակար դիրքորոշում որդեգրեցին, որի հետեւանքով Արեւելյան գործընկերությունը չկարողացան իրականացնել: Եվրոպան մեզ բազմիցս ասել է, որ եւ-եւ-ի քաղաքականությունը պետք է կարեւոր լինի, բայց իրենք էլ տապալեցին այդ քաղաքականությունը»:

ՀՀԿ-ական գործիչը չափազանց կարեւոր է համարում, որ հիմա ինքը` Եվրոպան, գնում է այն ճանապարհով, որը Հայաստանին մատնացույց էր անում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930