Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկածները ցրելու հեշտ ձեւը

Ապրիլ 10,2015 10:10

Կա շատ պարզ օրինաչափություն. հենց որ հարցազրույց է տալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, զուգահեռ ակտիվանում են մանր կուսակցությունների ղեկավարները եւ քաղաքագետները, որոնք համակրում են այդ գործչին, բայց չեն ուզում դա խոստովանել: Ակտիվացման եւ համակրանքի մեջ, իհարկե, ոչ մի վատ բան չկա: Միայն թե ցանկալի է, որ այդ դրսեւորումները լինեն բացահայտ, որպեսզի պարզ լինի, թե ով եւ ինչի համար է խոսում:

Ակնհայտ է, որ քոչարյանական (կամ ավելի մեղմ ասենք՝ «ենթադրաբար քոչարյանական») փորձագետների եւ քաղաքագետների խոսքը հաճախ ամենեւին գիտական չէ, այն զուտ քարոզչական է, եւ չգիտես՝ այդ մարդիկ խոսում կամ գրում են իրե՞նց անունից, պայքարում են իրե՞նց «գիտական ճշմարտությունների» համար, թե՞ հնչեցնում են Քոչարյանի մտքերը եւ պայքարում են Քոչարյանի վերադարձի համար:

Այդ բոլոր կասկածները ցրելու եղանակը շատ պարզ է: Երկրորդ նախագահը ստեղծում է իր կուսակցությունը, դառնում է դրա առաջնորդը եւ ընդգրկում է հիշյալ կուսակցությունների ներկայացուցիչներին ու համակիր փորձագետներին այդ քաղաքական ուժի կազմում: Դրա բոլոր նյութական հնարավորությունները Ռոբերտ Քոչարյանն ունի՝ ձեռքը, բարեբախտաբար, «քարի տակ չի»: Այդ կուսակցությունը թող մասնակցի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ ընտրարշավի ժամանակ եւս մեկ անգամ պատմի, թե ինչպիսի դրախտում էինք մենք ապրում Քոչարյանի օրոք, եւ ինչպիսի բարեկեցություն, արդարություն եւ մենաշնորհների բացակայություն է լինելու, եթե երկրորդ նախագահը վերադառնա իշխանության: Եթե այդ կուսակցությունը հաղթի ընտրություններում, ապա ինքնին օրակարգից դուրս կգա «սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվելու» հարցը, որի վերաբերյալ այսօր տրտունջներ են լսվում, ճիշտ է՝ ոչ այնքան բարձրաձայն, քան առաջ: Եթե իրավիճակն այդ սցենարով զարգանա, խորհրդարանական համակարգի դեպքում քոչարյանականները Ազգային ժողովում կունենան մեծամասնություն, եւ վարչապետ կդառնա կա՛մ անձամբ երկրորդ նախագահը, կա՛մ «նրա լիազորված անձը»: Իսկ նախագահական համակարգի պահպանման պարագայում Քոչարյանը կրկին նախագահ կդառնա:

Դժվար թե ես ձայն տամ այդ՝ ենթադրյալ կուսակցությանը, բայց անկեղծորեն կողմ կլինեմ դրա ստեղծմանը, որովհետեւ դա հստակություն կմտցնի քաղաքական դաշտում եւ ավելի հետաքրքիր կդարձնի ընտրապայքարը: Մի բան էլ անպայման ավելացնեմ. եթե փաստեր կան Քոչարյանի անօրինական գործունեության մասին, ապա, հարգելի իշխանություններ, դատեք նրան Հայաստանի օրենքների համաձայն: Եթե չկան, մի՛ ակնարկեք դրանց մասին քաղաքական բանավեճի ժամանակ:

Նույնը, ի դեպ, կարող եմ ասել Հիմնադիր խորհրդարանի մասին՝ քաղաքական գործունեությունը պետք է սահմանափակվի միայն եւ միայն օրենքով: Եթե ինձ դուր չի գալիս այս կամ այն քաղաքական ուժը եւ դրա գործելաոճը, դա դեռ հիմք չէ դրա ներկայացուցիչներին ձերբակալելու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930