Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

Ապրիլ 10,2015 10:06

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քառասուներեքերորդ

ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

Վերստին կյանքը շարունակվում է, եւ քանի որ մայաների բայղուշությունն իրականություն չդարձավ, Հայաստանը վերստին նախընտրական թոհուբոհի մեջ ներգրավվեց, եւ Ծառուկյանից հետո Տեր-Պետրոսյանն էլ մտածեց ու հասկացավ, որ նախագահի պաշտոնը ոչ էնքան իրեն է հարկավոր, ինչքան՝ իր կողքիններին, եւ հիմա վերստին  նախագահի թեկնածուն Հայրիկյանն է, ինչպես նաեւ՝ Րաֆֆին, ինչպես նաեւ՝ Բագրատյանը, ինչպես նաեւ՝ Մկրտչյան Նարինեն, ինչպես նաեւ՝ Արման Մելիքյանը, ինչպես նաեւ՝ էպոսագետը, եւ չնայած էպոսագետի հաղթանակն առասպելի ժանրից է, հիմա, կարծում եմ, էպոսագետն էլ է էս ընթացքից գոհ, որովհետեւ  եթե մայաների չարագուշակությունը տեղի ունենար, իր թեկնածությունը չէին էլ հասցնի գրանցել, մինչդեռ էս պահին ինքը նախագահի լիարժեք ու լիիրավ թեկնածու է, ընդ որում՝ հավիտյանս  հավիտենից, եւ մինչ էս բաները գրում եմ, երկու ուրիշներ էլ նախագահի թեկնածու գրանցվեցին՝ մեկը մասնավոր ռադիոյի սեփականատեր, մյուսը՝ կարատեիստ, եւ մինչ էս բաները գրում եմ, Հայոց աշխարհում արդեն 2012-ի դեկտեմբերի երեսունմեկն է, այսինքն՝ սույն թվականի ամենավերջին օրը, եւ չնայած տարին ավարտվում է, նախագահի թեկնածուների գրանցումը կշարունակվի մինչեւ  գալիք տարվա հունվարի չորսը, եւ մարդկանց ամանորյա ախորժակին նայելով՝ ենթադում եմ, որ մինչեւ հունվարի չորսը լիքը ուրիշ նախագահի թեկնածուներ էլ կհայտնվեն, չնայած մեր փոքր երկրի համար էս եղածներն էլ  ահագին են, եւ մոռացա ասել, որ թկնածուներից երկուսին էլ ընտրական հանձնաժողովը չի գրանցել՝ նախկին դաշնակցական Աղասարյանին եւ հայ-հնդկական ամսագրի երկրապահ կամավորական խմբագիր Սարգսյան Մարտիկին, առաջինին՝ վերջին տարիներին Հայաստանում չբնակվելու պատճառով, երկրորդին՝ առավել անհասկանալի պատճառաբանությամբ, եւ չնայած բարեհաջող գրանցվածներն արդեն թվով տասնմեկն են, ես ընդամենը յոթին հիշեցի ու նշեցի, որովհետեւ մյուսներին ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, եւ դա նշանակում է, որ մյուսներն առավել անհիշելի ու անարժան են, բացառությամբ, իհարկե, գործող  նախագահի, որը, շատերի կարծիքով, ոչ թե նախագահի թեկնածու է, այլ՝ արդեն նախագահ, եւ, փաստորեն, մյուսները պատվավոր երկրորդ տեղի համար են պայքարելու, եթե, իհարկե, մինչեւ հունվարի չորսը անկանխատեսելի ազդեցիկներ չհայտնվեն, եւ չնայած ամենաազդեցիկներից Ծառուկյանն ու առաջին նախագահն արդեն իրենց խաղից դուրս են հայտարարել, իմ հաշվարկներով կա մեկը, որը դեռեւս կարող է առաջադրվել եւ միանգամայն լուրջ տհաճություններ պատճառել երրորդ նախագահին, եւ այդ մեկը երկրորդն է, այսինքն՝ Քոչարյանը, որն ամեն վայրկյան կարող է առաջադրվել, եթե, իհարկե, Պուտինի դաբրոն ունենա, եւ եթե առաջիկա չորս օրերի ընթացքում Պուտինից դաբրո ստանա ու թեկնածությունը դնի, ընտրությունների արդյունքն անմիջապես հարցականի տակ կընկնի, եւ չնայած Նիկոլն էս անգամ շանսեր չունի, առաջադրվելու դեպքում Նիկոլն էլ կարող է լուրջ տհաճություններ պատճառել երրորդին, բայց, էս ամենով հանդերձ, բոլորն էլ, չգիտես ինչու, համոզված են, որ Քոչարյանն ու Նիկոլն իրենց թեկնածությունները չեն դնի, բայց ես ոչինչ չեմ բացառում, մանավանդ որ՝ առաջադրվելու վերջնաժամկետին ամբողջ չորս օր կա, եւ էս չորս օրերի ընթացքում շատ ջրեր կարող են հոսել, եւ էս չորս օրերի ընթացքում հնարավոր է՝ Պուտինը միանգամայն հանկարծակի ու անսպասելի դաբրո տա Քոչարյանին, եւ չնայած քաղաքականության մեջ արդեն ամեն ինչի հավատում եմ, էս գրելուս ընթացքում Քոչարյանի առումով հավատս գնալով պակասեց, որովհետեւ, հիմա արդեն մտածում եմ, որ եթե Պուտինը Քոչարյանին դաբրո տալու լիներ, դժվար թե էսքան ուշացներ, եւ Նիկոլի առումով էլ եմ արդեն լրջորեն կասկածում, որովհետեւ էս գրելուս ընթացքում մտածելով հասկացա, որ Նիկոլն իրեն ոչ թե էս, այլ հաջորդ ընտրությունների համար է նախապատրաստում, մանավանդ որ՝ իրենց ՀԱԿ-ի ներսում էլ Նիկոլի  առաջադրվելուն առանձնապես տրամադրված չեն, եւ Լեւոնի չառաջադրվելուց հետո ՀԱԿ-ն արդեն հայտարարել է, որ արդեն առաջադրված Բագրատյանին էլ չեն պաշտպանելու. այսինքն, քաղաքական դաշտում ամեն ինչ խառնված է իրար, եւ ես, որ ժամանակին քաղաքական ու ներքաղաքական  միանգամայն հաջող կանխագուշակություններ էի անում, հիմա դժվարանում եմ, պատկերացնել թե՝  ներքաղաքական իրադարձություններն առաջիկայում ինչպես եւ ինչ ուղղությամբ են ընթանալու, եւ չնայած քիչ առաջ ենթադրեցի թե՝ տոներից հետո Քոչարյանն ու Նիկոլն էլ կինքնաառաջադրվեն, հիմա ավելի լրջորեն ու ավելի խորը մտածելով՝ սկսում եմ ենթադրել, որ երկուսն էլ ժամանակավորապես կինքնազսպվեն ու կփորձեն համբերությամբ  սպասել նախագահական հաջորդ ընտրություններին:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել