Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն կամաց-կամաց վերածվում է ՀՀԿ-2-ի»

Ապրիլ 10,2015 15:30

Ռոբերտ Քոչարյանը փրկում է իր իմիջը

«ԲՀԿ-ի կազմաքանդումն, իհարկե, թեթեւացրեց իշխանությունների կյանքը, դրանով հանդերձ՝ ուժեղացրեց երկրում առկա քաղաքական մենաշնորհը՝ մնացած բոլոր խնդիրները թողնելով ինչպես որ կային կամ էլ ավելի խորացնելով դրանք»,- երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ոչ պաշտոնական կայքին տված հարցազրույցում այսպիսի կարծիք էր հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ճակատագրի վերաբերյալ: Չուշացավ նաեւ ԲՀԿ-ից արձագանքը: Կուսակցության խոսնակ Վահան Բաբայանը հակադարձեց, թե «վերջին իրադարձություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար բավականին բարդ ու լարված փուլ էր, սակայն կուսակցությունը կարողացավ համախմբել իր ողջ առողջ ներուժը, իր քաղաքական պոտենցիալն ու ինչպես եղել, այսօր էլ կա երկրի հիմնական քաղաքական դերակատարներից մեկը»:

Armen_Badalyan

«Առավոտի» հետ զրույցում քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, ըստ էության, համաձայնելով Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նշեց. «ԲՀԿ-ն, այո, կազմաքանդվել է, քանի որ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ լիդեր կուսակցություն էր, իսկ գաղափարախոսությունը Գագիկ Ծառուկյանի կերպարն էր՝ որպես հաջողված տնտեսվարող, որը պայքարում է եւ կարող է հաջողության հասնել: Երբ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԲՀԿ-ից, այն կորցրեց իր գաղափարախոսությունը եւ մինչեւ հիմա իր նոր գաղափարախոսությունը չի ստեղծել, այն քաղաքական դաշտում չի դիրքավորվել»: Մեր այն հակադարձմանը, թե ԲՀԿ-ն հայտարարեց, որ ընդդիմություն է, Արմեն Բադալյանն արձագանքեց. «Դա կուսակցությունների քաղաքական կարգավիճակն է պետական կառավարման համակարգում: Իսկ ես խոսում եմ կուսակցության իմիջի մասին: ԲՀԿ-ն այժմ չունի իմիջ, ավելի ու ավելի են նկատելի դառնում, որ նա վերածվում է ՀՀԿ-2-ի, այլ ոչ թե ԲՀԿ-2-ի: Դե ֆակտո նա ԲՀԿ-2 է, իսկ ըստ էության՝ նա արդեն կամաց-կամաց ՀՀԿ-2-ի է վերածվում: Կուսակցության հետ նման ձեւափոխություն է տեղի ունենում»:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետը կարծում է, որ այս ձեւափոխությամբ մենիշխանությունն ավելի ուժեղացավ, քանի որ եթե կար դե յուրե ոչ իշխանական ուժ, որն ուներ քաղաքապետեր, համայնքի ղեկավարներ, ապա շատերը դուրս եկան ԲՀԿ-ից: Արմեն Բադալյանը նշում է. «ԲՀԿ-ն այլեւս այն ազդեցությունը չունի, ինչ առաջ էր»: Իսկ այն, որ որոշ գործիչներ դուրս չեկան ԲՀԿ-ից՝ ՀՀԿ-ի որոշումն էր, քանի որ «ՀՀԿ-ն կազմաքանդեց ԲՀԿ-ն այն աստիճան, ինչ իրեն պետք էր»:

Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը խույս է տալիս ԲՀԿ-ից, դրա հավաստումն է այն, որ նա հերքում է, թե ստվերային պայմանավորվածություն է ունեցել ԲՀԿ-ի հետ: Արմեն Բադալյանն այս առիթով նկատեց. «Չենք կարող ասել՝ ունեցե՞լ է ստվերային կապեր, թե՞ ոչ: Դա ընդամենը տեսակետ էր»: Մյուս կողմից՝ պարոն Բադալյանը կարծիք է հայտնում, թե «Ռոբերտ Քոչարյանը չի ուզում պարտվող ուժի հետ կապ ունենալ», ու մանրամասնում է. «ԲՀԿ-ն պարտվող ուժի իմիջ ունի, բնականաբար՝ երկրորդ նախագահը, եթե անգամ կապեր էլ ունենար ԲՀԿ-ի հետ, կցանկանար ցույց տալ, որ դրանք չկան, քանի որ չէր ցանկանա, որ պարտված ուժի իմիջը տեղափոխվեր իր վրա: Եթե դու նույնականացվում ես պարտվող ուժի հետ, դու ինքդ նույնպես պարտվող ես համարվում: Ուստի Ռոբերտ Քոչարյանը կցանկանա ցույց տալ, որ ինքը չի պարտվել, ինքը նույնն է մնացել, պարտվել է ԲՀԿ-ն. իր փրկության խնդիրն է»:

Հարցին՝ արդյոք դա չի՞ վկայում այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ վերադառնալու է քաղաքականություն, պարոն Բադալյանն այսպես պատասխանեց. «Այստեղ իմիջը ընդհանրապես կապ չունի, քանի որ ՀՀ-ում վաղուց հասարակությունը չի ձեւավորում իշխանություն, իսկ իմիջը ձեւավորում են հասարակությանը դուր գալու համար»: Արմեն Բադալյանի կարծիքով՝ իշխանության կարելի է վերադառնալ երկու ճանապարհով. ոչ սահմանադրական, ինչին չի գնա Քոչարյանը, կամ սահմանադրական, որը չի աշխատում: Ամփոփելով՝ պարոն Բադալյանն ասաց. «Եթե հասարակությունը չի ձեւավորում երկրի իշխանությունը, ապա դա ձեւավորում են աշխարհաքաղաքական կենտրոնները: Արդյոք Մոսկվան կցանկանա՞, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա իշխանության՝ դա ցույց կտա ապագան»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930