Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն ու իր ժառանգությունը

Ապրիլ 10,2015 15:00

Պաշտոնը ստանձնելիս նա խոստացել էր ստվերի կրճատում,
հավասար պայմաններ գործարարների համար

«Հովիկ Աբրահամյանին եւ նրա կառավարությանը շատ ծանր ժամանակ բաժին հասավ»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը: Ապրիլի 13-ին, հիշեցնենք, լրանում է վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին: Վարչապետի պաշտոնը ստանձնելիս նա խոստացել էր ստվերի կրճատում, հավասար պայմաններ գործարարների համար: Ի՞նչ կարելի է արձանագրել այսօր, վարչապետի ո՞ր խոստումներն են կատարվել` հարցրինք ՀՀԿ խմբակցության պատգամավորին: Անցած մեկ տարին մեր զրուցակիցը Հայաստանի տնտեսության համար համարում է «շատ բարդ» շրջան. «Հովիկ Աբրահամյանը մի քիչ լավ վիճակում չստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը: Մեկ տարվա ընթացքում, համենայնդեպս, կա, ես տեսնում եմ ձգտումը, որ բարեփոխումներ անեն, բարելավումներ անեն երկրի տնտեսության մեջ եւ ընդհանրապես: Օրինակ՝ նույն շրջանառության հարկի հետ կապված, մի քիչ դժվար, բայց, այնուամենայնիվ, մենք կարողացանք գտնել այնպիսի լուծում, որը բավարարի մեր տնտեսվարողներին: Հիմնականում աշխատում են, այնպես չի, որ… ճանապարհներ են փնտրում, ֆինանսավորում են փնտրում: Ցավոք, կապված ՌԴ-ի հետ՝ Հայաստան եկող տրանսֆերտները նվազեցին, ու մեր տնտեսությունը շատ ծանր վիճակի մեջ հայտնվեց: Հիմա շատ դժվար վիճակում է մեր տնտեսությունը: Հովիկ Աբրահամյանն ու կառավարությունն էլ ոչ նախանձելի վիճակում են»:

Վերջին շրջանում մամուլում հրապարակումներ եղան, որ ստեղծված բարդ քաղաքական եւ տնտեսական իրավիճակում իշխանությունը պահելու համար նախագահը «զոհ» կմատուցի Հովիկ Աբրահամյանին: Տեսնո՞ւմ է դրա նախադրյալները՝ մեր հարցերին Գարեգին Նուշիկյանն ասաց. «Ինչի՞ համար պիտի զոհ տա: Չեմ կարծում, որ նման խնդիր կա, որ նման կերպ հարցեր լուծելու խնդիր կա»: Ապա հավելեց. «Եթե կառավարությունը տապալվի իր ծրագրերում, բնականաբար, կառավարությունը պետք է փոխվի, ինչպես նախորդը: Ոչ ոք հավերժ չէ: Այստեղ զոհի կամ այլ խնդիր չկա: Հովիկ Աբրահամյանի կառավարությունն այսօր ունի իր ծրագրերն իրագործելու հնարավորություններ, ուղղակի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ շատ հանգամանքներից ելնելով՝ այդ առաջընթացը շատ դժվար է»:

Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության երեք ամիսների ընթացքում մեր երկրի տնտեսությունը խոստացված առաջընթացի փոխարեն՝ նահանջներ է գրանցում: Այսօր կարելի՞ է արձանագրել, որ այդ որոշումը ոչ թե տնտեսական էր, այլ քաղաքական, որը դեռ մի բան էլ վնասեց Հայաստանի տնտեսությանը` «Առավոտի» հարցադրման հետ Գարեգին Նուշիկյանը չհամաձայնեց: «Այսօրվա վիճակը բացարձակապես կապ չունի ԵՏՄ անդամ լինել-չլինելու հետ: Դա ընդհանուր առմամբ ՌԴ-ի տնտեսական վիճակի հետ է կապված` Արեւմուտքի պատժամիջոցների, ռուբլի-դոլար հարաբերակցության»,- ասաց նա: Ռուսաստանցի մասնագետները Հայաստանում էլ հայտարարեցին, որ առաջիկա 3-5 տարիների կտրվածքով այս իրավիճակը պահպանվելու է: ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք` ստացվում է` այդքան ժամանակ դեռ վա՞տ ենք ապրելու: Գարեգին Նուշիկյանը հարցին ըստ էության չպատասխանեց, փոխարենը մանրամասնեց. «ԵՏՄ-ում լինելն ինչո՞վ է մեզ նպաստել` որոշակի թղթաբանությունն ավելի հեշտացրել է, ոչ ավելին: Երբ վերլուծում ենք մեր ապրանքի ինքնարժեքն ու ռուբլի-դոլար հարաբերակցությունը, խնդիրն այդտեղ է: Բայց ՌԴ-ի վիճակը կարծես կարգավորվում է, ռուբլին ամրապնդում է իր դիրքերը»:

Գործարար պատգամավորը դրական է գնահատում նաեւ Իրանի շուրջ ձեռք բերված համաշխարհային համաձայնությունը. «Բնականաբար, մեզ վրա դրական ազդեցություն կունենա` Իրանին անմիջական հարեւան ենք, եւ էներգետիկայի, վառելիքի, գազի, բեռնափոխադրումների ոլորտում մեր առջեւ լայն հնարավորություններ են բացվում: Հուսանք, որ այդ հնարավորություններից կարողանալու ենք օգտվել»:
Իշխանական սեփականատեր-պատգամավորը նորմալ է վերաբերվում, որ հարկային ստուգումներ են իրականացվել ՀՀԿ-ական պատգամավորներին պատկանող սեփականություններում: Խոսքը «Հրազդան» տոնավաճառի եւ «Կիլիկիա» գարեջրի գործարաններում իրականացված ստուգումների մասին է: «Բոլոր կազմակերպություններն էլ երբեմն-երբեմն ստուգում են: Նորմալ է, եթե ստուգումներն օբյեկտիվ են»,- ասաց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է տուգանքներին, Գարեգին Նուշիկյանն ասաց. «Եթե հարկային մարմինները ակտ են գրում, չի նշանակում, որ օրինախախտություն է եղել, կամ տվյալ կազմակերպությունը հարկեր է թաքցրել, կամ միտումնավոր բաներ է արել:

Դա կարող է լինել սխալ հաշվարկի, բացթողնման հետեւանք: Այդ կազմակերպությունների գործերը դատարանում են, դատարանը կպարզի»: Հիշեցնենք. «Հրազդան» տոնավաճառում 60 միլիոնի տուգանք է գրվել, «Կիլիկիա» գործարանում` 1,5 միլիոն դոլարի: Տուգանքների չափը գործարարները վիճարկում են դատարանում: Ի դեպ, Գարեգին Նուշիկյանի սեփականություն հանդիսացող հիմնարկներում էլ անցած տարի են ստուգումներ եղել: Հետաքրքրվեցինք` գո՞հ է հարկային մարմինների աշխատանքից, քանի որ քիչ չեն գործարարական շրջանակներից հնչող դժգոհությունները հարկային մարմինների կամայական գործունեության վերաբերյալ: «Ես էլ եմ լսել նման բաների մասին: Հարկայինի սուբյեկտիվ մոտեցումների մասին ինքս էլ եմ լսել: Ուղղակի ինչքան բյուջեի վիճակը դժվարանում է, այնքան քայլերը խստացնում են, որպեսզի հնարավորինս շատ գումար բյուջե մուտքագրեն: Բայց մեր խմբակցությունն էլ, տնտեսական հանձնաժողովն էլ ասել են, իմ կարծիքն էլ դա է, որ բյուջեն չպետք է գերնպատակ դարձնել եւ զուտ բյուջե լցնելու համար գնալ կոշտ քայլերի: Կարծում եմ, որ հարկային մարմինների ղեկավարությունը դրա մասին պետք է լուրջ մտածի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930