Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա դուք ո՞ր բեւեռից եք

Ապրիլ 10,2015 14:30

Մեծ էր զարմանքս, երբ իմացա, որ անցյալ տարի մայիսին մարզական աշխարհին շուրջ 40 տարի անձնվիրաբար ծառայելուց հետո, քաղծառայող հանդիսացող Սամսոն Հակոբյանն ազատվել էր աշխատանքից՝ իր դիմումի համաձայն եւ մինչեւ օրս գործազուրկ է:

Բոլորին էլ քաջ հայտնի է, որ անձը, ում ընտանիքի ապրուստի միակ միջոցը պետական աշխատանքն է, հազիվ գնա նման քայլի: Գաղտնիք չէ, որ այսօր աշխատանքը կորցնելը համարժեք է մարդու ապրելու իրավունքը խլելուն: Պարզ է, պարտադրել են, ինչպես որ անում են ամենուրեք յուրայիններին տեղավորելու հրամայականով:
Իսկ ինչո՞վ յուրային չէր Սամսոն Հակոբյանը, ում կյանքի ուղին անբաժան է եղել մարզաշխարհից: «Արարատ» ֆուտբոլային ակումբի փոխարինող կազմի ֆուտբոլիստ է եղել:

Ավարտել է Երեւանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, ժամանակին եղել է Օրջոնիկիձեի շրջանի սպորտկոմիտեի նախագահի տեղակալը, Էրեբունու թիվ 1 մարզադպրոցի մեթոդիստն ու շուրջ 15 տարի նույն դպրոցի տնօրենը: 2001թ. աշխատել է Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեում, որի բազայի վրա 2007 թվականին հիմնադրվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Սամսոնին վստահվել էր «Մանկապատանեկան սպորտի զարգացման» բաժնի պետի աշխատանքը: Նա համակարգում էր նախարարության ենթակայության տակ գտնվող 25 մարզադպրոցների, ինչպես նաեւ հանրապետական նշանակության այլ մարզադպրոցների աշխատանքները: Սամսոնը ժամանակ առ ժամանակ վարել է նաեւ վարչության պետի պաշտոնը, աշխատել է 6 նախարարի հետ, նախորդած 5 նախարարն էլ բարձր են գնահատել նրա աշխատանքը եւ բազմիցս պարգեւատրել են շնորհակալագրերով եւ արժանացրել «ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատողի» մեդալի: Ի դեպ, նախորդ նախարար Յուրի Վարդանյանը կադրային «ջարդ» չսարքեց նախարարությունում, ավելին՝ նա շարունակեց աշխատել հին աշխատողների հետ, որոնց մի մասին հետո եկածներն ազատեցին՝ ասելով, թե դուք նրանց հետ եք աշխատել: Այսպիսին են նորօրյա բարքերը: Ինչեւէ:

Սամսոն Հակոբյանին մարզական լրագրողներս հաճախ էինք հանդիպում գիշերվա ուշ ժամերին օդանավակայանում՝ հաջողություն գրանցած մեր մարզիկներին դիմավորելիս, իսկ հաջորդ օրն առանց ուշացման նա գործատեղում էր: Այո, Ս. Հակոբյանն իր աշխատանքային պարտականություններից զատ, սիրով կատարում էր բոլոր հանձնարարությունները՝ գործից դուրս՝ հանգստի հաշվին, հաճախ էլ հանգստյան օրերին՝ ՀՀ տարբեր մարզերում կազմակերպված մրցաշարերին հետեւելու համար անտրտունջ օգտագործում էր իր անձնական օգտագործման մեքենան:

Գործազուրկ է դարձել նաեւ Սամսոնի որդին, ով Հ. Շահինյանի անվան մարզադպրոցի փոխտնօրենն էր:

Ցավ է, որ նման նվիրյալները դառնում են որոշների, ովքեր վաստակ, ներդրում չունեն եւ երբեք էլ խոսք չեն ասել մարզաշխարհում, թիրախը:

«Ինձ անցյալ տարի մայիսին նորանշանակ նախարար Ղազարյան Գաբրիելը կանչեց եւ ասաց՝ մենք տարբեր բեւեռներում ենք, միասին չենք աշխատի: Այդ երբվանի՞ց է Ղազարյան Գաբրիելը դեմք դարձել, որ մարդկանց բեւեռների է բաժանում, ի տարբերություն նրա, իմ ճանապարհը ես եմ հարթել, ինձ պաշտոնի են նշանակել՝ հաշվի առնելով իմ մասնագիտական կարողությունները, գիտելիքներն ու փորձը. երբեք որեւէ կուսակցություն ինձ համար տրամպլին չի եղել»,- ասաց վաստակաշատ աշխատողն ու հավելեց իր ընկերոջ, դրամատուրգ Լեւոն Մարգարյանի միտքը՝ առյուծները ոհմակ չեն կազմում, արծիվներն էլ՝ երամ: Հարցս՝ թե ինչո՞ւ Հակոբյանը չի դիմել քաղծառայության խորհրդին, այդպես էլ չկարողացա տալ Ս. Հակոբյանին, նա անջատել էր հեռախոսը: Եթե մեզանում տեւական հաջողություններ են գրանցվում մի շարք մարզաձեւերում՝ ծանրամարտ, ըմբշամարտ, շախմատ, սամբո, ձյուդո, ատլետիկա, մարմնամարզություն, ապա նույնը չի կարելի ասել Ձեր ղեկավարած լողի եւ թենիսի ֆեդերացիաների մասին: Հետաքրքիր է, Ձեր ո՞ր արժանիքի համար հայտնվեցիք այդ աթոռին, երբ թե՛ մարզական կարիերայում եւ թե՛ ղեկավարած ֆեդերացիաներում ոչ մի հաջողություն չեք գրանցել: Որքան էլ փնտրեցինք հայկական բասկետբոլի պատմության մեջ, Ձեր անցած ուղու հետքեր էլ չգտանք:

Շուրջ մեկ տարի է՝ Դուք նախարար եք, ի՞նչ շոշափելի աշխատանք եք իրականացրել, որ չեն արել Ձեր նախորդները: Բյուջետային սուղ միջոցները միշտ էլ անբավարար են սպորտի զարգացման ծրագրերի լիարժեք իրագործման համար, եթե ԲՀԿ-ն չաջակցի, Դուք ի զորո՞ւ եք հովանավորներ գտնել այդ նպատակի համար, այն դեպքում, երբ երկու ֆեդերացիայի խնդիրները չեք կարողացել լուծել, ավելին՝ ժամանակին ասում էիք, թե լողավազանների հատակները լիցք են անում՝ խորությունը փոքրացնելու համար եւ դրանով բացառում աշտարակացատկի զարգացումը: Փոխանակ խելացի մասագետներին համախմբեք եւ ծառացած խնդիրները լուծեք, Դուք փորձում եք նրանցից ազատվել, ինչը չի բխում մեզանում սպորտի զարգացման շահերից: Վատ եք կառավարում, պրն Ղազարյան: Պարզաբանենք՝ անկուսակցական Սամսոն Հակոբյանը ոչ մի բեւեռում էլ չի եղել, նա իրականացնում էր սպորտի պետական քաղաքականությունը, որը մշակում է իշխող՝ Հանրապետական կուսակցությունը, գուցե վերջի՞նս է Ղազարյանի փնտրած բեւեռը: Այժմ, երբ անդառնալի սկսված է առնետավազքը ԲՀԿ-ից, հիմա դուք ո՞ր բեւեռից եք:

Ս. ԴԱՆԻԵԼ
Մարզական մեկնաբան

Հ.Գ.- Ս.Հակոբյանը միակը չէ, որ կորցրել է աշխատանքը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գ. Ղազարյանի իրականացրած կադրային ջարդին, որը նաեւ դատական ատյաններում է պատրաստվում քննության առնվել, առավել մանրամասը կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ:

«Առավոտ» օրաթերթ
09.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930