Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանի երաժշտական փառատոնի գումարները յուրացրել էր

Ապրիլ 10,2015 14:00

Ամբաստանյալ Նաիրա Բադալյանը 2012թ. սկսած՝ մասնավոր կիթառ է դասավանդել շուրջ երեսուն աշակերտի։

2014թ. մայիսին Երեւանի քաղաքապետարանի «Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սերգեյ Մարգարյանից տեղեկանալով, որ Ֆիլհարմոնիայի վարչակազմը ուղեւորություն է կազմակերպում Հունաստան՝ այնտեղ 2014թ. հուլիսին կայանալիք երաժշտական փառատոնին մասնակցելու համար, նախապես մտադրվել է այդ առիթն օգտագործելով՝ իր մոտ կիթառի դասընթացների հաճախող անձանցից գումարներ հափշտակել։

Ըստ Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում ավարտված դատաքննության, ամբաստանյալ Ն. Բադալյանը, չարաշահելով տուժողներ Սոֆյա Մովսիսյանի, Անուշ Սարգսյանի, Գայանե Կանդայանի, Հասմիկ Պողոսյանի եւ նրա ամուսին Սարգիս Հացպանյանի վստահությունը, 2014թ. մայիսից հուլիս ամիսները Հունաստանում անցկացվելիք երաժշտական փառատոնին նրանց մասնակցությունն ապահովելու պատրվակով, խաբեությամբ, խոշոր չափի ընդհանուր գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ, Երեւանում նրանցից մաս-մաս ստացել է խոշոր չափի` 2.195.800 ՀՀ դրամին համարժեք 5.390 ԱՄՆ դոլար:

Տուժող Անուշ Սարգսյանից ստացել եւ խարդախությամբ հափշտակել էր 651.648 ՀՀ դրամին համարժեք 1.600 ԱՄՆ դոլար ընդհանուր գումար, Սոֆյա Մովսիսյանից` 325.824 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար ընդհանուր գումար, Գայանե Կանդայանից՝ 325.824 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար ընդհանուր գումար, Հասմիկ Պողոսյանից եւ Սարգիս Հացպանյանից ստացել է 892. 500 ՀՀ դրամին համարժեք 2.190 ԱՄՆ դոլար ընդհանուր գումար։

Ստացված գումարներն ամբաստանյալ Նաիրա Բադալյանն ամբողջությամբ տնօրինել է իր հայեցողությամբ։

Նաիրա Բադալյանը նախկինում դատված չի եղել, վատառողջ է, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տուժողներին պատճառված գույքային վնասը մասնակիորեն կամովին հատուցել է։

Տուժող եւ քաղաքացիական հայցվոր Անուշ Սարգսյանի կողմից 2015թ. մարտի 12-ին քաղաքացիական հայց է ներկայացվել ամբաստանյալ Նաիրա Բադալյանի դեմ, ըստ որի՝ Ա. Սարգսյանը պահանջել է ամբաստանյալից բռնագանձել 1.600 ԱՄՆ դոլարին համարժեք գումար` որպես հանցագործության հետեւանքով պատճառված վնասի հատուցում։

Սոֆյա Մովսիսյանը պահանջել էր իր 800 ԱՄՆ դոլարին համարժեք 325.000 ՀՀ դրամ գումարը: Գ. Կանդայանը նույնպես 800 ԱՄՆ դոլար գումար էր պահանջել՝ հայցով դիմելով դատարան:

Իսկ Հասմիկ Պողոսյանը եւ Սարգիս Հացպանյանը 2.190 ԱՄՆ դոլար են պահանջել, եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները։
Ի դեպ, դատարանում առկա 2015թ. ապրիլի 1-ի թիվ 5 անդորրագրի համաձայն՝ Նաիրա Բադալյանի կողմից 821. 000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել ՀՀ Կենտրոնական գանձապետարանի թիվ 900013298014 հաշվեհամարին` որպես տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում։

Դատարանը վճռել է Նաիրա Բադալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում եւ դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի`1.000.000 ՀՀ դրամ գումարի չափով։

Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Ամբաստանյալ Նաիրա Բադալյանի կողմից որպես տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում, ՀՀ Կենտրոնական գանձապետարանի թիվ 900013298014 հաշվեհամարին փոխանցված 821.000 ՀՀ դրամ գումարը բաշխել հետեւյալ կերպ:
Տուժողներ Անուշ Սարգսյանին` 244.000 ՀՀ դրամ, Սոֆյա Մովսիսյանին` 121.000 ՀՀ դրամ, Գայանե Կանդայանին` 121.000 ՀՀ դրամ, Հասմիկ Պողոսյանին եւ Սարգիս Հացպանյանին` 335. 000 ՀՀ դրամ։

Տուժողներ եւ քաղաքացիական հայցվորներ Անուշ Սարգսյանի, Սոֆյա Մովսիսյանի, Գայանե Կանդայանի, Հասմիկ Պողոսյանի եւ Սարգիս Հացպանյանի քաղաքացիական հայցերը բավարարել մասնակիորեն:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930