«Բլից-Մեդիա» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Դավթյանը՝ հայաստանյան չկայացած մամուլի շուկայի ու Pressinfo.am-ի հնարավորությունների մասին
Հայաստանում գործարկվել է տարածաշրջանում առաջին առցանց գրադարանը՝ Pressinfo.am-ը, որը ներկայացնում է «Բլից-Մեդիա» ՍՊԸ-ն: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Բլից-Մեդիա» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Դավթյանը (լուսանկարում), այսուհետ շուրջ 1500 հայկական եւ արտասահմանյան թերթեր, ինչպես նաեւ ամսագրեր ու գրքեր ընթերցողին կներկայացվեն առցանց՝ PDF տարբերակով: Մեր զրուցակցի խոսքով, կան թերթեր ու մասնավորապես հայերեն գրքեր, որոնց պահանջարկը մեծ է սփյուռքում: «Սփյուռքի հայկական համայնքներում գործող որոշ կիրակնօրյա դպրոցներ, որոնք դուրս են մնացել Սփյուռքի, մշակույթի կամ կրթության նախարարության ծրագրերից, մեծ պահանջարկ ունեն հայկական դասագրքերի, մանկական գրականության: Օրինակ, «Կրթություն» թերթը մեր առաջարկով է տեղադրվել Pressinfo.am-ում»,- ասում է Արմեն Դավթյանը:
Նրա պատմելով, նման կայք ունենալու գաղափարը ծնվել է մեկ տարի առաջ, ցանկացել են օրաթերթերը գնորդին ժամանակին հասցնել, նաեւ չընդհատել տպագիր թերթ ընթերցելու մշակույթը, այժմ ամեն ամիս 20-30 անուն թերթ եւ ամսագիր է ավելանում կայքում:
«Բլից-Մեդիա» ՍՊԸ-ի տնօրենը փաստում է, որ Հայաստանում այդպես էլ մամուլի շուկան չի կայանում, թերթերի 99%-ը զուտ երեւանյան է. «Տպագիր թերթը մինչեւ հասնում է Արցախ, Սյունիք, Մեղրի, երեկոյան 5-ը, 6-ն է լինում, իսկ դա արդեն հետաքրքիր չէ: Համայնքներ կան, որ ձմռանը ճանապարհները փակ լինելու պատճառով շաբաթներով թերթ չի մտնում, բայց մարդը սովոր է, չէ,՞ բացել թերթը: Մեր կայքի միջոցով նա կարող է գնել թերթը, օնլայն կարդալ, հետո այն կմնա իր գրադարանում: Իմիջիայլոց, անվճար գրականություն ու լիքը թերթեր եւ ամսագրեր էլ կան մեր կայքում: Իսկ որ ամենակարեւորն է, երբ որեւէ թերթի տպագիր տարբերակը PDF-ով դրվում է մեր կայքում, այնտեղ զետեղված գովազդը տեսնում է ողջ աշխարհը, պատկերացրեք, թե ի՜նչ գովազդային շուկա է բացվում»:
Մեր զրուցակիցը ժպտալով պատմեց, որ կայքի բացվելուց մեկ օր հետո՝ վաղ առավոտյան զանգ են ստացել Վրաստանից: Զանգահարողը ցանկացել է Pressinfo.am-ում տեղադրված ամսագրում գովազդ զետեղել, Արմեն Դավթյանը դժվարությամբ բացատրել է, որ գովազդատուն ուղղակի այդ ամսագրում պետք է գովազդ պատվիրի, իսկ ամսագիրն, այսպես թե այնպես, լինելու է իրենց կայքում:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը հայտնեց, որ Pressinfo.am-ի գրադարանում բոլոր առցանց պարբերականների գները մի քանի անգամ ավելի մատչելի են, քան կրպակներում վաճառվող թղթային տարբերակներինը: Դա հիմնականում վերաբերում է արտասահմանյան պարբերականներին, իսկ հայկական թերթերը պահպանել են իրենց գները: Ներկայումս Pressinfo.am կայքում սկսել են տեղադրվել ավելի շատ մանկական գրքեր, առաջիկայում կլինի նաեւ Հայոց ցեղասպանության թեմայով գրականություն, ընդ որում՝ ոչ միայն հայերեն: Շուտով Pressinfo.am-ում կարելի է հանդիպել Սփյուռքի եւ Արցախի թերթերին:
Մեզ հետ զրույցում Արմեն Դավթյանը որպես արտասահմանյան եւ հայկական պարբերականների առցանց գրադարանի ստեղծման ամենակարեւոր գործոն, կարեւորեց ռուսական հայտնի Pressa.ru կայքի ղեկավարության աջակցությունը:
«Բլից-Մեդիա» ՍՊԸ-ն բանակցություններ է վարում արտասահմանյան գործընկերների հետ եւ խոստանում է հայ ընթերցողին ներկայացնել միջազգային այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են The Times-ը, USA Today-ը, Le Figaro-ն, Financial Time-ը, Wall Street Journal-ը եւ այլն:
Ըստ մեր զրուցակցի, իրենց գնորդը 40-ից ցածր տարիքի է, որը ակտիվ է սոցցանցերում, հետեւաբար իրենք ամեն ինչ անում են վիրտուալ հարթակներում ներկայանալի եւ փնտրելի լինելու համար:
Նա փաստում է, որ հայաստանյան տպագրական շուկայում մի շարք սեգմենտներ բաց են՝ չկան կանանց համար, մանկական, երիտասարդական, ուսանողական ու քրեական աշխարհի մասին պատմող ամսագրեր, տնտեսական թեմաներով գրող թերթ: Ինչ վերաբերում է 12 օրաթերթերին, Արմեն Դավթյանի կարծիքով, դա Հայաստանի նման փոքր երկրի համար շատ մեծ թիվ է: Զուգահեռներ տանելով Ռուսաստանի հետ, «Բլից-Մեդիա» ՍՊԸ-ի տնօրենն ասում է, որ այնտեղ ընդամենը 5 հասարակական-քաղաքական օրաթերթ կա:
Արմեն Դավթյանը գտնում է, որ մանկական, ուսանողական եւ երիտասարդական թերթերը պետք է տպագրվեն պետության աջակցությամբ, եւ հենց այդ ամենի բացակայության պատճառով է, որ թերթը օտարացել է աշակերտին եւ ուսանողին:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.03.2015
“Ինչ վերաբերում է 12 օրաթերթերին, Արմեն Դավթյանի կարծիքով, դա Հայաստանի նման փոքր երկրի համար շատ մեծ թիվ է:”
Նախ այդ հարցում Ա. Դավթյանի կարծիքն ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Մի հատ ինտեռնետ խանութ է բացել (ասենք թերթ վաճառելու), դա նրան իրավունք չի տալիս որոշելու թե Հայաստանին ինչն է շատ, ինչն է քիչ: Թերթերի մեծ քանակն էլ մշակույթի բարձր մակարդակի, բազմակարծության հանարավորության մասին է խոսում: Մի բան ունենք դեռ, դա էլ գիր գրականությունն է, դա էր մնացել պակաս քննադատեն: Մի հատ խանութպանի համար նման գլոբալ հարցերի շուրջ դիտողություն անելը շատ չի?