Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական թատրոնները չպետք է զիջեն «մեծականին»

Ապրիլ 10,2015 13:00

Ցանկացած երկրի թատերական դաշտի կարեւորագույն գործոններից մեկը մանկական թատրոնների, մասնավորապես՝ տիկնիկային, գործունեության կազմակերպումն է: Յուրաքանչյուր կայուն, զարգացած ու քաղաքակիրթ երկրի թատերարվեստը «չափվում» է առաջին հերթին մանկական թատրոնների նշաձողի բարձրությամբ: Եվ ամենեւին էլ կարեւոր չէ՝ դրանք գործում են մայրաքաղաքո՞ւմ, թե՞ մարզում: Մեր հանրապետությունում, օրինակ, գործում են պետական կարգավիճակ ունեցող մարզային 3 տիկնիկային թատրոններ՝ Վանաձորում, Գյումրիում եւ Աբովյանում: Կան նաեւ ոչ պետական կարգավիճակ ունեցողներ, որոնք միանշանակ մայրաքաղաքի իրենց գործընկերների օգնության կարիքն ունեն, մանավանդ՝ տիկնիկային թատրոնը համարվում է կայացած, երբ դեկորների ու տիկնիկների պատրաստումը կատարվում է հենց թատրոնում:

«Առավոտի» հետ զրույցում Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց, որ իրենց թատրոնը ժամանակ առ ժամանակ մասնագիտական որոշակի օգնություններով եւ հյուրախաղերով մեկնում է մարզեր. «Վերջին երեք ամիսներին եղել ենք սահմանամերձ մարզերում, խաղացել ենք Մովսես եւ Խաչիկ գյուղերի երեխաների համար»: Պարոն Բաբայանը հայտնեց նաեւ, որ օրերս ինքը ծանոթացել է Գայանե Խաչատրյանի հետ, որը տիկնիկային թատրոն է հիմնել Ճամբարակում ու ցավով էլ հավելեց, որ դեռեւս որեւէ աջակցություն չունի այն:

Mankakan_tatron-2

Սպիտակի տիկնիկային թատրոնի կազմը:

Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փոքր սրահում ներկա գտնվեցինք Սպիտակ քաղաքի «Հեքիաթների աշխարհ» տիկնիկային ստուդիայի ներկայացրած «Կարմիր գլխարկին»: Զրուցեցինք ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արմենուհի Մելքոնյանի հետ: Պարզեցինք, որ ղեկավարը նաեւ տիկնիկագործ է, տիկնիկավար, դերձակ, կարճ ասած՝ զբաղվում է տիկնիկների պատրաստումից մինչեւ ստուդիայում ընդգրկված 4-16 տարեկան երեխաների կրթությամբ: Տասնամյա ստուդիայի ղեկավարը նշեց, որ պրոֆեսիոնալ օգնություն ժամանակին իրենց ցուցաբերել է Երեւանի տիկնիկային թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանը: Աջակցություն են ստացել Լոռու մարզպետարանից ու քաղաքապետարանից: «Հեքիաթների աշխարհ» տիկնիկային ստուդիան մասնակցել է նաեւ հանրապետական փառատոների եւ մրցույթների, պարգեւատրվել է «Թատերական Լոռի 2008», Հայաստանի թատերական գործիչների միության, Լոռու մարզպետարանի կողմից: Արմենուհի Մելքոնյանը հայտնեց նաեւ, որ ստուդիայի խաղացանկում են հանրահայտ հեքիաթները, այդ թվում՝ «Չարի վերջը», «Անբան Հուռին», «Անխելք մարդը», «Վախկոտ պարծենկոտը», «Բարեկենդանը»:

Հետաքրքրությանը՝ որեւէ օգնություն կամ աջակցություն ստանո՞ւմ են եւ մայրաքաղաքային թատրոնները հաճա՞խ են հանդես գալիս Սպիտակում, մեր զրուցակիցն ասաց. «Հաճախակի մեր քաղաքում հանդես են եկել Երեւանի կոմեդիայի թատրոնը, կրկեսի արտիստները, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը, կարճ ասած՝ Սպիտակի մշակութային կյանքից ընդհանրապես դժգոհելու առիթ չունեմ, բայց կցանկանայի ստուդիայիս երեխաներին հաճախակի այցելեր, ասենք՝ Երեւանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը՝ ոչ միայն ներկայացումներով: Հավատացնում եմ՝ հրաշալի սաներ ունենք ստուդիայում: Նախկին սաներիցս երեքն այսօր ուսանում են Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում: Նշեմ նաեւ՝ շուրջ մեկ ամիս առաջ հանդես եկանք Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ «Կարմիր գլխարկ» ներկայացմամբ, որը համեմված էր պարային համարներով: Նման հնարավորություն էր մեզ ընձեռել մշակույթի նախարարությունը»:
Արմենուհի Մելքոնյանը հավելեց նաեւ, որ Սպիտակում այսօր գործում են երաժշտական, նկարչական, սպորտդպրոցներ, բուռն գործունեություն է ծավալում մշակույթի պալատը. «Այնպես որ, սպիտակցի երեխաները հնարավորություն ունեն մշակութային իրենց նախասիրությունները բավարարել»:

Անդրադառնալով Կոմեդիայի թատրոնում սպիտակցի երեխաների խաղացած ներկայացմանը, նշենք, որ ավարտին փոքրիկ դերասաններին անակնկալ էր սպասվում: Ստուդիայի հիմնադրման 10-ամյակի առիթով պատվոգրի արժանացան Թատերական գործիչների միության եւ մշակույթի նախարարության կողմից, իսկ անվանի երգիչ Ռուբեն Մաթեւոսյանն էլ ողջունեց սպիտակցի իր հայրենակիցներին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Տեսարան «Կարմիր գլխարկը» ներկայացումից:

«Առավոտ» օրաթերթ
09.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930