Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը խոսեց օրերս Աթենքում անցկացված Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությունում բրոնզե մեդալ նվաճած 55 կգ քաշային Վահագն Հովսեփյանի, մեր թիմի ընդհանուր մասնակցության եւ ֆեդերացիայի առաջիկա անելիքների մասին:
Ասուլիսում, բնականաբար, չշրջանցվեց Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի թեման: Հարցին, թե ձյուդոիստները իրենց ցանկությա՞մբ են մեկնելու Ադրբեջան, թե՞ ՀԱՕԿ-ը որոշել է եւ նրանց ստիպում են, Դավիթ Խիթարյանը պատասխանեց. «Ինքս եղել եմ պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, հիմա էլ ֆեդերացիայում ղեկավար պաշտոն եմ զբաղեցնում ու չեմ կարող հիշել մի դեպք, ինչ մարզաձեւում էլ լինի, որ մարզիկին ստիպեն մրցման մեկնել: Նման բան չեմ պատկերացնում, նման բան հնարավոր չէ: Պարզապես, մեր մարզիկները Բաքվում պետք է հոգեբանորեն պատրաստ լինեն ամեն ինչի՝ սուլոցների, աղմուկ-աղաղակի եւ կարողանան տիրապետել իրենց, սադրանքների չենթարկվեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ