Նախօրեին բերման ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի տնից առգրավված երեք համակարգիչը քննչական կոմիտեի աշխատակիցները դեռ չեն վերադարձրել:
Կարո Եղնուկյանը Aravot.am-ին պատմեց, որ իրենից կոմիտեում վերցրել էին անձնագիրը, տան բանալիները, վարորդական վկայականը, գումար ու այլ թղթեր: Անձնական իրերը վերադարձնելու համար մի քանի անգամ դիմել է քննչական կոմիտե, բայց բյուրոկրատական քաշքշուկի մեջ է ընկել:
Նրա պատմելով, մինչեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ չի դիմել, քննչական կոմիտեից չեն կանչել իր անձնական իրերը վերադարձնելու. «Մեկ ժամ առաջ անձնական իրերս վերցրի, բայց ոչ համակարգիչներս»:
Անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամներին, որոնց նկատմամբ սկսել են մեղադրանքներ առաջադրել, պարոն Եղնուկյանն ասաց. «Այս իշխանությունների օրոք անկարելի է քաղբանտարկյալ չունենալ, որովհետեւ նրանք ամեն ինչ անում են, որ քաղբանտարկյալ լինի: Խախտում են բոլոր Հայաստանի օրենքները, Սահմանադրությունը»:
Մեր հարցին՝ ի վերջո իշխանություններին հաջողվե՞ց տապալել ապրիլի 24-ին նախատեսված երթերն ու բողոքի ակցիաները, պարոն Եղնուկյանն ասաց. «Հարյուրամյակն առանց այս ռեժիմի շարժումը տապալված չէ, մենք մեր գործողությունները շարունակում ենք: Ճիշտ է մեր գործն են դժվարացրել՝ վերցնելով «Սարդարապատի», «նախախորհրդարանի», «Հիմնադիր խորհրդարանի» անդամների համակարգիչները, միկրոֆոններ, բարձրախոսներ, րուպերներ, որոնք կապ չունեն անկարգություններ կազմակերպելու իրենց առաջադրած հոդվածների հետ, որովհետեւ ոչ մի զենք չեն առգրավել: Նրանց առաջադրած մեղադրանքները ապօրինի ու անհիմն են»:
Անդրադառնալով ձերբակալվածների՝ կալանքը որպես խափանման միջոց երկու ամսով կիրառելու որոշմանը, ասաց, որ նպատակ ունեն երկու ամիս փակի տակ պահեն. «Իշխանությունները երեւի հույս ունեն շարժման ղեկավարներին երկու ամսվա ընթացքում չեզոքացնեն, շարժումը կմարի: Բայց վստահեցնում եմ, որ այդպես չի լինի, որովհետեւ մեր շարքերը կլրացվեն, այնպես չէ, որ չէինք կանխատեսում սա, սրան էլ ենք պատրաստ: Ապրիլի 24-ին մենք կսկսենք մոբիլիզացիան, մեր խաղաղ, քաղաքացիական անհնազանդության ակցիաները սկսվելու են, դրա մեջ կասկած չկա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ