Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդ ձևանալով՝ նա մտավ ծերանոց և գրի առավ այն, ինչ իրեն պետք էր

Ապրիլ 09,2015 21:35

«Սվազլյան գերդաստանի հավատամքը». վավերագրական ֆիլմ՝ նվիրված 20-րդ դարի ընթացքում Սվազլյան գերդաստանի՝ միմյանց հաջորդած երեք սերունդների հայրենանպաստ գործունեությանը՝ ընդգրկելով հայ ժողովրդի համար բախտորոշ մի ժամանակաշրջան:

Ֆիլմն այսօր ցուցադրվեց Հայաստանի ազգային գրադարանում, որտեղ հյուրընկալվել էին նաև բանագետ, բանահավաք, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը և նրա դուստրը՝ պատմական գիտությունների թեկնածու Քնարիկ Ավագյանը:

Վավերագրական ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը Լաուրա Մինասյանն է:

Այստեղ հիշատակվում է նախ՝ արևմտահայ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, դիվանագետ, հրապարակախոս Միհրան Սվազլյանի (Սվազլ) գործունեության մասին:

Այնուհետև անդրադարձ է կատարվում եգիպտահայ անվանի թատերագիր, հրապարակախոս, երգիծանկարիչ, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի՝ Սփյուռքում ծավալած եռանդուն գործունեությանը՝ որպես Հայաստանի Օգնության կոմիտեի Ալեքսանդրիայի մասնաճյուղի և «Սևան» միության հիմնադիր նախագահ, Եգիպտահայ ազգային խորհրդի անդամ, ինչպես նաև «Ներգաղթը» (1936 թ.) թատերգության հեղինակ:

Եվ, վերջապես, որպես Սվազլյան գերդաստանի երրորդ սերնդի ներկայացուցիչ, հանդես է գալիս Վերժինե Սվազլյանը՝ իր ժողովրդագիտական վաստակով:

Ֆիլմում պատմվում է, թե ինչպես է նա 1955 թվականից գրառել, ձայնագրել, տեսագրել, ուսումնասիրել և հրատարակել պատմական Հայաստանի, Կիլիկիայի և Անատոլիայի հայաբնակ տեղավայրերից բռնի տարագրված, Հայաստանում և Սփյուռքում բնակություն հաստատած Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների հաղորդած ժողովրդական բանավոր ավանդության հազարավոր նշխարներ:

«1956 թվականին Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի հրավերով գնացի Թուրքիա՝ ինչ-որ գիտաժողովի մասնակցելու: Այդ ընթացքում Սրբազան Մութաֆյանի օգնությամբ կարողացա թափանցել «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցին կից ծերանոցը: Դա անելու համար պետք էր փոքրիկ խորամանկության դիմել, ու ես հիվանդ ձևացա, իբր թե վիրահատության կարիք ունեմ, որովհետև դռան մոտ միշտ կանգնած էր թուրք ոստիկանը, և եթե ամեն օր ես գայի-գնայի, կասկածի տեղիք կտայի: Այդպես, հիվանդ ձևանալով, ստիպված եղա երկու ժամից ավելի նարկոզ ընդունել, բայց, փոխարենը, հնարավորություն ունեցա սողոսկելու այն ծերանոցը, որտեղ դեռ ապրում էին ականատես վերապրողները, և գաղտնի կերպով նրանցից քառասուն հուշ դուրս հանեցի»,- պատմում է տիկին Սվազլյանը և հիշում դրանցից մեկը. «Ես հանդիպեցի 94-ամյա մի կնոջ, որի դեմքին կապույտ թանաքով դաջվածքներ կային:

Խնդրեցի նրան պատմել դրանց մասին, իսկ նա ծանր հոգոց հանեց. «Ա՜խ, այդ դաջվածքները… Դրանց պատճառով ես շատ տուժեցի կյանքում»: Կնոջը շատ խնդրեցի պատմել դրանց մասին: «Ոչ-ոչ, չեմ պատմի. վախենում եմ»,- սարսափեց կինը: Համոզեցի նրան ու տարա սենյակս: Այստեղ նա ինձ ստիպեց կողպել դուռը, պատուհանները, քաշել վարագույրները՝ ասելով, թե հիմա շները կգան, մեզ կացնով կսպանեն…

Սպանդից հետո շատ երկար ժամանակ էր անցել, բայց տարեց կնոջ մեջ դեռ մնացել էր այդ սարսափը, որովհետև նա տեսել էր, թե ինչպես են իր աչքերի առաջ սպանում հորն ու մորը, երբ ինքը ընդամենը չորս տարեկան էր»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930