Մինչ «Հիմնադիր խորհրդարանի» նախօրեին ձերբակալված անդամներից Գարեգին Չուգասզյանը հարցաքննվում է, քննչական կոմիտեի բակում հավաքվածներին կարճ ժամանակով միացավ նաեւ նրա եղբայրը՝ ԵՊՀ դասախոս Լեւոն Չուգասզյանը:
Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունների նման գործողությունները կանխատեսելի էին. «Բոլոր ձերբակալվածները ազգային նվիրյալներ են, որոնք իրենց գործով, իրենց ապրած կյանքով են ապացուցել, որ իրենց համար չկա ավելի կարեւոր բան քան իրենց երկրի ու ժողովրդի ապագան: Մեծ ռիսկերի են գնացել դրա համար: Չեն գնացել փողի, կեղծիքի կամ բարոյական կոմպրոմիսների հետեւից: Նրանք պարզապես չեն կարող հանգիստ նայել, թե ինչպես է երկիրը դատարկվում: Իշխանությունների քայլերը անսպասելի չէին, միթե այդքան միամիտ ենք, որ զարմանայինք: Տեսնում էինք, որ չեն ուզում երկխոսություն, տեսնում էինք՝ ժողովուրդն արհամարհված է, մտավորականությունն է արհամարհված: Իրենց ոտքերն են սրբում մտավորականների վրա, այդ էժան թղթերը՝ պատվոգրեր եւ այլն, որ բաժանում են, դրանցով չի լրացվում մարդու նկատմամբ ուշադրությունը, մարդու կյանքին արժեք չի տրվում»:
Նշենք, որ քիչ առաջ Գարեգին Չուգասզյանին նույնպես դատարան տեղափոխեցին, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Այս պահին քննչական կոմիտեում քննվում են Պավել Մանուկյանն ու Գեւորգ Սաֆարյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Մեր ժողովուրդը պիտի հպարտանա որ Լեվոնի, Գարեգինի նման մտավորակններ ունենք, որ ոչ թե մտահոգված են սեփական բարեկեցության մասին այլ իրենց հայրենակիցների, իրնց երկրի ապագաի մասին…Հույսով եմ մեր դեռ «կենդանի» մտավորականները եվ մեր ժողովուրդ կզորակցեն մեր իրական Խորհրդարանի հերոսներին, ինչպես որ այդ տեղի ունեցավ Սարդարապատի ճակատամարտի օրերին…